ArctX ծրագրային ՏՏ լուծումների միջազգային մատակարարն իր մեկամյա գործունեությունն է ամփոփում Հայաստանում։ Դեռևս 2020թ․-ին ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ռայան Քանգը որոշեց ընկերության կենտրոնական գրասենյակը Ավստրալիայից տեղափոխել Երևան։ Այդ որոշումն ամենևին էլ պատահական չէ․ Հայաստանում IT ոլորտի համար պայմանները բարենպաստ են՝ հայ մասնագետների որակով և արագ զարգացող ՏՏ ոլորտով պայմանավորված։
«Հայաստանում շատ են փորձառու և բարձր որակավորում ունեցող մասնագետները, որ նախկինում ֆրիլանս աշխատում էին մի շարք այլ միջազգային ընկերություններում։ ArctX-ը հնարավորություն է տալիս աշխատել հայրենի երկրում և խթանել տեղի ՏՏ ոլորտի զարգացումը»,- մեզ հետ զրույցում նշում է մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավար Մարիա Վարդանյանսը։
Յուրաքանչյուր գործի սկիզբը միշտ էլ բարդ և ռիսկային է լինում, սակայն ArctX-ի դեպքում՝ Երևանում գործունեություն ծավալելու ռիսկերն ու բարդությունը կրկնապատկվեցին։ Ընկերությունը Երևան տեղափոխվեց, երբ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում մեծ մարտահրավերներ էին նետվել գրեթե բոլոր ոլորտների մասնագետներին՝ կորոնավիրուսային հիվանդացության իրավիճակով պայմանավորված։
«Սկիզբը բարդ էր։ Եվ չնայած առաջին ամիսներին ծառացած խոչընդոտներին` արդեն մայիս ամսից ArctX-ն իր առաջին աշխատողներն ունեցավ։ ArctX-ը դարձավ Հայաստանում միակ ընկերությունը, որ ընդամենը մեկ տարում իր աշխատակիցների թիվը հասցրեց 150-ի։ Այդպիսի մեծ ջանքերի և թիմային աշխատանքի շնորհիվ, նրանք այսօր արդեն տարբեր ծառայությունների մատուցմամբ են զբաղվում՝ հավելվածների ծրագրավորումից մինչև մարքեթինգ, դիզայն և բրենդինգ»,- ընդգծում է Մարիան։
Վերջինս ընդգծում է, որ ArctX-ը, լինելով Սթարթ-ափ՝ նպատակ է դրել ոչ թե համեմատվել հաջողվածների հետ, այլ առաջ անցնել նրանցից, դառնալ լավագույններից մեկը՝ առաջարկելով նորարարական պրոդուկտներ, որոնք իսկապես կարևոր են մարդկանց կյանքում։
Կորոնավիրուսային համավարակի մարտահրավերները հաղթահարելուց հետո մի նոր դժվարին և բարդ փուլ սկսվեց ընկերության համար․ սեպտեմբերին սկսվեց պատերազմը, որ նոր մարտահրավեր նետեց ընկերությանը։
«Մեկ տարում այնպիսի իրադարձություններ եղան, որ երևի թե մեկ այլ ընկերություն չկարողանար ծավալել իր գործունեությունը նման պայմաններում։ Հանգամանքները մեր դեմ էին, բայց մենք կարողացանք հաղթահարել այդ ճգնաժամը։ Պատերազմի ժամանակ մեր աշխատակիցներից շատերը կամավորագրվեցին և ռազմաճակատ մեկնեցին։ Ընկերությունը նրանց աջակցում էր և՛ ֆինանսապես, և՛ հոգեպես։ Այդ դժվարին իրավիճակում ArctX-ը կարողացավ ոչ միայն դուրս գալ ճգնաժամից, այլև սահմանել նպատակներ և հստակ քայլերով շարժվել առաջ»,- նշում է Մարիան։
Նրա խոսքով՝ ընկերության նպատակը մեկն է՝ աճել և դառնալ ոչ միայն տարածաշրջանի, այլև միջազգային ՏՏ լուծումների լավագույն մատակարարներից մեկը։ Առաջնային նպատակներից է նաև մյուս ճյուղերի՝ դիզայնի, բրենդինգի և մարքեթինգի ծառայությունների աճն ու ընդլայնումը։
Ընկերությունն այժմ ընդլայնում է նաև իր թիմը․ շուրջ 20-ից ավելի թափուր հաստիքներ կան ArctX-ում։
«ArctX-ում, առհասարակ, թափուր հաստիքներ միշտ կան՝ հատկապես ՏՏ ոլորտի համար։ Բոլոր ոլորտներում էլ լավ մասնագետներ միշտ են պետք։ Պետք է նշեմ, որ մեր ընկերությունը միշտ բաց է նոր աշխատողների, նոր գաղափարների և առաջարկությունների համար»,- ընդգծում է Մարիան՝ նշելով, որ ընկերության թափուր հաստիքներին առավել մանրամասն հնարավոր է ծանոթանալ ArctX-ի վեբ կայքում։
ArctX-ում գործելաոճը մարդակենտրոն է։ Այնտեղ կարևորվում է բոլոր աշխատակիցների համար մոտիվացնող և ոգևորող պայմաններն ապահովելը, սահմանափակումներից խուսափելը և աշխատակիցներին մասնագիտական գործունեությունը ծավալելիս ազատություն տալը։
«Մեզ մոտ կարևորվում է աշխատակիցների համար լավագույն պայմաններ ստեղծելը։ Աշխատակիցներին տրվում է ամսվա մեջ մեկ օր աշխատանքի չգալու իրավունք, որը ներառված չէ արձակուրդում: Անգամ ընկերության վայրն այնպես է ընտրված, որ արագ և համեղ լանչ անելու համար աշխատակիցը շատ հեռու չգնա։ Մենք նաև համագործակցում ենք մի շարք սննդի կետերի հետ, որոնք մեր աշխատակիցներին մատչելի և զեղչված փաթեթներ են առաջարկում»,- ընդգծում է Մարիան։
ArctX-ում աշխատանքի ընդունվելու համար անհրաժեշտ չէ 15 օտար լեզու իմանալ, երկնքից աստղեր բերել կամ էլ սարեր շուռ տալ իմանալ։ Ընկերությունում առաջնահերթ կարևորվում է աշխատակցի մարդկային որակները։
«Մեկ տարում ընկերությանը հաջողվեց ստեղծել այնպիսի թիմ, որտեղ հարաբերությունների և աշխատանքի հիմքում ընկած է հարգանքն ու ջերմ մթնոլորտը։ Այդ մեկ տարվա ընթացքում ArctX-ին պարզ դարձավ, որ մասնագիտությունը ձեռք բերովի է։ Եթե անգամ աշխատակիցը չունի մասնագիտական լավագույն որակները, որոշ ժամանակ հետո մեզ մոտ աշխատելիս նա կկարողանա ձեռք բերել դրանք։ Սակայն, եթե նա չունենա այն մարդկային որակները, որոնք արժևորում են մեզ մոտ, ավելի բարդ կլինի թիմում ինտեգրվելը»,- նշում է Մարիան։
ArctX-ում առավելություններից մեկը միջազգային միջավայրն է։ Այստեղ տեղի մասնագետների հետ մեկտեղ աշխատում են նաև կորեացի մասնագետները․ աշխատանքն էլ ավելի հետաքրքիր և արդյունավետ է դառնում այդպես։ Ընկերությունը նաև հնարավորություն է տալիս մասնագիտական և անձնական աճի։ Կազմակերպվում են հատուկ դասընթացներ բարձրակարգ մասնագետների ղեկավարմամբ, ստեղծվում են բոլոր պայմանները աշխատակիցների աճի և զարգացման համար։
Մարիան ընդգծում է, որ նոր աշխատակիցների առաջ ArctX-ի դռները բաց են։ Ընկերությունում նրանց սպասում են գրկաբաց՝ նոր գիտելիքներով և փորձով կիսվելու պատրաստակամությամբ։