«Ազատություն». Բաքուն այսօր հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքով» ավտոճանապարհը կունենա 123,8 կիլոմետր երկարություն և բաղկացած կլինի 4-6 գծերից: Շինարարական աշխատանքներն Ադրբեջանը ծրագրում է ավարտել 2024 թվականին։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է այդ երկրի Ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալության համապատասխան վարչության պետի տեղակալ Հիդայաթ Ռուստամովը՝ վարչության աշխատանքին նվիրված ճեպազրույցի ժամանակ։
«Պատրաստվում է Զանգեզուրի միջանցքի նախագիծը, ինչպես նաև զուգահեռաբար ընթանում է Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի ադրբեջանական կողմում գտնվող Հորադիզ-Ջաբրայիլ-Զանգիլան-Աղբենդ հատվածի շինարարությունը։ Այդ հատվածը կապահովի ելք դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն», – ասել է ադրբեջանցի պաշտոնյան։
Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ստորագրված եռակողմ հայտարարությունն ընդհանուր դրույթներ է պարունակում տարածաշրջանում բոլոր տնտեսական տրանսպորտային երթուղիների ապաշրջափակման մասին, սակայն ուղղակիորեն հիշատակվում է միայն Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջեւանի միջև կապը: Բաքուն և Երևանը այն տարբեր կերպ են մեկնաբանում։ Բաքուն ասում է, թե Երևանի և Մոսկվայի հետ պայմանավորվել է «Զանգեզուրի միջանցքի» շուրջ, իսկ Երևանն ասում է, թե միջանցքի մասին որևէ խոսք չկա: Վերջին անգամ նման հայտարարություն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արել է մի քանի օր առաջ՝ օգոստոսի 3-ին. Հայաստանը չի քննարկել և չի քննարկելու «միջանցքի տրամաբանությունը», սակայն «տրանսպորտային հաղորդակցության բացումն առաջնային խնդիր է, քանի որ այդ համաձայնագրերի շրջանակներում Հայաստանը ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կստանա Իրանի և Ռուսաստանի հետ»:
Ազա ԲԱԲԱՅԱՆ
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: