«Չեմ պատասխանում ձեր հարցին, հետեւեք պաշտպանության նախարարության լրատվական ծառայությանը, համայնքապետարանը, առավել եւս համայնքի ղեկավարը, սահմանային իրավիճակի վերաբերյալ հարցերին չի պատասխանում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Երասխավան համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը՝ անջատելով հեռախոսը:
Երասխավանի համայնքապետին հարցրել էինք՝ ի՞նչ իրավիճակ է գյուղում, բնակիչներն ի՞նչ տրամադրություններ ունեն, խուճապ կա, չկա, արդյոք վար ու ցանքի այս պիկ շրջանում կարողանո՞ւմ են բերքահավաք անել եւ այլն: Այսինքն՝ համայնքապետին ոչ թե սահմանային իրավիճակից էինք հարցուփորձ անում, այլ՝ համայնքին վերաբերող կենսական հարցերից, ինչին սակայն որեւէ պատասխան չստացանք:
Հիշեցնենք, որ այսօր կեսօրից ադրբեջանական կողմը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետեւանքով նաեւ հրդեհվել է միջդիրքային հատվածի խոտածածկույթը։
Aravot.am-ը զրուցեց Երասխին հարեւան գյուղերի բնակիչների հետ, որոնք նույնպես հավաստեցին, որ այս անգամ կրակոցների ձայները ուժեղ են եղել եւ տեսել են բարձրացող սեւ ծուխը: Այն երեւացել է Զոդի կամրջի վրայից: Կրակոցների ձայներն էլ լսելի են եղել Սուրենավանի բնակիչներին:
Կարդացեք նաև
Նրանց խոսքով, ընդհանուր առմամբ, գյուղերում խուճապ չկա եւ գյուղատնտեսական այս շրջանում որ շատ ուզեն էլ՝ չեն կարող դաշտերն ու գյուղերը լքել. «Ամբողջ տարին այս բերքին ենք սպասել, որ մի ժամ բացակայենք՝ եղածը կփչանա, կչորանա: Երասխից էլ տեղյակ ենք, բարեկամներ, հարազատներ ունենք: Խուճապ չկա, մարդիկ գյուղից դուրս չեն գալիս, դաշտերում, այգիներում իրենց գործով են զբաղված: Այդ կողմի ժողովուրդը սովոր է կրակոցներին: 90-ականներից սկսած՝ մարդիկ այդ իրավիճակների մեջ են»,-ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ կրակոցներն ավելի շատ դիրքերի ուղղությամբ են:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ