ԱԺ լիագումար նիստում այսօր ՔՊ-ից Էդուարդ Աղաջանյանը, դիմելով ընդդիմությանը, ասաց, որ իրենցից որեւէ մեկը երբեւէ Շուշին «Շուշա» չի անվանել, ինչպես իրենք են պարբերաբար հիշատակում, փոխարենը՝ ինքը դա լսել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի շուրթերից։
«Հայաստան» դաշինքից Գեղամ Մանուկյանն օրինակներով արձագանքեց․ «Ձեր խմբակցությունից Անուշ Բեղլոյանին որեւէ պատժի ենթարկե՞լ եք, երբ նա ազնվորեն ասաց, որ Շուշիին «Շուշա» է ասում, որովհետեւ մանկուց այդպես է լսել։ Իսկ դուք, պարոն Ռուբինյան, որքան էլ ասեք․․․գուցե սխալ է ձայնը լսվել, բայց այդպես է լսվել»։
Ինչ վերաբերում է երկրորդ նախագահին, Գեղամ Մանուկյանն ասաց․ «Ռոբերտ Քոչարյանն ասել է «Շուշա»՝ լավ է արել»։ Դահլիճից ձայներ լսվեցին։ «Տիկին Պողոսյան, մի խանգարեք»,-ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ «Հանգստացի մի հատ»,-իր հերթին ասաց Գեղամ Մանուկյանն ու շարունակեց,-«Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Դուշմանը, Ասկոլկան, շատ շատերը Շուշին ազատագրել են, ոչ թե ճառեր ասելով՝ տվել թուրքին»։
Ապա Գեղամ Մանուկյանը մեջբերեց ՔՊ-ական Վահե Ղալումյանի հայտարարությունը Տավուշի այսպես կոչված «ադրբեջանական անկլավների» մասին ու հարցադրում արեց՝ ՀՀ սուվերեն տարածքից Ադրբեջանին հող տալու մասին նման հայտարարությունը պետական դավաճանությո՞ւն է, թե՞ ոչ․ «Ղալումյանն ազատ ասաց այն, ինչ կուլիսներում քննարկում եք։ ՀՀ բնակչությունը թույլ չի տալու։ Ինչպես ձեր ղեկավարն է ասում՝ «թաթիկները կտրելու» է, բայց թույլ չի տալու»։
Կարդացեք նաև
Ռուբեն Ռուբինյանը հորդորեց նորից լսել իր հարցազրույցը Պետրոս Ղազարյանի հետ․ «Թվում է, թե Պետրոս Ղազարյանն ասում է «Շուշա»։ Այդպես չէ, նորից լսեք։ Եվ հետո, Շուշի-«Շուշայի» թեման ամոթի գագաթնակետն է, ուրիշ բան չունե՞նք անելու։ Չորս օր նույն բանն եք ասում»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ