Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրի Հոխիկյան. «Լրագրողների տեղաշարժի սահմանափակումը ԱԺ-ում բռնապետական երկրների առաջին քայլերին հատուկ երեւույթ է»

Օգոստոս 06,2021 16:41

Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը այսօր իր տեսակետն է արտահայտել ութերորդ գումարման ԱԺ-ում լրատվամիջոցների ներկայացուցիչների տեղաշարժի խիստ սահմանափակումների, մասնավորապես, Panorama.am-ի լուսանկարչի՝ ԱԺ մուտքն արգելելու շուրջ: «Այս երեւույթը, կարելի է ասել, բռնապետական երկրների առաջին քայլերին հատուկ երեւույթ է: Այսպիսի բաներ դեռեւս 2002 թվականից հետո Թուրքիայում եղան: Սկզբում Էրդողանը իրեն բավական բաց էր պահում, իբրեւ թե շատ ժողովրդավար ղեկավար է: Սակայն աստիճանաբար սկսվեցին լրագրողների նկատմամբ բռնաճնշումները. սկզբում՝ սահմանափակումներ, հետո՝ ճնշումներ, այնուհետեւ՝ ձերբակալություններ, բռնաճնշումներ, դատապարտումներ, անգամ՝ գնդակահարություններ:

Հիմա նույն բանը մենք տեսնում ենք Հայաստանում: Ճիշտ է, դեռեւս սաղմնային վիճակում: Այն, ինչ անում է Հայաստանի իշխանությունը, շատ հատուկ է բռնապետությունների նախնական վիճակին: Բայց հետաքրքիրն այն է, որ լրագրողների նկատմամբ սահմանափակումները եւ ճնշումները իրականացնում են մարդիկ, որոնք սրանից ընդամենը 2-3 տարի առաջ լրագրող էին: Այսօր դրա վառ օրինակը տեսնում ենք: Իշխող կուսակցության, խմբակցության, ես ասում եմ՝ քաղաքական խունտայի, մեջ լրագրողների տեսակարար կշիռը շատ մեծ է: Եվ ինչո՞վ են նրանք զբաղվում: Նրանք զբաղվում են լրագրողներին ծաղրելով: Գուցե, կոպիտ հնչի, սա սրբապղծություն է, որովհետեւ նույնն է, թե դու նույն ընտանիքից ես դուրս գալիս, հետո այլ ընտանիքում, կամ քո կազմած նոր ընտանիքում սկսում ես քո մեծ ընտանիքը հայհոյել: Ցավոք, դա մեր իրականության մեջ կա: Չեմ կարող ասել, թե ամբողջ աշխարհում է այդպես, որովհետեւ որքան ես եմ շփվում զարգացած, քաղաքակիրթ երկրների լրագրողների հետ, նրանք բավականին պարկեշտ են: Այդ թվում՝ նաեւ քաղաքականություն մտնող լրագրողները:

Ինչո՞ւ է Հայաստանում այդպես: Կարծում եմ, Հայաստանում պարզապես կա մեդիագրագիտության անկում, այլ կերպ ասած՝ մեդիա անգրագիտություն ընդհանուր հանրության մեջ:

Թերեւս, երկու ձեռքերի մատների վրա կարելի է հաշվել այն լրագրողներին, որոնք ունեն մասնագիտական արժանապատվություն, ինքնուրույնություն, անհատականություն: Բայց, ցավոք, այդպիսիք փոքրամասնություն են կազմում: Տեսեք, այսօր իշխանության ղեկին հենց ինքը լրագրող է: Պարզ է չէ՞, որ Ալեն Սիմոնյանը չէր կարող որոշում կայացնել առանց Նիկոլ Փաշինյանի հրահանգը ստանալու: Իսկ ո՞վ է Նիկոլ Փաշինյանը: Լրագրող: Ո՞վ է Ալեն Սիմոնյանը: Մարդ, որն ունի լրատվամիջոցներ:

Ի՞նչ պետք է անեին կամ անեն ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները: Իմ կարծիքով պետք է բոյկոտել ԱԺ աշխատանքների լուսաբանումը: Եթե իրենց գործընկեր ֆոտոլրագրողին արգելում են մտնել ԱԺ, բոլոր լրագրողները պետք է մեկ մարդու պես դուրս գային Ազգային ժողովից ու չլուսաբանեին: Ավելին, ԱԺ աշխատանքը ուղիղ եթերով չպետք է լուսաբանվեր որեւէ լրատվամիջոցով»,- ասել է բանախոսը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031