Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը։ Նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նախագծի մասին ասաց՝ նախագծով էլեկտրոնային ծառայություններ մատուցող ընկերությունների հարկային փոփոխությունը կհամապատասխանեցնի հարկային ռեժիմները տեղական եւ օտարերկրյա ծառայություններ մատուցող ընկերությունների հետ։
«Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային ծառայություններ մատուցող ընկերությունները, օրինակ՝ LinkedIn, Facebook, Google, Yandex taxi, booking.com, Airbnb-ն եւ բազմաթիվ այլ ընկերություններ ծառայություններ են մատուցում Հայաստանում եւ դրա համար չեն վճարում հարկեր։ Այս փոփոխությունը շատ ֆունդամենտալ է, որը մեզ օգնելու է, որպեսզի մենք ոչ միայն հարկային մուտքեր ունենանք, այլեւ համապատասխանեցնենք հարկային ռեժիմները տեղական եւ օտարերկրյա ծառայություններ մատուցող ընկերությունների հետ»։
Նախարարը բերեց օրինակ՝ լրատվական ընկերությունները, որոնք գովազդային ծառայություններ են մատուցում, գտնվում են անհավասար մրցակցային միջավայրում Ֆեյսբուքի եւ Գուգլի հետ, որովհետեւ լրատվական ծառայություններ մատուցողներն էլ վճարում են ավելացրած արժեքի հարկ, բայց նշված ընկերությունները չեն վճարում․ «Այս փոփոխություններով հավասարեցվում են մրցակցային դիրքերը տեղական գովազդային ընկերությունների ու էլեկտրոնային գովազդային ընկերությունների, տեղական տաքսի ծառայությունների եւ էլեկտրոնային տաքսի ծառայությունների եւ բազմաթիվ այլ ոլորտներում մրցակցային միջավայրի հարթեցում է լինելու»։
Նախարարի կարծիքով՝ այս փոփոխությունը նախադրյալ է ստեղծում գնալ մեկ քայլ առաջ, եւ հարկային դաշտ մտցնել այն անձանց եւ ընկերություններին, որոնք աշխատում են այդ էլեկտրոնային հարթակների հետ․ «Օրինակ՝ եթե ինչ-որ տաքսիստ ծառայություն է մատուցում Yandex taxi-ին, կամ այլ ընկերության միջոցով կամ ինչ-որ մարդ, ով իր տունը վարձով է տալիս Airbnb-ի միջոցով, այդ մարդիկ եւս կմտնեն հարկային դաշտ»։
Կարդացեք նաև
Արդյոք դա ծառայությունների թանկացման չի հանգեցնի․ Վահան Քերոբյանն այս հարցին ի պատասխան ասաց՝ խոսքը ԱԱՀ-ի մասին է, իսկ ԱԱՀ-ի ճիշտ հաշվարկման դեպքում առանձնապես չի ավելացնում ծառայությունների գինը, քանի որ մի կողմից վճարում ես, մյուս կողմից էլ հաշվանցում է կատարվում։
«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ եւ ֆեյսբուքը եւ Գուգլը իրենց ծառայությունների գինը որոշում են որեւէ շուկայի համար, ապա իրենք ընտրում են այն գինը, որն ընդունելի կլինի իրենց սպառողների համար»,-ասաց նախարարը։
Անդրադառնալով անհատ տաքսիների եւ առցանց տաքսիների հարկային խնդրին, նախարարն ասաց՝ մենք պատրաստվում ենք բոլորին մտցնել վերահսկողության դաշտ․ «Կարծում եմ՝մինչեւ տարվա վերջ կլինի, որովհետեւ այս տարի արդեն մի քանի քննարկում ենք ունեցել տաքսիի եւ ուղևորափոխադրումների ոլորտների հարկման վերաբերյալ։ Այստեղ տեսակետները բավական մոտ են արդեն եւ ընդամենը մեկ-երկու լրացուցիչ հանդիպում, եւ համապատասխան նախագծերը կդնենք շրջանառության մեջ»։
Նախարարի խոսքով՝ կառավարության խնդիրներից է՝ այնպես անել, որ բոլոր մարդիկ, որոնք եկամուտ են ստանում, մասնակցեն պետության ծախսերին․ «Մենք հիմա այն վիճակում չենք, որ մեզ շռայլություն թույլ տանք այս կամ այն հարկը չհավաքել»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ