«ԱԺ նախագահությունը կոչված է ապահովելու խորհրդարանի բնականոն գործունեությունը։ Առնվազն դահլիճում դուք չպետք է որպես կողմ հանդիսանաք, դուք որպես խորհրդարանի ղեկավար եք, ոչ թե միայն ՔՊ-ի ներկայացուցիչ», – ԱԺ լիագումար նիստում այսօր դիմելով խորհրդարանի ղեկավարությանը՝ ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Հիշեցնենք, որ նույն դաշինքից Աննա Մկրտչյանի կողմից «Նիկոլ», «կապիտուլյանտ» ասելու արդյունքում ԱԺ նախագահության որոշմամբ՝ անջատվեց նրա խոսափողը։
Թագուհի Թովմասյանը նշեց․ «Երբ ձեր խմբակցության տղամարդիկ դահլիճից բղավելով վիրավորում էին տիկին Մկրտչյանին, դրան էլ պետք է անդրադառնայիք ու թույլ չտայիք, որ տիկնոջն արձագանքեն ոչ հարիր բառապաշարով։ Դա առնվազն կոռեկտ չէ։ Եթե այդքան խոսում եք հանդուրժողականության մասին, գոնե մի անգամ ցույց տվեք դա»։
Արձագանքեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը․ «Նախագահության պարտականությունն է ապահովել, որպեսզի նիստերն ընթանան բարեկիրթ միջավայրում՝ անկախ նրանից, թե որ ուժն է խախտում բարեկրթության նորմերը։ Եթե գնանք անուններին հաջորդող պիտակավորումներն ասելու ճանապարհով, դա վատ ավարտ կունենա։ Խնդրում եմ, ձեր գործընկերոջը, թանկագին տիկին Մկրտչյանին, բացատրել սա»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ