ԱԺ-ում քննարկվում է ԱԺ հանձնաժողովներ ստեղծելու հարցը: ՔՊ խմբակցությունը ընդմիջման ժամին խորհրդակցություն անցկացրեց այդ հարցով, որից հետո խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Ֆրակցիան քննարկում էր իր առաջնահերթությունները, որը կապված է կոնկրետ հանձնաժողովների ընտրման հարցում: Քանի որ գիտեք, հստակ քաղաքական կոնսուլտացիաները չեն եղել եւ ընդդիմության հետ համաձայնություն չի եղել, մենք քննարկում ենք մեր ռազմավարությունը»:
Հարցին՝ սկզբում երկու հանձնաժողովերի նախագահ ընտրելու հնարավորություն ունեք դուք, որից հետո՝ «Հայաստան» դաշինքն է առաջադրելու, դուք արդեն առաջնահերթ հանձնաժողովները որոշե՞լ եք Բաղդասարյանը պատասխանեց, որ այո, դա ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովն է եւ Պետաիրավական հարցերի հանձնաժողովը, որը նախորդ գումարման հանձնաժողովում շուրջ 1/3 նախագծերի մասով եղել է գլխադասային:
Իսկ Արցախի հարցերով հանձնաժողով ստեղծելու առնչությամբ Նազելի Բաղդասարյանն ասաց, որ իրենք իրենց առաջարկած տարբերակն ունեն եւ բնականաբար, իրենց առաջարկի օգտին են քվեարկելու:
Ըստ առաջարկի, նախատեսվում է 12 հանձնաժողով ստեղծել. «Երբ նայում ենք «Պատիվ ունեմ»-ի առաջարկին ու անդամների թվին, դիցուք, շատ հանձնաժողովներում 7-ական անդամ է առաջադրված, նույն «Պատիվ ունեմ»-ը զրկվում է որոշ հանձնաժողովներում անդամ ունենալու հնարավորությունից: Իսկ մեր առաջարկած նախագծով մենք բոլոր 12-ում իրենց համար տեղեր նախատեսել ենք»:
Նազելի Բաղդասրյանը նաեւ հաստատեց, որ մտադիր են առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովները տրոհել ու առանձնացնել:
Մանրամասները՝ շուտով տեսանյութում
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ