Լրահոս
Օրվա լրահոսը

Շարունակ բողոքներ ենք ստանում տվյալների ոչ արդարացի հավաքագրման վերաբերյալ. «Վերադարձ Դեպի Քաշաթաղ» ՀԿ-ի բաց նամակը

Օգոստոս 06,2021 15:13

Բաց նամակ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Ա. Թաթոսյանին

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գ. Ստեփանյանին

Հարգարժան պարոնայք,
2020թ Արցախյան պատերազմից անցել է գրեթե ինը ամիս: Կարծում ենք, որ այս ամիսների ընթացքում ԱՀ և ՀՀ կառավարությունները կարող էին աշխատել առավել արդյունավետ՝ համակարգված ձևով լուծելով ԱՀ-ից բռնի տեղահանվածների առանցքային հարցերը:

Այսօր, սակայն, մենք ականատես ենք ընթացիկ միջոցառումների և նախատեսվող ծրագրերի ոչ լիարժեք համակարգված իրականացման։ Մարդիկ, որոնք բնակվել են Արցախում և շարունակել ապրել մինչև 44-օրյա պատերազմի ավարտը, այսօր, զրկված լինելով իրենց տնից-տեղից, հաճախ չեն կարողանում օգտվել պետական աջակցություններից՝ որը թյուրիմացաբար կամ ինչ-ինչ պատճառներով ցուցակներում չընդգրկվելու (զորօրինակ՝ աշխարհազորայինների վճարները; 300000-250000 աջակցության, հյուրընկալման գումարները), որը՝ աշխատանքների ոչ պատշաճ կազմակերպելու հետևանքով։

Խնդրո առարկա հարցերով զբաղվող համապատասխան կառույցներին ուղղված բազմաթիվ նամակները, դիմումները, բողոքները մնում են անպատասխան, իսկ հեռախոսազանգերի պատասխանները սպառիչ չեն լինում: Արդյունքում աջակցություններից օգտվող շահառուների համար ստեղծվում են արհեստական խոչընդոտներ:

Պատերազմից հետո բռնի տեղահանվածների թիվ 1 խնդիրը կարգավիճակի հարցն է։ Դրանից բխող հույժ կարևոր և կենսական խնդիրն է փոխհատուցումը՝ նախ բնակարանի և վարկային պարտավորությունների, ապա՝ կորցրած գույքի մշակված հողատարածքների ( այգիներ, ցանքատարածքներ ) և ընտանի կենդանիների, այգիների փոխհատուցման հարցերը:

Ողջունելով Արցախ վերադարձած և բնակվել ցանկացող քաղաքացիների վերաբերյալ ԱՀ կառավարության որոշումները՝ չենք կարող չարձագանքել ՀՀ-ում ստիպված ապաստարան գտած քաղաքացիների հանդեպ ԱՀ և ՀՀ իշխանությունների ցուցաբերվող անտարբեր և բանականության մեջ չտեղավորվող վերաբերմունքին:

Հարկ է նշել, որ․

  • պատերազմի հետևանքով, ոչ իրենց կամքով, հազարավոր բռնի տեղահանվածներ ստիպված են բնակվել և շարունակում են ապրել վարձով, բարեկամների տներում և անգամ՝ լքված շինություններում, ինչպես նաև պետական նշանակություն ունեցող որոշ կառույցներում, որոնցից նրանց ժամանակ է տրվել հեռանալ մինչև սեպտեմբերի 1-ը:
  • Չնայած բռնի տեղահանվածների վարկերը պետության կողմից մարելու մասին ԱՀ կառավարության որոշմանը և հայտերի ընդունմանը, հազարավոր տեղահանվածների անունները այսօր հայտնվել են անհուսալի հաճախորդի «սև ցուցակներում», շատերի նկատմամբ հարուցվել են դատական գործեր, իրականացվել ԴԱՀԿ վարույթներ, որի հետևանքով խախտվել է մարդկանց՝ առանց այն էլ խաթարված հոգեբանական անդորրը, աշխատելու իրավունքը, տարրական կեցությունը ապահովելու հնարավորությունը:
  • Գրեթե մեկ ամիս առաջ ԱՀ Նախագահ Ա. Հարությունյանը, ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ համատեղ հանդիպում է ունեցել Քաշաթաղի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է բնակարանների փոխհատուցման հարցը և սակարկության դրվել բնակարանային փոխհատուցման գումարի չափը: Համարում ենք, որ ԱՀ Նախագահի կողմից փոխհատուցման նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքը, հիմնավորումները և առաջարկած պայմանները Քաշաթաղի շրջանը ՀՀ և ԼՂՀ կառավարությունների գաղտնի որոշմամբ և հատուկ ծրագրով վերաբնակեցվողների հանդեպ ակնհայտ անհարգալից վերաբերմունքի և սահմանադրական իրավունքների կոպիտ խախտում է:
  • Այս օրերին ՀՀ-ում գործող ԱՀ կառավարության Արցախի քաղաքացիների օպերատիվ շտաբում հավաքագրում են փաստաթղթեր բնակիչների կորցրած ունեցվածքի /անասուն, այգիներ և այլն/ մասին: Մենք, որպես հասարակական կազմակերպություն, շարունակ բողոքներ ենք ստանում տվյալների ոչ արդարացի հավաքագրման և ցուցակագրման վերաբերյալ: Օրինակ, մարդիկ, որոնք տարիներով այգի են հիմնել, մշակել, սակայն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չեն կարողացել ձեռք բերել տարածքի տնօրինման վերաբերյալ կադաստրի վկայական, դուրս են դրվում փոխհատուցման ծրագրից։

Հարգելի պարոնայք, հուսով ենք, որ դուք, որպես Մարդու իրավունքների պաշտպաններ, կանդրադառնաք վերը նշված և մեզ համար կենսական նշանակություն ունեցող հարցերին, որոնց կապակցությամբ նաև ձեր դիտարկումները կփոխանցեք պատկան մարմիններին:

Քաշաթաղցիներս հնարավորության դեպքում ակնկալում ենք նաև համատեղ հանդիպում ՀՀ-ում:

«Վերադարձ Դեպի Քաշաթաղ» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031