Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւանից լրացուցիչ ջրառ կիրականացվի․ ջրառի սահմանաչափը՝ մինչեւ 245 մլն խմ

Օգոստոս 06,2021 15:09

Կառավարության այսօրվա նիստում հավանություն տրվեց «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծին։ Այս նախագծով առաջարկվում է Սեւանից ջրառի նպատակով բաց թողնվող ջրի ծավալն ավելացնել՝ 170 մլն խմ չափաքանակը դարձնել մինչեւ 245 մլն խմ։ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Սեւան-Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ ընկած հողերի ոռոգման ջրապահովության դեֆիցիտը մասնակի մեղմելու, ջրապահովվածությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ:

Նախագիծը զեկուցող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց՝ օրենքով ամրագրված է, որ լճից բաց թողնվող ջրի չափաքանակը 170 մլն խմ է, բացթողումներն իրականացվում են կառավարության ամենամյա որոշումներով։ Նա նաեւ ներկայացրեց ջրամբարների լցվածությունը՝ այս տարվա օգոստոսի 1-ի դրությամբ հանրապետության համեմատաբար խոշոր ջրամբարներում լցվածությունը եղել է 226 մլն մետր խորանարդ, որը 2020 թվականի 351 մլն-ի համեմատ պակաս է 125․77 մլն-ով։

«Շոգ եղանակով եւ սակավ տեղումներով պայմանավորված՝ Մարմարիկ, Հրազդան, Քասախ և Ազատ գետերում կտրուկ նվազել է ջրի հոսքը։ Եվ ջրապահանջը լրացնելու նպատակով, ինչպես ջրամբարներից, այնպես էլ Սեւանա լճից իրականացվել է պլանավորվածից շատ ջրի բացթողումներ։ Սեւանա լճից այս տարի նախորդ տարվա համեմատ ոռոգման նպատակով ջրի բացթողումները սկսվել են 10 օր շուտ եւ այդ ընթացքում արդեն իրականացվել է 19 մլն մետր խորանարդ ջրառ։ Նկատի ունենալով վերոգրյալը՝ Սեւան-Հրազդան համակարգը սնող Ապարանի, Ազատի եւ Մասրիկի ջրամբարներից չնախատեսված ջրահամալրում իրականացնելու պատճառով 2021-ի օգոստոսի 1-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ջրամբարներում առաջացել է 21․43 մլն մետր խորանարդ ջրի դեֆիցիտ»,- ասաց նախարարը։

Բացի այս, նախարարի ներկայացմամբ եւ նախագծի հիմնավորմամբ՝ Սեւան-Հրազդան համակարգի իշխման տակ գտնվող հինգ ջրօգտագործողների ընկերությունների պայմանագրերով հաստատված 31.4 հազ հա հողատարածքների ջրապահովվածության հաշվարկներում Հրազդան գետի ջրատվությունն 2021 թվականի ամբողջ ոռոգման ժամանակահատվածում պլանավորվել է շուրջ 170 մլն խորանարդ մետր (վերջին 4 տարիների միջին ջրատվությունը կազմում է 190.8 մլն խորանարդ մետր ), սակայն ինչպես փաստացի իրավիճակը այնպես էլ գետերի բազմամյա ջրագրության տվյալները վկայում են, որ նման տարում գետից հնարավոր կլինի վերցնել ընդամենը 116 մլն խորանարդ մետր ջուր, որը նախատեսվածից պակաս կլինի շուրջ 54 մլն խորանարդ մետրով եւ կառաջացնի դեֆիցիտ:

Նախագծում նշվում է, որ Սեւանա լճից օգոստոսի 5-ի դրությամբ 2020 թվականին բաց է թողնվել 99.759 մլն խորանարդ մետր, եւ 2021 թվականին՝ 154.606 մլն խորանարդ մետր ջուր, իսկ Արփա-Սեւան թունելով Սեւանա լիճ է տեղափոխվել համապատասխանաբար 2020 թվականին 162.530 մլն խորանարդ մետր եւ 2021 թվականին 133.091 մլն խորանարդ մետր ջուր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ մարտ ամսից պետական ինստիտուտները զեկուցել են, որ այս տարի ունենալու ենք Սեւանա լճի աննախադեպ մակարդակ․ «Ոռոգման սեզոնի վերաբերյալ ես խորհրդակցություն եմ անցկացրել դեռեւս մեկ ամիս առաջ, այդ ժամանակ այս խնդիրները քննարկել ենք եւ եզրակացություն ենք արել, տվել եմ համապատասխան հանձնարարականներ։ Հիմա այսօր կարդում եմ, որ 170 մլն խորանարդ մետրը արդեն առաջիկա օրերին կսպառվի։ Ասում եք՝ լրացուցիչ պահանջը կլինի 75 միլիոն խորանարդ մետրը։ Այդ կանխատեսումներն անում էին այն նույն պետական մարմինները, որոնք երկու ամիս առաջ ուրիշ բան էին կանխատեսում, չորս ամիս առաջ՝ ուրիշ։ Այս հարցերի պատասխանն ո՞վ ունի։ Երբ ասում էիք՝ ունենալու ենք Սեւանի աննախադեպ բարձր մակարդակ, այն ժամանակ չգիտեի՞ք, որ ամառ է գալու, ոռոգում է լինելու։ Հուլիսի 2-ին կայացրած որոշումն ինչու է իրականություն դառնում էլի վերջին պահին, ափալ-թափալ, առանց պատշաճ հանրային քննարկումների»։

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը պատասխանեց այս հարցերին, նա ասաց, որ դեռ մարտ-ապրիլին մեր կանխատեսումներով հանրությանը հայտնել են, որ այս տարի վերջին վաթսուն տարիների համեմատ, ամենաբարձր նիշին է հասնելու Սեւանը, եւ հունիսի 30-ի դրությամբ լճի մակարդակը 1901 մետր բացարձակ նիշին․ «Խնդիրն այն է, որ այս տարի 12 օր շուտ ջրառ իրականացրեցինք՝ պայմանավորված աննախադեպ բարձր ջերմային ֆոնով։

Ջերմային ֆոնը կանխատեսելի էր, որ կլիներ բարձր, բայց որ այսչափ վերջին 60 տարիների համար եւ հայկական հիդրոօդերեւութաբանության կանխատեսումների պատմության մեջ ամենաշոգ ամառը կլիներ՝ ցավոք չէր կանխատեսվել»։ Ապա նախարարը ներկայացրեց, թե օրական որքան ջրառ է կատարվում։

Այս բացատրությունները Փաշինյանին հիշեցրեցին Չերչիլի հայտնի խոսքերը քաղաքական գործչի մասին՝ լավ քաղաքական գործիչը նա է, որ ով կանխատեսում է, թե ինչ է տեղի ունենալու, հետո բացատրում թե դա ինչու տեղի չունեցավ։

«Մենք կանխատեսումների լուրջ խնդիր ունենք բոլոր ոլորտներում, սկսած՝ բյուջեի եկամուտներից, եւ երբ մենք ասում ենք՝ կառավարման որակ, հետեւյալն է՝ յուրաքանչյուրն իբր տված կանխատեսման իրականություն դառնալու համար պետք է կրի պատասխանատվություն»:

Գնել Սանոսյանի պատճառաբանությունները, թե ինչու են նման փոփոխությունը հիմա նախաձեռնել, համոզիչ չէին վարչապետի համար, նա հարցրեց՝ համոզվա՞ծ եք, որ նորից չեք ներկայացնելու լրացուցիչ ջրառի մասին նախագիծ։ Գնել Սանոսյանն ասաց՝ սա վերջնականն է։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031