ԱԺ լիագումար նիստում այսօր «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանը կարծիք հայտնեց, որ Արցախին այսօր հարվածում են ոչ միայն Ադրբեջանն ու Թուրքիան, այլեւ ՀՀ-ում իշխանությունը զավթած դավադիրները։ «Ձեր Նիկոլը կործանարար պատերազմից հետո մեկ անգամ ռիսկ չի արել Արցախ գնալ»։
Միջամտեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ կոչ անելով կոռեկտ արտահայտվել գործընկերների ու երկրի ղեկավարի մասին, վարչապետին չդիմել անունով։ Աննա Մկրտչյանը շարունակեց ասել «Նիկոլ», ինչին ի պատասխան ԱԺ փոխնախագահը նրան նկատողություն հայտարարեց, կողքին նստած մյուս փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ ձեռքով ցուցումներ էր տալիս։
Իր տեղին մոտեցավ նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Այնուհետեւ Աննա Մկրտչյանը համոզմունք հայտնեց, որ եթե իշխանական պատգամավորները դեմ քվեարկեն ընդդիմության առաջարկած՝ Արցախի հարցերով մշտական հանձնաժողովի ստեղծման հարցին, ապա դա կլինի «կապիտուլյանտ Նիկոլի հրահանգը»։
Կարդացեք նաև
Ալեն Սիմոնյանը հրահանգեց անջատել Աննա Մկրտչյանի խոսափողը։ Սիմոնյանը հայտարարեց․ «Զարմանում եմ, որ դուք փորձել եք աչքի ընկնել։ Այս օրերին որեւէ այլ պատգամավոր ձեր բառապաշարը չի օգտագործել։ Ես ձեզ արգելում եմ այդ բառապաշարով խոսել, այո, ունեմ իրավունք, կարող եմ անգամ դահլիճից դուրս հրավիրել։ Եթե ուզում եք աչքի ընկնել, աչքի ընկնելու այլ տարբերակներ կան»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ