Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ կարծում, որ քրեական գործ է հարուցվելու եւ ունենալու է արդյունավետ լուծում». Վահե Դոխոյան

Օգոստոս 06,2021 14:16

Վերջին շրջանում հաճախ են լուրեր շրջանառվում, որ պետական հաստատություններում աշխատող եւ ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց ստիպում են ազատվել աշխատանքից: Հուլիսի 21-ին նման հայտարարություն տարածեց նաեւ «Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանը, նշելով, որ քաղաքական հայացքների համար իրենց թիմակիցներին ազատում են աշխատանքից կամ ստիպում հրաժարական ներկայացնել՝ միաժամանակ օրինակ բերելով Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում արձանագրված դեպքը:

«Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակցուհին, ով հանդիսանում է մեր կուսակցության անդամ, ընդգրկվել է ԱԺ ընտրություններում «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում որպես պատգամավորության թեկնածու: Խոսքը վերաբերվում է Արմինե Պողոսյանին: Քարոզարշավի մեկնարկի հաջորդ օրը, Արմինե Պողոսյանն արձակուրդի մեջ, նրան հրավիրում է իր մոտ տնօրենի պաշտոնակատարն ու ասում, որ մարզպետարանի առողջապահության վարչությունից ասել են, որ դիմում գրի եւ քո դիմումի համաձայն դուրս արի աշխատանքից: Արմինե Պողոսյանն ասել է, որ ես իմ դիմումի համաձայն չեմ դուրս գալու աշխատանքից, եթե կարողանում եք՝ ազատեք: Այստեղ կա շատ մի հետաքրքիր դրվագ, որ իր աշխատանքի 30 տարվա ընթացքում Արմինե Պողոսյանը ոչ մի անգամ ոչ մի նկատողություն չի ստացել, տնօրենի հավաստմամբ հանդիսանում է լավագույն աշխատողներից մեկը, բազմաթիվ պարգեւատրումներ է ստացել եւ այլն: Այսինքն, նրա աշխատանքային գործունեության հետ կապված ոչ մի խնդիր ու խոչընդոտ չի եղել: Դրա համար մենք ունենք հիմնարար կամ տրամաբանական հիմքեր, որ կարողանանք հայտարարել, որ քաղաքական նկատառումներից ելնելով է արվել այդ պահանջը կամ առաջարկը,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության Լոռու մարզային կառույցի ղեկավար Վահե Դոխոյանն ու նշեց, որ Արթուր Վանեցյանի հնչեցրածը դատախազությունը համարել է հայտարարություն հանցագործության մասին եւ նախապատրաստվել են նյութեր. «Նյութերն ուղարկվել է քննչական կոմիտե, որպեսզի քննչական կոմիտեն ուսումնասիրություններ կատարի եւ փաստերի առկայության դեպքում միգուցե հարուցվի քրեական գործ»:

Դոխոյանի կարծիքով՝ ամեն դեպքում քրեական գործ չի հարուցվի. «Չեմ կարծում, որ քրեական գործ է հարուցվելու եւ ունենալու է արդյունավետ լուծում, որովհետեւ այս պարագայում ինչպես մնացած բոլոր աշխատակիցներն, այնպես էլ Արմինե Պողոսյանը եւ ծանուցագիր է ստացել, որ հիմնարկում տեղի են ունենում կառուցվածքային փոփոխություններ, ինֆեկցիոն հիվանդանոցը միանում է Վանաձորի բժշկական կենտրոնին, որի արդյունքում բոլորդ ազատվելու եք աշխատանքից: Այսինքն, այս իմաստով փորձում են պահել օրենքի տառը, բայց նաեւ մենք վստահ ենք, որ կառուցվածքային փոփոխությունից հետո, երբ որոշ աշխատակիցներ կվերականգնվեն աշխատանքի, այդ ցանկում երեւի թե Արմինե Պողոսյանը չի լինի: Պատճառը՝ որ մեր կուսակցության անդամ է, որ ընդդիմադիր գործունեությամբ է զբաղվում»,- խոսքը եզրափակեց ասաց «Հայրենիք» կուսակցության Լոռու մարզային կառույցի ղեկավարը:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Վահե Դոխոյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031