Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում կիջեցվեն պետական տուրքի վճարները, կհամաներվեն վարչական իրավախախտումների տույժերը

Օգոստոս 06,2021 14:08

Արցախի Հանրապետության (ԱՀ) ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում ԱՀ խորհրդարանն ընդունեց «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տույժերի համաներման մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և այլ օրենքի նախագծեր:

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարեց. «Խորհրդարանի օրակարգում ներառված են հրատապ հարցեր. դրա համար ենք հետ կանչել պատգամավորներին արտահերթ նիստ անելու համար: Մեկ ամիս շուտ այս օրենքներն ընդունելով՝ ահագին օգուտ կտանք մեր ժողովրդին»:

«Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տույժերի համաներման մասին» օրենքի նախագիծը ներկայացրեց ԱՀ նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, ոստիկանապետ Արտեմ Հարությունյանը: Նա հայտարարեց. «Վարչական ակտերը մեծ թիվ են կազմում, որոնք հասցեատերերի կողմից չեն վիճարկվում՝ երկրում տիրող հետպատերազմական իրավիճակով պայմանավորված: Համաներումն անհրաժեշտ է վարչական իրավախախտումների հասցեատերերի սոցիալական վիճակը բարելավելու համար»:

«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրեց ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Սուրեն Գալստյանը: Նա նշեց. «Բնակարանների, բնակելի տների նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար պետական տուրքը նվազագույն 30 հազարի փոխարեն նախատեսվում է սահմանել 10 հազար, միասնական տեղեկանք տրամադրելու համար պետական նվազագույն տուրքը 10.000-ի փոխարեն՝ 5000 դրամ: Մինչև 2001-ի հունվարի 1-ը ձեռք բերված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցում կատարելու համար սեփականատերն ազատվում է պետական տուրքից»:

ԱՀ ԱԺ-ն ընդունեց նաև «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրենքի նախագծով «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը կազատվեն ԱԱՀ-ից՝ ճանաչվելով բարեգործական:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով՝ մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ այսուհետ կարող է տրվել հանրապետական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031