Արդարադատության նորանշանակ նախարար Կարեն Անդրեասյանը նախատեսում է հանդիպել իրավապահ մարմինների իր գործընկերների հետ՝ ԲԴԽ-ի, դատախազության, քննչական կոմիտեի, ԱԱԾ-ի հետ։ Այս մասին նախարարն ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։
Նրա կարծիքով՝ այդ բոլոր մարմինների հետ համատեղ է հնարավոր իրականացնել դատաիրավական բարեփոխումները, որոնց հասարակությունը սպասում է․ «Եվ հատուկ կարեւորում եմ՝ ես իմ բոլոր որոշումները, հատկապես ինստիտուցիոնալ բարեփոխումների մասին, անցկացնելու եմ ՀԿ-ների հետ քննարկումների եւ կոնսենսուսի միջոցով»։
Նա ասաց, որ կոռումպացված, կաշառակեր, անարդար դատավորները եւ համակարգի այլ մարդիկ պետք է զտվեն, դուրս մղվեն համակարգից։
Դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր դատաիրավական համակարգում վեթինգ անել ու այդպես էլ չարեց, պարոն Անդրեասյանն այսպես պատասխանեց․ «Պարոն Փաշինյանի բոլոր խոստումները սկսվել են եւ շարունակվում են իրականացվել։ Վեթինգն արդեն իսկ սկսված է, կան արդեն համակարգից դուրս մղված դատավորներ։ Ամենակարեւորը՝ հիմքերը դրված են, որպեսզի ես կարողանամ գործել եւ արդյունքներ ապահովել»։
Կարդացեք նաև
Քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հռետորաբանության մասին էլ՝ ծեփել պատերին, փռել ասֆալտին կամ չագուչ թափ տալուն ինչ իրավական գնահատական կարող է տալ, այս հարցին ի պատասխան էլ նախարարն ասաց․ «Քաղաքական բանավեճում կարող են լինել այլաբանություններ, սիմվոլներ, որոշակի չափազանցություններ։ Ինչ վերաբերում է կոնկրետ իրավական գործողություններին, ապա որեւէ հանցագործին հանդեպ ուժ կիրառելը չեմ կարող մեկնաբանել։ Կոնկրետ դեպքերին կտանք իրավական գնահատական, եթե կոնկրետ դեպքի մասին կոնկրետ հարց ուղղվի»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ