«Պատիվ ունեմ» դաշինքն առաջարկում է 7-րդ գումարման ազգային ժողովում արդեն իսկ գործած հանձնաժողովների թվին ավելացնել եւս մեկը։
Ինչպես ԱԺ լիագումար նիստում այսօր ներկայացրեց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Հայկ Մամիջանյանը, իրենք, «Հայաստան» դաշինքի համաձայնությամբ, առաջարկում են ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով, որի քննարկման ոլորտներն են լինելու՝ ՀՀ-ի կողմից Արցախին տրամադրվող հումանիտար-սոցիալական օգնություն, Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթաց, ռազմաքաղաքական, դիվանագիտական կապեր, տարածաշրջանային անվտանգություն, Արցախի ԱԺ-ի հետ գործակցություն եւ այլն։ Այս ոլորտներին վերաբերող օրենքներով եւ խնդիրներով է, ըստ Մամիջանյանի, զբաղվելու հանձնաժողովը։
«Հանձնաժողովի տիրույթում է լինելու նաեւ սահմանազատումների իրականացման միջազգային նորմերի եւ պրակտիկայի կիրառման ուսումնասիրությունը»,-նշեց Հայկ Մամիջանյանը։
Կարդացեք նաև
Նա համաձայն չէ «Քաղաքացիական պայմանագրից» Վլադիմիր Վարդանյանի դիտարկման հետ, թե ՀՀ-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովն ավելի բարձր դիրք ունի, եւ ՀՀ ԱԺ-ում առանձին հանձնաժողով ստեղծելու կարիք չկա։ «Վերջին շրջանում ՀՀ-ն Արցախի հարցում վերածվել է սոցիալական աջակցողի, կրավորական կեցվածք ունի անվտանգային, միջազգային հարաբերությունների հարցում։ ՀՀ ԱԺ-ն Արցախի հարցում միանձնյա կապիտուլյացիոն բնույթի որոշումից հետո հայտնվել է խորը լուսանցքում։ Ձեզանից որեւէ մեկը տեղեկություն չի ունեցել նոյեմբերի իննի հայտարարության բովանդակության մասին։ Քանի դեռ այստեղ կան ընդդիմադիր ուժեր, ՀՀ-ն չի մնալու լուսանցքում»,-շեշտեց Հայկ Մամիջանյանը։
Նրա խոսքով՝ ովքեր որ դեմ կքվեարկեն Արցախի հարցերով հանձնաժողովի ստեղծմանը, նրանք չեն կարեւորում Արցախի հարցերի քննարկումը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ