Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Անդրեասյանը հիշեցրեց՝ Նաիրի Հունանյանն էլ էր լրագրող․ նախարարը՝ ԱԺ-ում լրագրողների ազատ տեղաշարժի սահմանափակման մասին

Օգոստոս 06,2021 13:25

«Ամենապրոֆեսիոնալ լրագրողը, եթե օրենք է խախտում կամ կարգ է խախտում, պետք է ենթարկվի պատասխանատվության՝ անկախ նրանից թե ինչ բարձր առաքելությամբ է մարդը գործում, եւ անկախ նրանից՝ լրագրո՞ղ է, թե՞ բժիշկ»,-այսօր այսպիսի կարծիք հայտնեց արդարադատության նորանշանակ նախարար Կարեն Անդրեասյանը՝ պատասխանելով ԱԺ-ում լրագրողների ազատ տեղաշարժման եւ մասնագիտական գործունեությանը խոչընդոտող որոշմանը։

Կարեն Անդրեասյանի խոսքով՝ անվտանգության դեպքում՝ ազգային, պետական անվտանգության դեպքում աշխարհի ամենաքաղաքակիրթ երկրներում լինում են սահմանափակումներ․ «Նաեւ հիշեցնեմ, թե ով էր Նաիրի Հունանյանը՝ նա, լինելով լրագրող, ինչեր կարող էր անել։ Մենք պետք է հասկանանք՝ լրագրությունը կամ խոսքի ազատությունը բացարձակ արժեք չէ եւ եթե անվտանգության մարմինները գտել են որոշակի ռիսկեր, մենք պետք է հարգենք, դա մեր պետության պաշտպանության հարցն է։ Այլ խնդիր է, որ ես, որպես պաշտոնյա, եւ կարծում եմ մեր բոլոր գործընկերներն ԱԺ-ում, պիտի կարողանանք լրագրողների համար ստեղծել աշխատանքային ամենանպաստավոր պայմանները։ Լսել եմ, որ ԱԺ նախագահը հիմա քննարկում է դա, մենք էլ պետք է աջակցենք մեր գործընկերներին, որպեսզի լրագրողների համար ստանանք ամենահարմար աշխատանքային պայմանները»։

Դիտարկմանը, որ նման սահմանափակումներ չկային նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի օրոք, պարոն Անդրեասյանն այսպես արձագանքեց՝ եթե կա անվտանգության սպառնալիք՝ ես հաշտ եմ սահմանափակումների հետ․ «Բայց դա պետք է արվի այնպես, որ չխանգարի լրագրողների ողջամիտ, հանգիստ աշխատանքը։ Եթե կարող է լինեն որոշակի ազատ շարժի դեպքում վարձկաններ, որոնք կարող են թաքնված լինել լրագրողների կերպարի տակ, եւ նույնիսկ այդպիսիններից պետք է պաշտպանվել, ուրեմն՝ ես գտնում եմ, որ պետք է ընդունել անվտանգության կանոնները»։

Լրագրողները վրդովվեցին նախարարի այս պատասխանից, փորձեցին պարզել՝ լրագրողի բարձրախոսը կամ տեսախցիկը այս ճեպազրույցի ժամանակ վտա՞նգ է ներկայացնում, սակայն նախարարը չպատասխանեց, նա լքեց կառավարության շենքը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031