Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ չկա Արցախի հանձնաժողով»․ Վլադիմիր Վարդանյանի հիմնավորումը

Օգոստոս 06,2021 12:38

«6-րդ գումարման ազգային ժողովում պետաիրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովները միացված էին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարդու իրավունքների նկատմամբ վերահսկողության իրականացումն առանձին ոլորտ է եւ պետք է կարգավորվի առանձին, 7-րդ գումարման ԱԺ-ում կատարեցինք այդ բաժանումը։ 8-րդ գումարման ԱԺ-ում էլ առաջարկում ենք կիսել եւ երկու հանձնաժողով ձեւավորել առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովից, որովհետեւ ոլորտները տարբեր են՝ հաշվի առնելով սոցիալ-տնտեսական եւ առողջապահական ոլորտների մարտահրավերները։ Այդ մեկ հանձնաժողովի փոխարեն առաջարկում ենք երկու առանձին հանձնաժողով ստեղծել»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

Նա հայտնեց, որ ընդհանուր կձեւավորվի 12 հանձնաժողով, բայց քանի որ «Պատիվ ունեմ» դաշինքը ներկայացված է 7 անդամով, իրենց իրավունք են վերապահում առաջարկել, որպեսզի դաշինքն ամեն հանձնաժողովում ունենա մեկական պատգամավոր․ «ԱԺ կանոնակարգ օրենքը պատգամավորին թույլ չի տալիս ընդգրկվել մեկից ավելի հանձնաժողովներում»։

«Պատիվ ունեմ» դաշինքից Տիգրան Աբրահամյանը անտրամաբանական համարեց նշյալ հանձնաժողովի՝ երկու մասի բաժանումը․ «Եթե այդ երկու ուղղություններն առանձնացնում ենք եւ դա պատճառաբանում ծավալով, ապա այդ տրամաբանությամբ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովը պետք է կիսեք, որովհետեւ ոլորտներն ավելի ծանր են։ Տպավորություն է, որ խնդիրը ոչ թե ծավալային աշխատանքն է, այլ խնդիր կա ձեր խմբակցության ներկայացուցիչներին հանձնաժողովների նախագահների պաշտոններով ապահովելու»։

Վլադիմիր Վարդանյանը չհամաձայնեց․ «Աշխատանքով ապահովելու խնդիր չունենք։ Եթե նախորդ ԱԺ-ի գործունեությունն ուսումնասիրեք, ապա այդ հանձնաժողովը շատ ծանրաբեռնված էր կովիդի եւ պատերազմի հարցերով։ Չմոռանանք նաեւ, որ խոսքը մասնագիտական հանձնաժողովների մասին է, եւ դրանցում մասնագետներ պետք է ներգրավված լինեն»։

«Հայաստան» դաշինքից Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց՝ Արցախի հանձնաժողովն ինչո՞ւ չեք կարեւորել, ինչո՞ւ այն չկա նախագծում։ Վարդանյանը պատասխանեց․ «Արցախի հարցն առավել քան կարեւորում եմ։ Կարեւորելով հանդերձ՝ չեմ ուզում իջեցնել այն խորհրդարանական համագործակցության մակարդակը, որը կա ՀՀ եւ Արցախի ԱԺ-ների միջեւ։ Կա ձեւավորված միջխորհրդարանական հանձնաժողով, որի շրջանակում պետք է քննարկվեն երկուստեք հետաքրքրող հարցերը։ Այդ մակարդակից հարցը 8-րդ գումարման ԱԺ-ի հանձնաժողովի մակարդակին իջեցնելը տրամաբանական չէ»։ Արծվիկ Մինասյանը չհամաձայնեց․ «Առանձին մշտական հանձնաժողով ունենալն ուղերձ է միջազգային հանրությանն ու սփյուռքին»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031