Կառավարության այսօրվա նիստում հավանություն տրվեց Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «ՀՀ-ում COVID-19 համավարակին պատրաստվածության մակարդակի բարձրացում. կորոնավիրուսից առաջացող սպառնալիքի հայտնաբերում եւ արձագանքում» ծրագրի ֆինանսավորման համար դրամաշնորհի տրամադրման մասին ՀՀ-ի եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Այս համաձայնագրով Հայաստանին է տրամադրվում 3 միլիոն դոլար դրամաշնորհ։
Նիստում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ գումարներն ուղղվելու են առողջապահական համակարգի հզորացմանն ու արդիականացմանը, քանի որ ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում շարունակվում է համավարակի դեպքերի ալիքաձեւ աճը․ «Հիվանդությանը դիմակայելու, արագ արձագանքելու եւ հիվանդներին պատշաճ օգնություն տրամադրելու համար պետք է անընդհատ համակարգն արդիականացնել, եւ մենք կորոնավիրուսի համավարակը դիտարկելով որպես մարտահրավեր՝ նաեւ դիտարկել ենք որպես առիթ՝ մեր համակարգում լրացուցիչ ներդրումներ անելու եւ պատրաստվածության աստիճանը բարձրացնելու»։
Նախարարն ասաց, որ նախատեսվում է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի Արմավիրի եւ Արարատի մասնաճյուղերի ամբողջական վերակառուցում եւ վերազինում, Վանաձորի ԲԿ-ին կից ինֆեկցիոն նոր մասնաշենքի կառուցում եւ համալրում․ «Սա շատ կարեւոր նախաձեռնություն է, եւ ծրագրի շրջանակներում կունենանք ամբողջական եւ համակարգված հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի ազգային ցանց»։ Ըստ նախարարի, մյուս հինգ մասնաճյուղներն արդեն վերանորոգվել եւ վերազինվել են։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ