Անգլերենի մասնագետ, Փաշինյանի նախկին «ռեպետիտոր» Լիլիթ Մակունցի նշանակումն ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում՝ չորս տարի ժամկետով, ոչ միայն Հայաստանում է բացասաբար ընկալվել, այլեւ ԱՄՆ-ում:
Այս անգամ հայկական երեւելի կազմակերպությունները՝ Հայ դատի հանձնախումբը (ANCA), Ամերիկայի հայկական համագումարը (AAA), Հայ դատի կենտրոնական գրասենյակը, Հայկական ասամբլեան, նույնիսկ մի հասարակ ողջույնի խոսք չեն հղել նորանշանակ դեսպանին, ինչն աննախադեպ իրողություն է Հայաստանի Հանրապետության պատմության մեջ:
«Պատճառն այն է, որ, նախ՝ ոչ պրոֆեսիոնալ է նշանակվել, երկրորդ՝ նշանակումը քաղաքական է»,- փաստը գնահատում է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
Ոչ միայն փորձի եւ գիտելիքի բացակայությունն է ի վնաս Մակունցի, այլեւ այն, որ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանները միշտ եղել են բարձր պրոֆեսիոնալներ՝ էրուդիտ, փայլուն դիվանագետ Ռուբեն Շուգարյանից եւ գիտությունների դոկտոր Արման Կիրակոսյանից սկսած, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանով ու ԱԳՆ համակարգի հնաբնակ Վարուժան Ներսեսյանով ավարտած:
Կարդացեք նաև
Երեկ ԶԼՄ-ները տարածեցին ամերիկահայ գրող, «Կալիֆորնիա կուրիեր»թերթի գլխավոր խմբագիր, հասարակական գործիչ Հարություն Սասունյանի մեկնաբանությունները այս արկածախնդրական նշանակման վերաբերյալ: «Նրանք ԱՄՆ-ից հետ են կանչել փորձառու դեսպանի՝ Վարուժան Ներսեսյանին, նրան փոխարինելով անկարող եւ անփորձ անհատով, որը Փաշինյանի մտերիմներից է՝ կուսակցության անդամ։ Դա շատ վատ հետեւանքներ է ունենալու թե՛ Հայաստանի, թե՛ հայության շահերի համար, խառնելու է ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները, վատ ազդեցություն է ունենալու ամերիկահայության վրա, որը դեմ է այս նշանակմանը»,- նշել է Սասունյանը։ Անփորձ Մակունցին թիվ 1 գերտերությունում դեսպան նշանակելը նա Փաշինյանի մեծ եւ կոպիտ սխալն է համարում:
Արեւմտյան Հայաստանի վտարանդի կառավարության ղեկավար Արամ Մկրտչյանն էլ ասում է, որ Մակունցի նշանակումը շատ վատ է ընդունվել հայկական սփյուռքի կողմից: «Դժվար է հասկանալ, թե ինչպես է պատրաստվում ՀՀ կառավարությունը կառուցել հարաբերություններ աշխարհի հզորագույն երկրի հետ՝ տարրական դիվանագիտական հարաբերությունների փորձ չունեցող անձի միջոցով: Անհասկանալի է ընտրության մոտիվացիան, եթե լիբերալիզմն է, ապա մեծ փորձ ունեցող լիբերալներ կան, ընտրության հնարավորություն կար»,- ասաց նա մեզ հետ զրույցում:
Լիլիթ Մակունցը, ինչպես հայտնի է, չի համարում, որ դիվանագետ աշխատելու համար փորձն առաջնային է: Հենց այսպես էր նա մեկնաբանել կես տարի առաջ իր դեսպան նշանակվելու վերաբերյալ տարածվող լուրերը: Իսկ Փաշինյանը սվիններով է ընդունում ռեպետիտոր-դեսպանի վերաբերյալ ցանկացած քննադատություն:
Ըստ տարածված տեղեկությունների՝ նա ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանին աշխատանքից ազատել է միայն այն պատճառով, որ վերջինս հանդգնել է զգուշացնել իրեն, որ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում դեսպան նշանակելով նա կհարուցի հանրության դժգոհությունը: Պետք է նաեւ ընդունել, որ ԱՄՆ-ում, ինչպես նաեւ մյուս երկրների հայկական համայնքներում, Մակունցի պաշտպաններ էլ կան:
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: