Կա լատինական մի արտահայտություն՝ «nоn sequitur», որը, ինչպես կարող եք կռահել, տրամաբանության հին դասագրքերից է: Բառացիորեն դա նշանակում է՝ «չի հետեւում». А պնդումից բխեցվում է B պնդումը, որը, սակայն չի կարող բխել, չի հետեւում A -ից: Օրինակ, ես ասում եմ, որ չեմ հրճվում Թուրքիայում շարունակվող հրդեհներից: Դրանից հետեւություն է արվում. «ուրեմն, դուք ասում եք, որ մենք պետք է ողբանք այդ հրդեհների պատճառով եւ ցավակցենք մեր հարեւաններին»: Բայց ես այդ B պնդումը չեմ արել, նման բան չեմ ասել եւ այդպես չեմ էլ մտածում:
Եվս մեկ օրինակ. ես ասում եմ, որ Փաշինյանի կառավարությունը չի կարողացել ապահովել հայերի անվտանգությունը: «Հետեւություն»՝ «ուրեմն դուք երազում եք Քոչարյանի վերադարձի մասին»: Դարձյալ՝ «nоn sequitur», սխալ հետեւություն, մեկը մյուսից չի բխում:
Ես մի կողմ եմ դնում այն դեպքը, երբ սխալ հետեւությունն արվում է միտումնավոր, քարոզչական նպատակով, այսինքն՝ երբ մարդիկ շատ լավ հասկանում են իրենց սխալը, բայց իրենց կամ իրենց թիմին ձեռնտու է այդ սխալ հետեւությունն անել: Քարոզիչներ միշտ եղել են ու կլինեն: Շատ ավելի հետաքրքիր է, երբ մարդիկ իսկապես այդպես են մտածում, բոլոր տեսակի դեմագոգներն էլ օգտվում են մտածողության այդ թերությունից: Մարդիկ բնական հակվածություն ունեն «սեւ-սպիտակ» փաստարկմանը, որն ինչ-որ չափով հեշտացնում է կյանքը, ազատում է նրանց մտավոր ճիգերից: Ասեմ նաեւ, որ այդ մտածողությունը որոշ դեպքերում ճիշտ է: Օրինակ, X-ը չի գտնվում այս սենյակում, հետեւաբար, նա գտնվում է այս սենյակից դուրս որեւէ մի վայրում, եթե ընդունում ենք, որ մարդը չի կարող միաժամանակ մի քանի տեղ գտնվել: Բայց երբ խոսք է գնում հասարակական ավելի բարդ երեւույթների, մասնավորապես, արժեքային, էթիկական ընտրության մասին, «սեւ-սպիտակն» արդեն չի աշխատում:
Դուք չեք կարող միանշանակ ասել՝ քրիստոնեությո՞ւնն է «ճիշտը», թե՞ իսլամը, սոցիալ-դեմոկրատնե՞րը, թե՞ ազատականները, իշխանությո՞ւնը, թե՞ ընդդիմությունը, կամ, եթե ավելի նեղ վերցնենք՝ պե՞տք է արդյոք Հայաստանում թույլատրել բոլոր օտարերկրացիներին պատվաստվել կորոնավիրուսի դեմ, թե՞ անհրաժեշտ է այդ պատվաստումները սահմանափակել: Տարբեր մարդիկ ունեն տարբեր արժեքներ, համոզմունքներ եւ հայացքներ ու պետք է բերեն իրենց դիրքորոշումը հաստատող փաստարկներ: Եթե նրանք ասում են «իմը ճիշտ է, իսկ մնացածը սեւ է», նրանք հրաժարվում են մտավոր ջանքեր գործադրելուց: Եթե շարունակենք մեր օրինակը, հրաժարվում են ընդունել, կամ պարզապես չգիտեն, որ կան քրիստոնեության եւ իսլամի, սոցիալիզմի եւ ազատականության հազարավոր դրսեւորումներ, տեսակներ, երանգներ: Իսկ հօգուտ օտարերկրացիների պատվաստման ու դրա դեմ կարելի է բերել մի քանի տասնյակ փաստարկ:
Կարդացեք նաև
Ցավալիորեն, այս Ազգային ժողովում հավաքվել են «սեւ-սպիտակ» փաստարկման խանդավառ ջատագովները: Այն կուսակցությունները, որոնք տեսնում են կյանքի, հասարակական կյանքի բարդությունը, դրա բազմաթիվ երանգները՝ «Լուսավոր Հայաստանը», «Հանրապետությունը», ՀԱԿ-ը, հայտնվեցին խորհրդարանից դուրս: Բայց դա պատահականություն չէ. իրավիճակն արտացոլում է այսօրվա ընտրողների տրամադրությունները:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Լուսանկարը՝ Հայկ Բարսեղյանի
մի այլ տեսանկիւնից, ընտրողների տրամադրութիւնները՝ առողջ են
առաջին երկու «երանգների» պարագային, չեն ուզում ձայն տալ՝ որձեւէգ, լպրծուն, անկայուն, անվստահելի, անկարող եւ կեղծաւոր, արհեստական խմբակների
այլ – պատկերաւոր – խօսքով, սեւ կամ ճերմակը նախընտրելի է՝ «fifty shades of gray»ի… շինարարութեան. եւ այդքան ալ շատ մարդիկ չկան, որոնք հաճոյք կ’առնեն այդ տեսակի ցաւից…
իսկ որպէս տուեալ, պարզապէս ճիշդ չէ՝ որ ՀԱԿը (իմա՝, ՀՀՇ-ն) դուրս մնաց այս վարչակարգից.
ոչ խորհրդարանից, ոչ էլ գործադիր քուլիսներից – ուր աւելի իշխանութիւն կայ, քան թէ բեմի լոյսերին ներքոյ -. ուրեմն այդ ուղղութեամբ, փաշինյանիստները նիւթը վստահում են Մեծ Քրմապետին հայեցողութեան… որ ինք զատէ, հաւանաբար՝ որոշ սակարկութիւններէ ետք, այն ՀՀՇականները, որոնք իրեն օգտակար կրնան հանդիսանալ.
Հիշենք թեկուզ ՀԱԿ-ի կարկառուն ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանին, որն այժմ Ուկրաինայում ՀՀ դեսպանն է եւ հայ-թուրքակաան գաղտնի ԲԴՍՄ-շփումների գլխավոր դերակատարներից մեկը: Ըստ օդում կախված լուրերի՝ այս քիրվայականին է պատկանում «խաղաղության դարաշրջան բացող» նիկոլական մտքի հետեւյալ գոհարը. «Որ մի քանի հազար զոհ տանք՝ լավ էլ կհամաձայնենք»…
“Այն կուսակցությունները, որոնք տեսնում են կյանքի, հասարակական կյանքի բարդությունը, դրա բազմաթիվ երանգները՝ «Լուսավոր Հայաստանը», «Հանրապետությունը», ՀԱԿ-ը, հայտնվեցին խորհրդարանից դուրս:”
Ինչպիսի ցավալի իրադարձություն. խորհրդարանից դուրս են մնացել նիկոլիզմի ծնողները, նիկոլից ավելի նիկոլները, ամոթխած նիկոլները… Շատ ափսոս, որ խորհրդարանում իրենց փայլուն երանգները չեն ցուցադրի բազմաթիվ այլ նիկոլներ եւս՝ թուրքի շներից մինչեւ տարատեսակ նորնորիկներ ու բեւեռներ…