Լրահոս
Օրվա լրահոսը

«Մահվան հաշվիչի», բժիշկների Նյուրնբերգյան կոդեքսի եւ հայկական սոցհարթակում քովիդյան քննարկումների «ականադաշտում»

Օգոստոս 06,2021 13:30

Մինչ Կանադայի Բրյուերի հետազոտությունների ինստիտուտի, Օտտավայի եւ ՄաքՄաստերի համալսարանների գիտնականները տարեց մարդկանց մահացության ռիսկը կանխատեսելու մոդել՝ «Մահվան հաշվիչ» ստեղծելու մասին են հայտնում, եւ այն քննարկվում է տարատեսակ մասնագիտական հարթակներում («Մահվան հաշվիչ»`«RESPECT». The Risk Evaluation for Support: Predictions for Elder-Life in the Community Tool), դրան հակառակ կենսաէթիկայի իրավագետներն էլ գտնում են, որ նման մոդելն առողջապահական համակարգ ներմուծելը «էթիկական ականադաշտ» է, մեկ այլ քննարկում-«ականադաշտ» է բացվել սոցհարթակներում բժիշկներ-իրավաբանների միջեւ:

Կան բժիշկներ, որոնք պարտադիր պատվաստվելու հետ կապված վկայակոչում են «Բժիշկների նյուրնբերգյան կոդեքսը», որն, ի դեպ, ընդունվել է Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո, 1947թ.-ին: Ըստ այդ կոդեքսի, առանց մարդու համաձայնության որեւէ փորձարկում իրավունք չունեն իրականացնելու, փորձարկման ենթարկվող անձը ցանկացած պահի կարող է դադարեցնել այն: Ինչ է հիշեցնում պատմությունը…

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ի բանակն առողջապահության դեպարտամենտի հետ միասին ուսումնասիրություններ սկսեց մալարիայի ախտանշաններ ունեցող բանտարկյալների շրջանում: Ախտորոշումից հետո նոր դեղամիջոցը կիրառվեց. անազատության մեջ գտնվողներն առաջին փորձարկվողներն էին: Մինչ զինվորներին կներարկեին:

Նյուրնբերգյան դատավարության ժամանակ, նացիստ բժիշկները վկայակոչեցին այս փորձը՝ ցանկանալով դրանով իսկ գտնել «նրբացուցիչ դեպք հանցանաց» իրենց վայրագությունների: Միջազգային ռազմական տրիբունալի վճռից հետո դատական նիստերի նույն դահլիճում սկսվեցին Նյուրնբերգյան ռազմական դատավարությունները: Նյուրնբերգյան դատավարության տարբեր փաստաթղթեր (արդեն հասանելի են, կան նաեւ հայերեն թարգմանված) այսօր հիշեցնում են, որ հազարավոր անմեղ մարդկանց, գերիների վրա բազմապիսի անմարդկային գիտափորձեր կատարած բժիշկների դատավարությունը տեւել է 1946թ. դեկտեմբերի 9-ից մինչեւ 1947թ. օգոստոսի 20-ը: Հենց այդ ժամանակ էլ դատավարությունների որոշումների հիման վրա ստեղծվեց գիտափորձեր կատարելու Նյուրնբերգյան բժշկական վարքականոնը՝ սկզբունքներ, որոնցով բժիշկները պետք է առաջնորդվեն իրենց գիտափորձերը կատարելիս։

Սակայն ինչու են հայ օգտատերերը հղում կատարում համաշխարհային դատավարության բժշկական վարքականոնին: Պատճառը հետեւյալն է: Ըստ նրանցից մի քանիսի, քովիդյան պատվաստումները չեն կարող առանց տարիների երկարատեւ ճշգրտումների, «ափալ-փաթալ» փորձարկվեն մարդկանց վրա, նրանց փաստարկմամբ՝ մենք գործ ունենք ոչ իրավական ընթացակարգի հետ՝ փորձարկումների հետ եւ ոչ թե՝ աշխարհում հաստատված միասնական ձեւաչափի:

Բանավիճողներից մեկը որպես հակափաստարկ բերել էր «Ռեմդեսիվիր»-ի օրինակը, որն այս պահին աշխարհում փորձարկումների փուլում գտնվող ավելի քան 150 դեղամիջոցներից մեկն է: Ըստ նրա էլ, եթե գիտնականները դեռ փորձում են պարզել, թե արդեն գոյություն ունեցող դեղերից որն է առավել արդյունավետ ազդում վիրուսի վրա, ինչպես կարող են պայքարել համավարակի դեմ:

COVID-ի դեմ նոր՝ ցողունային բջիջների օգտագործման վրա հիմնված դեղամիջոցի փորձարկումների մասին հայտնում են իսրայելական Հայֆա քաղաքի «Ռամբամ» կլինիկայի մասնագետները: Ըստ նրանց էլ՝ օրվա ընթացքում ընդամենը երեք ներարկումներ են պահանջվել, որպեսզի զգալիորեն բարելավեն հիվանդների վիճակը։ Նրանք պատրաստվում են փորձարկման երկրորդ փուլին:

Իսկ Եվրոպան ավետում է նոր սահմանափակումների մասին. Ֆրանսիայում օգոստոսի 9-ից ուժի մեջ կմտնի նոր փոփոխություն, որը պարտադիր կդարձնի առողջության անձնագիրը սրճարան այցելող, ինքնաթիռով կամ գնացքով երթեւեկող քաղաքացիների համար: Պատվաստման պահանջ էր մտցվել բուժաշխատողների նկատմամբ, Հունաստանում ծերանոցների անձնակազմերը, եթե մինչեւ օգոստոսի 16-ը չեն պատվաստվի, կհեռացվեն աշխատանքից: Իտալիայում օգոստոսի 6-ից հանրային փակ տարածքներում պաստվաստման անձնագիր կպահանջեն:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.08.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031