Օպերային մեցցո սոպրանո Վարսենիկ Ավանյանի հերթական գաղափարն իրականացավ
Համաշխարհային երաժշտարվեստի գանձարանում կան վաղուց հռչակ վայելող կոմպոզիտորների ստեղծագործություններ, որոնք դեռեւս չեն կատարվել կամ հազվադեպ են հնչում։ Այդ փաստը բնավ չի նշանակում, որ նման երկերը պակաս բարձրարվեստ են ու բարձրակարգ։
Վերջերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահում հանդիսատեսի համար եզակի առիթ էր ընձեռված ունկնդրել Բեթհովենի հազվադեպ կատարվող 15 վոկալ-կամերային ստեղծագործությունները՝ մասնակցությամբ օպերային թատրոնի մեներգչուհի, մեցցո սոպրանո Վարսենիկ Ավանյանի, նվագախմբի գլխավոր կոնցերտմայստեր, ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Աբրահամյանի, թավջութակահարների խմբի կոնցերտմայստեր Գառնիկ Ենգիբարյանի եւ դաշնակահարուհի Ելենա Վարդազարյանի։
Մինչ համերգին անդրադառնալը նշենք, որ «Առավոտի» հետ զրույցներում ե՛ւ մեր, ե՛ւ հյուրախաղորդ երաժիշտները քանիցս նշել են, որ թեեւ բեթհովենյան ստեղծագործական ժառանգության մեջ երգերը գրավում են շատ ավելի քիչ նշանավոր տեղ՝ քան, ասենք՝ կոմպոզիտորի 9 սիմֆոնիաները, 8 սիմֆոնիկ նախերգանքները, ջութակի եւ դաշնամուրի համար գրված 10 սոնատները, կոնցերտը ջութակի եւ նվագախմբի համար, եռակի կոնցերտները նվագախմբի հետ, 16 լարային կվարտետները, 6 տրիոն, լայն հանրությանը հայտնի «Էգմոնտ», «Կորիոլան» նախերգանքները եւ այլն, բայց դրանք՝ մոտ 80 երգ, 20 կանոն, մի շարք արիաներ եւ անսամբլներ, դեռեւս մնում են ոչ միայն չկատարված, այլեւ չուսումնասիրված։
Կարդացեք նաև
Մինչդեռ Բեթհովենն էր, որ գերմանական երգն առաջին անգամ նկատելիորեն բարձրացրեց առօրյա արվեստի մակարդակից՝ դարձնելով այն բազմազան ու բարդ գաղափարների, զգացմունքների արտահայտություն։ Առաջին երգը՝ «Հեռավոր սիրելիին», Էյթելեսի տեքստի վրա կոմպոզիտորը գրել է 1816թ.։ Մեր զրուցակիցները տեղեկացրել էին, որ Բեթհովենն ունի քաղաքացիական դրդապատճառներով ստեղծած վոկալ երգեր, որոնք գրվել են որպես արձագանք Ֆրանսիայում տեղի ունեցած հեղափոխական իրադարձություններին կամ, ասենք՝ Վիեննայի հայրենասիրական վերելքին։ Գեղարվեստական մեծ հետաքրքրություն են ներկայացնում կոմպոզիտորի կողմից ժողովրդական երգերի մշակումները՝ իռլանդական, շոտլանդական, բնականաբար՝ գերմանական եւ այլն։
Մենք կապվեցինք երգչուհի Վարսենիկ Ավանյանի հետ, քանի որ համերգի գաղափարը նրանն էր։ «Գաղափարը ծագել էր դեռեւս 2020թ. սկզբին, քանի որ տարին հոբելյանական էր կոմպոզիտորի համար. լրանում էր նրա ծննդյան 250-ամյակը։ Բայց հասկանալի պատճառով այն իրականացրինք միայն այս տարի։ Դիմեցի մեր թատրոնի գլխավոր կոնցերտմայստեր Գայանե Աբրահամյանին, որը ոգեւորությամբ ու պատրաստակամությամբ ընդունեց այն։ Կարճ ասած՝ անցանք աշխատանքի։ Շնորհակալ եմ երաժիշտներին, որոնք բացի օպերային թատրոնի խաղացանկային ներկայացումներից, փորձերից, մի քանի ամիս օրական 4-5 ժամ հատկացնում էին բեթհովենյան ծրագրին»,- ասաց մեր զրուցակիցը։ Խնդրեցինք մանրամասնել, թե բացի կոմպոզիտորի հոբելյանից, էլ ի՞նչը շարժառիթ հանդիսացավ նման գաղափարի համար։ Երգչուհին ասաց, որ մանրակրկիտ ուսումնասիրել է բեթհովենյան վոկալ ստեղծագործությունները ու ընտրել Գելլերտի հոգեւոր թեմատիկայով բանաստեղծությունների հիման վրա գրված 6 երգերից բաղկացած վոկալ շարքը, ինչպես նաեւ կոմպոզիտորի մշակած ժողովրդական երգերից, այդ թվում՝ դանիական, ռուսական, գերմանական եւ ուկրաինական։ «Ուսումնասիրություններիս արդյունքում պարզեցի, որ խորհրդային տարիներին բեթհովենյան երգերին անդրադարձել է ընդամենը մեկ երգչուհի՝ մեծանուն Զարուհի Դոլուխանյանը։
Առանձնացրածս երգերից կային այնպիսիք, որոնք ձայնիս համար չէին։ Այդ հարցում ինձ օգնեց երաժիշտ Թադեհ Նազարյանը՝ փոխադրելով դրանք»,- հայտնեց երգչուհին։
Բացի վոկալ ստեղծագործություններից, համերգում ընդգրկված օպերային թատրոնի երաժիշտներից կազմված դաշնամուրային տրիոն մեկնաբանեց կոմպոզիտորի դաշնամուրային տրիոյի (op. 11) երկրորդ մասը, ադաջոն, իսկ դաշնակահարուհի Ելենա Վարդազարյանն էլ՝ թիվ 23 սոնատի երրորդ մասը (op. 57)։ Հեռախոսազրույցի ընթացքում Վարսենիկ Ավանյանը քանիցս նշեց իր գործընկերների՝ դաշնամուրային տրիոյի բարձրարվեստ կատարումների մասին՝ համեստորեն լռության մատնելով ոչ միայն իր հիանալի կատարումները, այլեւ իր կատարած ծավալուն որոնողական աշխատանքը համացանցում, որտեղից «պեղել» էր ներկայացրած ստեղծագործությունները։
Դեռեւս որեւէ պետական կոչման չարժանացած երգչուհուն վերջին շրջանում հանդիսատեսը «շնորհել» է «պրպտող արտիստ» կոչումը։ Հիշեցնենք, որ այս տարի երգչուհին առաջինն էր, որ հանդես եկավ Պուլենկի «Ձայն մարդկային» մոնո օպերայով, գարնանն էլ Մոսկվայում՝ Ֆիլիպ Չիժեւսկու ղեկավարած Questa musica կամերային նվագախմբի եւ երգչախմբի հետ, դարձյալ առաջին անգամ, հնչեցրեց Տիգրան Մանսուրյանի՝ Գարսիա Լորկայի պոեզիայով գրված վոկալ շարքը ձայնի եւ դաշնամուրի համար ու Ներսես Շնորհալու աղոթքները՝ ձայնի եւ վոկալ անսամբլի համար։ Իսկ նշյալ կամերային նվագախմբի ընկերակցությամբ մեկնաբանել է Լուչիանո Բերիոյի Folk songs շարքը՝ բաղկացած 11 ժողովրդական երգից։
Մի դիտարկում. կարծում ենք ոչ միայն աշխարհահռչակ երաժիշտների երեւանյան համերգները պետք է տեսագրվեն ու TV-ներով ներկայացվեն լայն հանրությանը, այլեւ մեր արտիստների այսպիսի բացառիկ նախաձեռնություններն են արժանի նման վերաբերմունքի։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
05.08.2021