Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բաքվի կեղծ օրակարգն ավելի հնչե՞ղ է

Օգոստոս 06,2021 12:00

Մակրոնն էլ «հույժ կարեւորեց» Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծումն ու սահմանազատումը

Օգոստոսի 3-ին Նիկոլ Փաշինյանը՝ ՊՆ-ում Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանին եւ իր ելույթում արձանագրեց, որ Հայաստանի շուրջ ունենք բավականին լարված իրավիճակ։ Նա փաստեց, որ մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումներն ապօրինի կերպով հատել են ՀՀ սահմանը, եւ քննադատություններին, թե ինչու Հայաստանի զինված ուժերը միջոցներ չեն ձեռնարկում՝ այդ իրադրությունը հաղթահարելու համար, նա հակադարձել է. «Քանի դեռ կա հնարավորություն՝ իրադրությունը լուծել դիվանագիտական, քաղաքական ճանապարհով, մենք գնալու ենք այդ ճանապարհով: Եվ քանի դեռ տեսնում ենք նման հնարավորություն՝ պրոցեսները պիտի տանենք հենց այդ ճանապարհով»:

Միեւնույն ժամանակ Ն. Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է որոշակի ագրեսիվ քաղաքականություն վարել Հայաստանի նկատմամբ. «Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, թե ինքը տարածաշրջանում եւ Հայաստանի շուրջ ստեղծել է մի օրակարգ, եւ ինքը, ըստ էության, պարտադրում է այդ օրակարգը: Այսինքն՝ այդպիսի տպավորություն է ուզում ստեղծել: Պիտի արձանագրենք, որ մենք մեր սեփական օրակարգն ունենք, եւ Հայաստանի Հանրապետությունը, ըստ էության, եղել է եւ շարունակում է մնալ իր միջազգային պարտավորությունների շրջանակում: Եվ մի նրբության մասին նաեւ պիտի ձեզ տեղյակ պահեմ, որ այդ օրակարգի վերաբերյալ Ադրբեջանը փորձում է սեփական մեկնաբանությունները ներկայացնել, եւ ինչպես բազմիցս եմ ասել, նպատակն այդ օրակարգի հարցերի լուծման վիժեցումն է»:

Փաշինյանն ընդգծել է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է, ՀՀ տարածքով միջանցքի վերաբերյալ երբեք որեւէ պայմանավորվածություն չի եղել: Նա շեշտել է՝ Հայաստանի Հանրապետությունը ո՛չ բանավոր, ո՛չ գրավոր այդ թեմայի վերաբերյալ ոչ միայն որեւէ պարտավորություն չի ստանձնել, այլեւ բոլոր դեպքերում, երբ այդպիսի նախադասություններ հնչել են, հստակ իր դիրքորոշումներն արտահայտել է. «Այն պայմանավորվածությունները, որ ունենք, ըստ էության, արտահայտված են նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի հայտարարությունների մեջ»: Ապա՝ նա հավելել է, որ կա պայմանավորվածություն կոմունիկացիաների բացման վերաբերյալ եւ դա հստակ արձանագրված, ձեւակերպված է հունվարի 11-ի հայտարարության մեջ: «Ի՞նչ է գրված այդ հայտարարության մեջ: Այդ հայտարարության մեջ գրված է, որ Հայաստանի Հանրապետությունը պիտի հնարավորություն ունենա Ադրբեջանի տարածքով տարանցել բեռներ: Ադրբեջանը պիտի հնարավորություն ունենա Հայաստանի տարածքով տարանցել բեռներ: Ես ուզում եմ բոլորիդ ուշադրությունը հրավիրել հունվարի 11-ի հայտարարության տեքստի վրա. այնտեղ շատ հստակ գրված է, որ պետք է քննարկվեն եւ պայմանավորվածություններ ձեռք բերվեն մաքսային, սահմանապահ, սանիտարական, ֆիտոսանիտարական հսկողության վերաբերյալ: Այսինքն՝ կա հստակ արձանագրում, որ ինչպես ընդունված է տրամաբանորեն եւ ինչպես տեղի է ունենում, Հայաստանի տարածքը՝ որպես տարանցիկ ուղի օգտագործելու պարագայում, ինչպես մնացած բոլոր դեպքերում է, այդ հատումը պետք է տեղի ունենա այդ կանոններով. ինչպես են օրինակ այսօր հատում Վրաստանի կամ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիները: Այսինքն՝ այդ նույն կանոններով: Իհարկե, մենք այդ օրակարգն ենք ընդունել», – ասել է Փաշինյանը:

Նա անդրադարձել էր նաեւ սահմանների դեմարկացիայի եւ դելիմիտացիայի թեմային. «Մենք ընդունում ենք այդ օրակարգը եւ ընդունելու ենք այդ օրակարգը: Դա նաեւ մեր օրակարգն է, որովհետեւ ունենալ դեմարկացված եւ դելիմիտացված սահմաններ, մոտավորապես նույնն է, թե ունենալ պարիսպ սեփական երկրի շուրջ: Եվ ես շարունակում եմ այս դիրքորոշումն ունենալ: Նախկինում էլ այդ փաստաթղթի քննարկման ժամանակ մենք ասել ենք, որ մեզ համար անընդունելի է ադրբեջանական զորքերի ներկայությունը մեր տարածքում եւ այդ պայմաններում դեմարկացիայի ու դելիմիտացիայի պրոցես իրականացնելը: Եվ մենք այն ժամանակ հենց այս պայմաններն էինք առաջադրել՝ այդ խնդիրը լուծելու եւ այդ ճանապարհով առաջ գնալու համար»։

Այսպես, Փաշինյանն ընդգծում է, որ ՀՀ տարածքով միջանցքի վերաբերյալ որեւէ պայմանավորվածություն չի եղել՝ ոչ բանավոր, ոչ գրավոր: Հետեւաբար, իշխանություններին ինչո՞ւ չի հաջողվում Հայաստանի գործընկերների միջոցով հասնել նրան, որպեսզի «միջանցքային» թեման դուրս գա օրակարգից: Ինչո՞ւ է այդ գործընթացում ակտիվ ներգրաված Ռուսաստանը խուսափում Ադրբեջանին հակադարձել այդ հարցում՝ որպես եռակողմ ձեւաչափով հիմնական դերակատար:

Ավելին, օգոստոսի 3-ին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որը «հույժ կարեւորել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծումն ու սահմանազատումը»: Ստացվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող Ֆրանսիայի նախագահը նույնպես սկսել է կարեւորել այդ գործընթացը:

Այս պայմաններում, այո՛, ստացվում է, որ Հայաստան-Ադրբեջան խնդիրների քննարկման օրակարգը թելադրում է Ադրբեջանը, քանի որ Հայաստանին չի հաջողվում սեփական դիրքորոշումները ծանրակշիռ դարձնել, իսկ արդյունքում Բաքվի կեղծ օրակարգն ավելի հնչեղ է դառնում:

Կառավարության տարածած մամլո հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ համաձայնելով Մակրոնի նշյալ մտքին՝ Փաշինյանն ընդգծել է. «Հայ-ադրբեջանական սահմանազատումն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը որեւէ կերպ խաչաձեւվող գործընթացներ չեն: Նա կրկնել է սահմանի երկայնքով ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայելու, կամ նման որոշման անհնարինության դեպքում՝ որպես այլընտրանք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դիտորդական առաքելության տեղակայման առաջարկությունը»: Փաշինյանը նաեւ համոզմունք է հայտնել, որ տարածաշրջանային համատեքստ ունեցող նախաձեռնություններն ու քայլերը կարող են հաջողության հասնել, եթե դրանք արժանանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահող երկրների հավանությանը:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ կառավարության նիստում Փաշինյանը հայտարարել էր, թե հարկավոր է դիտարկել ռուս սահմանապահներին հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով տեղակայելու հնարավորությունը, եւ նշել, որ պատրաստվում է այս հարցը քննարկել ռուս գործընկերների հետ։ Օգոստոսի 3-ին ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել է այդ թեմային՝ նշելով, որ ՌԴ-ն ակտիվորեն մասնակցում է հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով սահմանապահներ տեղակայելու քննարկումներին. «Այդ գաղափարը մասամբ իրագործվել է Սյունիքի մարզում, որտեղ խնդրահարույց հատվածներում ռուս սահմանապահ ուղեկալներ են տեղակայված՝ ի հավելումն այն ծառայության, որն ավանդաբար պատվիրակվում էր ռուս սահմանապահներին. խոսքը Իրանի եւ Թուրքիայի հետ սահմանի մասին է»։ Այնուհետեւ դեսպանը հավելել է. «Ռուսաստանից բավական շատ հավելյալ միջոցներ են ներգրավվել, այդ թվում՝ զինվորական անձնակազմ, որը տեղակայվել է սահմանի խնդրահարույց՝ Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքներով խաչաձեւվող հատվածներում»: Ըստ դեսպանի՝ խնդրահարույց մյուս հատվածների վերաբերյալ հարցերն ակտիվորեն քննարկվում են ռուսական կողմի հետ։ Բացի այդ, խոսելով խնդրի կարգավորման մասին՝ ՌԴ դեսպանն ընդգծել է, որ դրա շուրջ քննարկումներին պետք է նաեւ ադրբեջանական կողմը մասնակցի. «Մենք հասկանում ենք այս խնդրի կարեւորությունը։ Ռուսական կողմը պատրաստ է համապատասխան քայլեր ձեռնարկել, եւ սա մի հարց է, որը հավելյալ քննարկումների կարիք ունի եռակողմ՝ Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան ձեւաչափով։ Այդ՝ գործնական աշխատանքը տարվում է»։

Մինչ պաշտոնական Երեւանը փորձում է սահմանային իրավիճակը կարգավորել, ադրբեջանական կողմը շարունակում է արդեն երրորդ ամիսը ՀՀ տարածքում մնալ: Ավելին, աբսուրդը հասել է նրան, որ Ադրբեջանից հնչում են հայկական կողմին դիմադրելու փորձեր: Օրերս Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Կենտրոնական հրամանատարական կետում ծառայողական խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են պաշտպանության նախարարի տեղակալները, տարբեր զորքերի հրամանատարները, նախարարության գլխավոր վարչությունների, վարչությունների ու ծառայությունների պետերը, ինչպես նաեւ տեսակապով՝ Արցախի գրավյալ տարածքներում տեղակայված զորամիավորումների եւ միավորումների հրամանատարներն ու պաշտոնատար այլ անձինք։ Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության եւ Ադրբեջանի կողմից կազմակերպված սադրանքների թեմայի մասին Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունում նշվել է. «Անդրադառնալով իրադարձություններին, որոնք վերջին շրջանում տեղի են ունեցել հայ-ադրբեջանական պետական սահմանի Քարվաճառի շրջանում, պաշտպանության նախարարը հրամայել է պատրաստ լինել ցանկացած սադրանքի, որոնք կարող են իրականացվել Հայաստանի զինված ուժերի կողմից ու անմիջապես կասեցնել դրանք»։ Բացի այդ, Հասանովը հրամանատարական անձնակազմին հրահանգել է արագորեն ավարտել զորքերի ինժեներական ապահովման, զորամասերը ձմեռային շրջանի նախապատրաստելուն, հատկապես՝ բարձրլեռնային շրջաններում տեղակայված ստորաբաժանումների ու դիրքերի աշխատանքները։ Ի դեպ, որ նման խորհրդակցություն Զաքիր Հասանովն անցկացրել էր հուլիսի 19-ին, որից հետո ինտենսիվացան ադրբեջանական կողմի սադրանքները Երասխի, ինչպես նաեւ Գեղարքունիքի մարզում հայկական դիրքերի ուղղությամբ։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.08.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031