Լրահոս
Օրվա լրահոսը

«Գիտե՞ք՝ քանի ծնող վատացավ, երբ տեսավ այդ շիրմաքարը»․44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներն ուզում են փոքր, համեստ շիրմաքար ու պուրակ

Օգոստոս 05,2021 23:15

44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներն ու հարազատները վրդովված են․ Պաշտպանության նախարարությունից ամիսներ առաջ խոստացել էին՝ Եռաբլուրի այն հատվածը, որտեղ հուղարկավորվել են տղաները, վերածելու են գեղեցիկ պուրակի, եւ շիրմաքարերն էլ լինելու են այնպիսին, ինչպիսին ծնողներն են կամենում՝ փոքր ու համեստ մի բան։

Երեկ ծնողները պարզել են, որ շիրմաքարերը բոլորովին այն չեն, ինչ խոստացել էին։

Aravot.am-ի հետ զրույցում Նարինե Շելելենկյանը պատմեց, որ սոցիալական ցանցում մի նկար են տեսել, որտեղ պատկերված մեծ տապանաքարը եղել է այն տարբերակը, որն այժմ առաջարկվում է ծնողներին։ Ծնողներով հավաքվել ու գնացել են Եռաբլուր, այնտեղ շիրմաքարերի երկու տարբերակ է եղել ցուցադրված։

«Դուք չեք պատկերացնի, թե քանի ծնող վատացավ, երբ տեսավ այդ շիրմաքարը։ Նախ` մեզ ասում էին՝ այդ հատվածը գեղեցիկ այգի է դառնալու, մենք էլ ասել էինք, որ չենք ուզում Եռաբլուրը վերածվի սովորական գերեզմանոցի՝ բարձր շիրմաքարերով, ինչպիսին նախկին պատերազմում զոհվածներինն է։ Ասել էինք, որ ուզում ենք պուրակի նման լինի, ինչպես օրինակ ԱՄՆ-ում է, (նկատի ունի Արլինգթոն ազգային գերեզմանատունը․ Ն․Բ․), կանաչապատ տարածք, փոքրիկ շիրմաքարերով, ու բոլորը միանման, այնպիսի վայր, որ մարդիկ գնան, խաղաղվեն։ Ծնողները նույնիսկ ասել էին՝ մենք մեր միջոցներով պատրաստ ենք դա անել, պետությանը չներքաշենք այս ամեն ինչի մեջ, ինչին ի պատասխան պաշտոնյաներն ասել են, որ իրենք էլ են պատրաստվում այդպես բարեկարգել ամբողջ տարածքը՝ անկյունները, որտեղ առաջին հատվածից անցում է երկրորդ հատված, կանաչապատ տարածք լինի, նստարաններ տեղադրվեն, խոսք է եղել, որ հուշաքարեր են լինելու ի հիշատակ պատերազմում անհայտ կորածների։ Այդ խոստումները վերացան, ու հիմա ծնողներին փաստի առաջ են կանգնեցրել, ցուցադրում են ավանդական գերեզմանաքարեր, մեկը մյուսի սարսափելի։ Ծնողները վատացել էին, ասում էին՝ կարծես քարե դագաղ լինի»,-պատմեց Նարինեն։

Նա Նարեկ Մեսրոպյանի քույրն է, Նարեկը զոհվել է հոկտեմբերի 19-ին, բուժծառայության մայոր էր, քույրն ասում է՝ Նարեկը գնում էր սահմանից վիրավոր զինվորներին էր հետ բերում։Այդ օրը, Աղդամում էր, քույրն ասում է՝ գնում էր ինքնավնասում գործած զինվորին հետ բերեր, նրան հորդորել էին սպասել մինչեւ գրադն ավարտվի, չի լսել, ասել է՝ չէ, մինչեւ սպասեմ, այդ տղան ոտքից կզրկվի։ 31-ամյա Նարեկը ԵՊԲՀ-ի օրդինատոր էր, կամավոր էր մեկնել ռազմաճակատ։ Քույրն ասում է՝ Նարեկը երկու փոքր երեխա ունի՝ մեծը՝ վեց տարեկան, փոքրը երկուս էլ չկա․«Վեց տարեկանին ասել ենք հայրիկի մասին, չի հավատում։ Մենք ինչպե՞ս նրան տանենք այդպիսի գերեզման, դժվար է, եւ այսպես շատ ծնողներ են ասում։ Եթե այդ տարածքը գեղեցիկ, պարզ պուրակ լինի, ավելի հեշտ կլինի երեխաներին տանել, կտանենք, կպատմենք՝ ինչու կամ ինչպես են զոհվել հայրն ու հոր ընկերները։

Հասկանում եք, սա շիրմաքարի կամ գերեզմանոցի կռիվ չէ, սա գաղափարի կռիվ է, եթե Եռաբլուրը վերածեն սովորական գերեզմանոցի՝ խորհուրդը կկորցնի։ Քսան տարեկան մի կին, կրծքի երեխան գրկին գրեթե ամեն օր գալիս է Եռաբլուր, վեց տարեկանից բարձր երեխաներ են գալիս իրենց հայրիկների մոտ, որեւէ մեկը պատկերացնո՞ւմ է դա ինչ է երեխաների համար, ծնողների, կանանց համար։ Մարդիկ քարի մոտ չեն գնում։ Որքան էլ թանկարժեք լինի այդ քարը, ծնողները այդ տարբերակը չեն ուզում, ուզում են Եռաբլուրում լուսավոր միջավայր լինի, մի փոքր սպիտակ քար՝ գրքի նման բացված, բոլորինը նույն ձեւի ու նույն չափսի, վրան գրված լինի անուն, ազգանունը, փոքրիկ նկար ու փոքր պատմություն զոհվածի մասին։ Անարձագանք է մնացել այս առաջարկը։

Սա պատասխանատուների չգիտակցված մոտեցում է, չեն ընկալում Եռաբլուրի գաղափարը։ Այնտեղ, որ մամային մոտենաս՝ իր երեխայի մասին մի պատմություն կպատմի, դա այլ վայր է, ինչպե՞ս է հնարավոր դա դարձնել վախեցնող, սովորական տարածքի»։

Նարինեն այս խնդրի առնչությամբ փորձել է պատասխանատուների հետ կապ հաստատել, ու պարզել իրավիճակը, ՊՆ-ի թեժ գծին է զանգել, անպատասխան են մնացել բոլոր զանգերը։

Լուսանկարները՝ Նարինեի ֆեյսբուքյան էջից:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031