Օգոստոսի 5-ին Արթուր Հարությունյանի նախագահությամբ կայացել է ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի նիստը:
Օրակարգում 3 օրենքների նախագծերի քննարկման հարցերն էին:
ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի տեղակալ Վ. Առաքելյանի տեղեկացմամբ՝ առաջիկայում նախատեսվելիք «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների հաշվին տեղահանված անձանց համար մեծ քանակի բնակելի տների, բնակարանների, ինչպես նաև սոցիալական ենթակառուցվածքների կառուցված աշխատանքները՝ ԱԱՀ ազատման գործընթացն առավել դյուրինացված ձևով կազմակերպելու նպատակով ««Ավելացված արժեքի հարկի մասին օրենքում» փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է դրանք անմիջականորեն ազատել ԱԱՀ-ից՝ առանց բարեգործական հանձնաժողովի որակման:
Նախագծի ընդունմամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների հաշվին ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը կազատվի ԱԱՀ-ից՝ Արցախի Հանրապետության կառավարության սահմանված կարգով:
Կարդացեք նաև
««Ավելացված արժեքի հարկի մասին օրենքում» փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի մեկ այլ փոփոխությամբ առաջարկվում է կառավարության որոշմամբ սահմանել ավելացված արժեքի հարկի հաշվին հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարի մեծության որոշման կարգ, որը կապահովի զրոյական դրույքաչափի կիրարկումը:
Օրենքի նախագծի ընդունման արդյունքում էականորեն կնվազեցվի ԱՀ տարածքից արտահանում իրականացնող կազմակերպությունների հարկային բեռը և, հետևաբար, դրական կանդրադառնա երկրից արտահանման ծավալների վրա:
ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Ս.Գալստյանը ներկայացրել է ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի մշակումը պայմանավորված է հանրային լայն շրջանակների միջին եկամուտների և բնակելի տների կամ բնակարանների պետական գրանցման համար նախատեսված պետական տուրքի վճարների ընդունելի հարաբերակցություն ապահովելու, ինչպես նաև Արցախի Հանրապետությանը մի շարք ծառայությունների գծով պետական տուրք վճարելուց ազատելու անհրաժեշտությամբ:
Միաժամանակ մինչև 2001 թվականի հունվարի 1-ը ձեռքբերված անշարժ գույքի նկատմամբ սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցում կատարելու համար պետական տուրքի վճարումից սեփականատերերին ազատելը բխում է նշված անշարժ գույքերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և դրանք իրավական և հարկային դաշտ բերելու գործընթացը խթանելու անհրաժեշտությունից:
Նախագծով առաջարկվում է «Պետական տուրքի մասին» օրենքով նախատեսված որոշակի ծառայությունների գծով պետական տուրքի չափերի նվազեցում և պետական տուրքի վճարումից ազատում:
Նախագծերի հեղինակները պատասխանել են պատգամավորների բարձրացրած հարցերին:
Ներկայացված 3 օրինագծերն էլ արժանացել են հանձնաժողովի դրական եզրակացությանը և ընդգրկվել առաջիկա արտահերթ նիստի օրակարգում:
Նիստին ներկա էր ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին