Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ասել եմ՝ պարզեք՝ հոկտեմբերի 5-ին ո՞ւմ է զանգել Սերգո Կարապետյանը, ինչո՞ւ հանկարծ քննիչը մարդկանց սկսեց հարցաքննության կանչել ծանուցագրերով». Ամրամ Մակինյան

Օգոստոս 05,2021 17:51

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով օգոստոսի 5-ին տեղի ունեցած դատական նիստին մեկնարկեց ապացույցների հետազոտման փուլը:

Hearings of the RA third President Serzh Sargsyan took place at the Court of General Jurisdiction of Avan and Nor-Nork Administrative Districts

Նիստին ներկա է Սերժ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ 2020-ի դեկտեմբերի 4-ին ՀՔԾ-ն հայտարարեց, որ իրենց վարույթում քննվող դիզվառելիքի վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել՝ «Ֆլեշ» ՍՊԸ սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափի՝ մոտ կես միլիարդ ՀՀ դրամի հափշտակություն կազմակերպելու համար:

Hearings of the RA third President Serzh Sargsyan took place at the Court of General Jurisdiction of Avan and Nor-Nork Administrative Districts

Մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանը դատական նիստի ընթացքում հանդես եկավ հայտարարությամբ: Նա հայտնեց, որ զեկուցագիր է ներկայացրել գլխավոր դատախազին, որը հետո գնացել է ԱԱԾ: Նա ներկայացրեց ԱԱԾ քննչական դեպարտամենտի որոշումը, որում մասնավորապես ամրագրված է. «Հիմնազուրկ ենք այն ենթադրությունները, թե հոկտեմբերի 5-ին ՀՔԾ-ում գտնվող Սերգո Կարապետյանի նկատմամբ հարկադրանք է տեղի ունեցել, ինչի արդյունքում վերջինս Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք է տվել»:

Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանն արձագանքեց. «Զարմացած եմ, որ քրեական գործով ներգրավվել է ևս մեկ մեղադրող, ԱԱԾ քննիչ: Ակնհայտ է, որ մեղադրանքի կողմը, օգտագործելով իր հնարավորությունները միասնական հսկողություն իրականացնելու նաև ԱԱԾ նկատմամբ, այս առիթը բաց չի թողնում և քննիչի որոշմամբ փորձում է հիմնավորել, որ իմ ներկայացրած փաստարկները հիմնազուրկ են: Նյութերի նախապատրաստման փուլում բոլորս էլ գիտենք՝ քննիչը չէր կարող ունենալ այն գործիքակազմը իմ ներկայացրած փաստերը ապացույցները, որոնք ես տրամաբանական կապով ամրագրված ներկայացրել եմ: ԱԱԾ քննիչ նաև ՀՔԾ քննիչի պաշտպանի դերն է ստանձնել. շատ զարմանալի է: Չկա ԱԱԾ քննիչի անհրաժեշտություն, որ սկսի պաշտպանի դեր ստանձնել ՀՔԾ քննիչի համար: Ես անկեղծ գնահատում եմ դատախազի ջանքերը, բայց ես քննիչին նյութերի նախապատրաստման ընթացքում հարց եմ բարձրացրել՝ ասել եմ՝ պարզեք, թե հոկտեմբերի 5-ին ում է զանգել Սերգո Կարապետյանը»:

Ամրամ Մակինյանը դատարանի դահլիճում հարցականի տակ դրեց այն հանգամանքը, թե ինչու է քննիչը հարցաքննություն կանչելու ձևը փոխել, այսպես ասած, քննության տակտիկան փոխել ու հայտարարեց. «Քննիչը որդեգրել էր մարդկանց հեռախոսով հարցաքննության կանչելու մարտավարությունը: Բայց ինչ-որ փուլում մարդկանց՝ տվյալ պարագայում Սերգո Կարապետյանին հարցաքննության կանչելու ոճը փոխվել է: Ինչո՞ւ: Ես ցույց կտամ, թե որ պահին է փոխել: Այս գործի նախաքննության փուլից այս քրեական գործով մարդիկ կանչվում են հարցաքննության առանց ծանուցագրերի, մեկ էլ կանչվում են ծանուցագրերով: Դրա համար պիտի լինի առիթ, երբ քննիչը փոխում է իր քննության առիթը: Ծանուցագիրը պարունակում է հարկադրանքի տարրերի նշումներ: Եվ դրանից հետո փոխվում է այս քրեական գործով ողջ իրավիճակը»:

Արսեն Մարտիրոսյանը հակադարձեց՝ հարցաքննության կանչելու ձևը քննության տակտիկայի հետ կապ չունի ու շարունակեց. «Խորհուրդ կտամ նույն բանը չկրկնել: Ներկայացրեցի համապատասխան դատավարական որոշում, որով Ձեր կողմից արված հայտարարություններին տրվել են իրավական գնահատականներ»:

Շուրջ երկու ժամ տևած դատական նիստի ընթացքում միջնորդություն հնչեց 10 րոպեով ընդմիջել այն: Ընդմիջումից հետո շարունակվեց ապացույցների հետազոտումը: Պաշտպանական կողմը միջնորդեց հետաձգել դատական նիստը՝ պատճառաբանելով՝ փաստաթղթեր են հրապարակվում, որոնք կապված են թվերի հետ, և լրացուցիչ հետազոտման անհրաժեշտություն ունեն:

Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին՝ ժամը 14:00-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031