«Հայ-Հնդկական Բարեկամություն» հասարակական կազմակերպության համահիմնադիր և նախագահ պարոն Ռանանջայ Անանդը Հայաստանում է Մհեր Մկրտչյանի թողած ժառանգության հիշատակմանը նվիրված նախագծի կազմակերպման համար: Պարոն Անանդը վրացի կինոպրոդյուսերի հետ համատեղ վավերագրական ֆիլմի համահեղինակ է, որը պատմում է լեգենդար հայ դերասանի և նրա` հնդկական ֆիլմերում ունեցած դերի մասին: Նկարահանումներից դուրս մենք արագ հարցազրույց ունեցանք նրա հետ:
-Պարոն Անանդ: Բարի գալուստ Հայաստան: Ի՞նչն է բերել ձեզ այստեղ
Շնորհակալություն: Այս տարի, «Հայ-հնդկական Բարեկամություն» հասարակական կազմակերպությունը նշում է իր հիմնադրման 10 տարին: Բացի այդ, հաջորդ տարի Հնդկաստանը կնշի իր Անկախության 75-ամյակը, որի համար Հնդկաստանի կառավարությունը նախատեսում է մեկամյա ծրագրերի շարք: Տոնակատարությունների շրջանակում մենք համագործակցում ենք վրացի կինոպրոդյուսեր Դավիթ Բեժիտաշվիլիի հետ ՝ Հայ և միջազգային հանդիսատեսին հնդկական ֆիլմերում Ֆրունզիկ Մկրտչյանի ներգրավվածության պատմությունը ներկայացնելու համար: Վավերագրական ֆիլմը կոչվում է «Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ», որում Հնդկաստանի, Հայաստանի և Վրաստանի հայտնի հասարակական դեմքեր կպատմեն դերասանի կյանքի ու նրա հետ ունեցած իրենց կապերի մասին: Իհարկե, հիմա չեմ կարող բացահայտել այն մարդկանց անունները ովքեր կլինեն ֆիլմում, սակայն հանդիսատեսին անակնկալ է սպասվում:
-Ինչո՞ւ որոշեցիք ֆիլմ նկարահանել Ֆրունզիկի մասին:
-Մհեր Մկրտչյանը Հայաստանի լավագույն դերասաններից մեկն է։ Տարիներ առաջ ոգևորվեցի, երբ իմացա, որ նա նկարահանվել է նաև հնդկական երկու հայտնի ֆիլմերում: Սակայն, երբ այցելեցի Հայաստան, զարմացա, որ շատերը չգիտեն այս մասին: Հետևաբար, երբ իմ ընկեր Դավիդը ինձ հետ կիսվեց վավերագրական ֆիլմ ստեղծելու իր գաղափարով, ես և իմ կազմակերպությունը ուրախ էինք նպաստել դրա նկարահանմանը: Կարծում եմ, որ ֆիլմը հաղորդակցության ամենաուժեղ միջոցներից է, և այս վավերագրական ֆիլմը հսկայական դեր կխաղա Հնդկաստանի, Հայաստանի ինչպես նաև Վրաստանի միջև կապերի ամրապնդման գործում: Ե՞րբ է ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա օգոստոսի 14 -ին, երեկոյան ժամը 19 -ին, Երևանի Մոսկվա կինոթատրոնում: Բացի նրանից, որ միջոցառմանը ներկա են լինելու Հնդկաստանից ժամանած բարձրաստիճան հյուրեր, ՀՀ կառավարության և Հայաստանում տեղակայված դիվանագիտական ներկայացուցչությունների անդամներ , մուտքը ազատ է լինելու հանրության համար ևս:
-Դուք ասացիք, որ այս տարի լրանում է ձեր ՀԿ –ի 10 –ամյակը: Ի՞նչը դրդեց Ձեզ հետաքրքրվել հայ–հնդկական հարաբերություններով:
Կարդացեք նաև
-Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունս ծնվեց, երբ 2009 թվականին հանդիպեցի կնոջս Ռուզաննա Աշուղյանին: Այն ժամանակ Հայաստանում հնդիկների և Հնդկաստանում հայերի մասին բավական տեղեկացվածություններ չկային: Նույնիսկ չէր գործում պատշաճ վիզային ռեժիմ: Հայ-հնդկական հարաբերություները սերտացնելու համար մենք գրանցեցինք «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ն և սկսեցինք համագործակցել Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան հետ մշակութային և կրթական տարբեր ծրագրեր իրականացնելու հարցում: Սերտ համագործակցել ենք նաև Հնդկաստանում ՀՀ Դեսպանատան հետ։ Տարիներ անց Երեւանում հիմնադրեցինք նաև Հնդկական Մշակութային Կենտրոնը, որտեղ հայերը կարող են սովորել հնդկական լեզուներ, պար, երգ, յոգա, հինա և այլն: Ինչպես տեսնում էք, իմ կապը Հայաստանի և հայերի հետ ունի ավելի քան 10 տարվա պատմություն:
-Ի՞նչ գնահատական կտաք հայ–հնդկական հարաբերություններին։
– Թեպետ հայ-հնդկական հարաբերությունները գալիս են դեռ հին ժամանակներից, կարծում եմ, որ դրա ողջ ներուժը մնում է չօգտագործված: Ունենք հայ-հնդկական տնտեսական կապերի խթանման մեծ անհրաժեշտություն, ինչը կօգնի համապատասխանաբար ամրապնդել երկկողմ հարաբերությունները: Տարիների ընթացքում երկու երկրների միջև կնքվել են բազմաթիվ փոխըմբռնման հուշագրեր, սակայն դրանք ընդհանուր առմամբ մնացել են թղթի վրա: Ներկայիս աշխարհաքաղաքական նկարագրի պայմաններում մեր երկրների շահերը համընկնում են ավելի քան երբևէ, ուստի մենք շարունակելու ենք աշխատել այդ ուղղությամբ։
Դավիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ