«Ճշմարտությունն այն է, որ մեր խմբակցությունից որեւէ մեկը չի ուզում ընտրել Իշխան Սաղաթելյանին։ Որեւէ մեկն առհասարակ չի ուզում ձեզանից որեւէ մեկին ընտրի ԱԺ փոխնախագահի պաշտոնում, բայց մենք ունենք քաղաքական որոշում։ Փորձը ցույց է տալիս, որ մեր խմբակցության որոշումներն իրականացվում են։ Որոշել ենք ապահովել նվազագույն ձայները»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։
Ինչպես հայտնել էիք, «Հայաստան» դաշինքից ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու Իշխան Սաղաթելյանը երկրորդ անգամ չընտրվեց, ինչից հետո իշխանությունն առաջարկեց, որ միայն իրենք մասնակցեն քվեարկությանը, ապահովեն նվազագույն ձայներ, ընդդիմությունն էլ չհամաձայնեց՝ պնդելով, որ այդպես իշխանությունն ուզում է ցույց տալ, թե իրականում ընդդիմությունից են եղել պատգամավորներ, որոնք չեն քվեարկել կամ դիտավորյալ անվավեր են դարձրել քվեաթերթիկը։
«Մենք մեր թիվն ապահովել ենք, պատճառ չունենք չանելու»,-վստահեցրեց Էդուարդ Աղաջանյանը։ Նա դիմեց ընդդիմությանը․ «Մենք պետք է իմանանք նվազագույն թիվը, որի պարագայում պարոն Սաղաթելյանը կընտրվի։ Այդ թիվը դուք պետք է մեզ ասեք։ Մենք չենք ակնկալում, որ դուք մեզանից ձայներ խնդրեք կամ մուրաք, ակնկալում ենք, որ թիվ ասեք։ Մենք չենք կարող այդ թիվը մեզանից հորինել։ Դուք ձեր մեջ պետք է քննարկեք ու որոշեք։ Մի գցեք մեր վրա»։
Կարդացեք նաև
Ապա «Հայաստան» դաշինքից Արամ Վարդեւանյանը հայտարարեց՝ հաշվի առնելով Աղաջանյանի ելույթի սկզբի հատվածը՝ ակնհայտ է, թե ով է սարքել այս ամենը․ «Ախր այսքան ակնհայտ ճշմարտության պայմաններում մեղքն ընդդիմադիրների վրա բարդելու համար տաղանդ պետք է ունենալ»։
Խոսելու ընթացքում Արամ Վարդեւանյանը իշխանական պատգամավորների շարքերում ժպիտներ տեսավ ու ակնարկեց՝ զարմանում է, բայց եւ գուցե դա իրենց քաղաքական մշակույթի մասն է։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ