Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԴԽ-ն Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով գնաց խորհրդակցական սենյակ

Օգոստոս 05,2021 17:01

Քիչ առաջ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) ավարտեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին (լիազորությունները կասեցված են) պատասխանատվության ենթարկելու հարցով դատական նիստը: ԲԴԽ-ն գնաց խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու: ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը տեղեկացրեց՝ ԲԴԽ որոշումը կհրապարակվի օգոստոսի 16-ին ժամը 15:00-ին:

Հիշեցնենք՝ նախորդ դատական նիստն ընդմիջվել էր armdaily.am-ից լրացուցիչ ապացույցներ պահանջելու հիմքով ՝ մասնավորապես Դավիթ Գրիգորյանի հետ հարցազրույցի ձայնագրությունը: ԲԴԽ-ն ստացել է լրատվամիջոցի պատասխանը: Գագիկ Ջհանգիրյանն այն ընթերցեց. «Ձայնագրությունները պահպանվում են առնվազն երեք ամիս: Դավիթ Գրիգորյանի հետ հարցազրույցն արվել է մարտի 30-ին, հետևաբար նյութական կրիչի վրա այն չի պահպանվել: Համենայն դեպս, հարցազրույցի հրապարակումից հետո դատավոր Գրիգորյանը որևէ առարկություն, պահանջ չի ներկայացրել լրատվամիջոցին»:

Հիշեցնենք՝ Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ներկայացրել էր ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Իբրև հիմք՝ նախարարը ներկայացրել էր 2021 թվականի մարտի 30-ին armdaily.am կայքում հրապարակված հարցազրույցը դատավորի հետ: Այդ հարցազրույցում, անդրադառնալով Սահմանադրական դատարանի կողմից ենթադրյալ սահմանադրական կարգի տապալման ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը Սահմանադրությանը հակասող ճանաչելու որոշմանը, Դավիթ Գրիգորյանն ասել էր. «Ես համոզված էի, որ ՍԴ-ն կայացնելու է օբյեկտիվ դատական ակտ, քանի որ իմ կողմից դիմումում կոնկրետ հարց էր բարձրացվել՝ որոշակիության հետ կապված»: Իսկ մեղադրանքի վերաորակման հնարավորության մասին էլ ասել էր, որ դա հնարավոր է միայն քրեական դատավարության 309.1 հոդվածի սահմանված հիմքով:

ԲԴԽ անդամները Դավիթ Գրիգորյանից հետաքրքրվեցին՝ ամբողջ հարցազրույցի էությունից փոփոխություններ կա՞ն, թե՞ այն, ինչ ներկայացվում է, համապատասխանում է իր հարցազրույցին: Դավիթ Գրիգորյանի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանույշ Սահակյանը փաստեց. «Հարցազրույցը սկսվում է պարոն Գրիգորյանի խոսքով՝ առանց լրագրողի հարցի: Իսկ եթե ձայնագրությունը չկա, մենք չենք կարող սպեկուլյացիայով զբաղվել: Բովանդակային առումով, այո, այդ հարցի շուրջ զրույց եղել է»:

Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը, անդրադառնալով այն փաստմանը, թե հարցազրույցում հարցը չի հնչում, վստահեցրեց. «Ինչպե՞ս կարելի է ենթադրել, որ մի լրագրող առանց որևէ համատեքստի, առանց հնչեղություն ունեցող գործի, հանկարծ հետաքրքրվել է՝ եթե ՍԴ-ն որոշում կայացնի, որ 300.1 հոդվածը հակասահմանադրական է….առնվազն միամտություն է»:

Սիրանույշ Սահակյանը ի պատասխան հայտարարեց. «Ցավով եմ արձանագրում, որ արդարադատության նախարարի տեղակալի դիրքորոշումները հակասում են իրավական անհերքելի սկզբունքներին: Քաջատեղյակ եք, որ մեղքը չի հիմնավորվում ընդամենը ենթադրություններով, այլ ապացույցներով, և դրանց հիմքում պետք է ընկած լինեն փաստական տվյալներ»:

Սիրանույշ Սահակյանը պնդեց՝ միջնորդությունը ենթակա է մերժման: Դավիթ Գրիգորյանն էլ հայտարարեց. «Կոնկրետ և գործուն միջամտություններ չեն ձեռնարկվել, որ հրապարակված մտքերը՝ որպես կարծիք դիտարկելու առումով փաստական տվյալներ բերվեն: Նախաձեռնող մարմինն այսօր էլ մեկ անգամ ևս նշեց, որ իրենք չեն կողմնորոշվում՝ ինձ վերագրվող խախտումը կատարել եմ դիտավորությա՞մբ, թե՞ անփութությամբ: Սա եզակի դեպք է, երբ նախաձեռնող մարմինը չի կարողանում կողմնորոշվել, թե իր իսկ կողմից դատավորին վերագրվող արարքը որն է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031