Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի որոշմամբ փոխվեց Գորիս համայնքի «Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հայկ Խաչատրյանի խափանման միջոց կալանքը։ Այս մասին ֆեյսբուքի էջում տեղեկացնում է Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը։
Հայկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրօրենսգրքի 149.1 հոդվածի 2-րդ մասի 1–ին եւ 2-րդ կետերով (նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուց կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն խոչընդոտելը, որը կատարվել է ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով եւ պաշտոնեական դիրքն օգտագործելով):
Մասնավորապես, ըստ նախաքննական մարմնի՝ Խաչատրյանը մշակույթի կենտրոնի գրադարանավար Արմիդա Աղաբեկյանին եւ մյուս աշխատակիցներին հարկադրել է մասնակցել «Հայաստան» դաշինքի կողմից 2021թ. հունիսի 7-ին Գորիսում կայացած նախընտրական քարոզչության հանրահավաքին։ Իսկ հունիսի 15-ին սպառնացել է աշխատանքից ազատել գրադարանավար Արմիդա Աղաբեկյանին, խոչընդոտել է մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքին՝ աշխատակցուհուն անվանելով դավաճան։
Նշենք, որ Հայկ Խաչատրյանի դատաքննությունն արդեն սկսվել է, եւ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Նապոլեոն Օհանյանի վարույթում է։
Կարդացեք նաև
Հերթական նիստը օգոստոսի 17-ին է։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ