«Հայաստան» դաշինքից Իշխան Սաղաթելյանը երկրորդ անգամ չընտրվեց ԱԺ փոխնախագահ: Խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Aravot.am-ի հարցին՝ Իշխան Սաղաթելյանի թեկնածության մասով տարաձայնություն կա՞ ընդդիմության ներսում, որովհետեւ նման տեսակետ է հայտնել ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ պատասխանեց. «Կոնջորյանն ուղղակի պետք է տիրություն անի իր խմբակցությանը: Երբ ԱԺ պատգամավորի ձեռքը տալիս են քվեաթերթիկ՝ որեւէ մեկին ընտրել կամ չընտրելու, պետք է ունենան տղամարդկություն, ասեն՝ «դեմ» ենք քվեարկում, ոչ թե խաղ խաղան, մուկն ու կատու խաղան»:
Հարցին իրենք վստահեցնում են, որ քաղաքական որոշում ունեն ու «կողմ» են քվեարկել, դուք վստա՞հ եք, որ այդ «անվավեր» քվեաթերթիկները հենց իրենց պատգամավորներինն են՝ Գեղամ Մանուկյանը պատասխանեց, որ տեխնոլոգիաներից մի քիչ հասկացող մարդը պատկերացնում է, թե ինչու է քվեաթերթիկների այդ պատկերը: Թե ի՞նչ նպատակ են հետապնդում, ըստ Մանուկյանի, ուզում են դիմեն իրենց՝ եւս երկու քվե տալու համար. «Բայց «Հայաստան» դաշինքը որեւէ կոմպրոմիսի չի գնալու եւ դիմելու որեւէ հարց չունի: «Հայաստան» դաշինքը իր թեկնածուի տերն է, առաջադրել է թեկնածուին»:
Կոնջորյանի ասածին, որ եթե անհաղթահարելի տարաձայնություններ ունեք ձեր թիմի ներսում, դիմեք մեզ, կաջակցենք՝ Գեղամ Մանուկյանն արձագանքեց. «Խաղ է ու շատ խորը չմտածված խաղ է: «Հայաստան» դաշինքը եկել է ոչ թե պաշտոն բաժանելու, այլ կարեւոր նպատակների համար, դրա համար մեզ մոտ դիրքորոշումները հստակ են»:
Կանոնակարգով որեւէ սահմանափակում չի դրվում ԱԺ փոխնախագահի ընտրությունների համար քվեարկությունների քանակի առնչությամբ. «Մենք կմնանք գերի մեծամասնության այդ խաղին, տեսնենք ինչքան կխաղան»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ