Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Յա՜, մեզ էսքան հարիֆ եք տեսե՞լ»․ ընդդիմությունը «գնդակը քցեց» ՔՊ-ի դաշտ․ Սաղաթելյանը վերջինիս «սրտի թեկնածուն» չէ

Օգոստոս 05,2021 16:06

Ինչպես հայտնել էինք, «Հայաստան» դաշինքի կողմից ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու Իշխան Սաղաթելյանն այսօր երկրորդ անգամ չընտրվեց։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկեց հարցը ժամանակավորապես առկախել, քանի որ օրենսդրությունը տալիս է նման հնարավորություն։

«Հայաստան» դաշինքից Արծվիկ Մինասյանն էլ նկատեց՝ ԱԺ կանոնակարգ օրենքը փոխնախագահի ընտրվելու դեպքի համար չի սահմանել քանակ․ «Կանոնակարգի մեկ այլ նորմն ասում է, որ մինչեւ ԱԺ հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկման ավարտը տեղի են ունենում ամենօրյա նիստեր։ Բացի այդ, կա հարցերի քննարկման հերթականություն։ Առանց հետին մտքի, եթե տրամադրված ենք այս հարցը լուծելուն եւ հետո նոր առաջ անցնելուն, ճիշտ կլինի, որ հիմա շարունակենք նույն հարցը քննարկել։ Եթե չկա վճռականություն, վերահաստատում ենք մեր տեսակետը։ Մեր մոտ բան չի փոխվել, թեկնածուն նույնն է»։

Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ վճռականություն կա, բայց իր առաջարկը բխում է կանոնակարգ օրենքից առ այն, որ նիստը պետք է շարունակվի․ «Նոր զրուցում էի ձեր խմբակցության ղեկավարի ու պարոն Ռուստամյանի հետ։ Առաջարկիս իմաստն այն է, որ ժամանակ շահենք, եւ խոսքը չի գնում տասը օր հետո քննարկելու մասին։ Առաջարկում եմ անցնել հաջորդ հարցի քննարկմանը, ինչն օրենքով արգելված չէ, եւ ժամանակ կունենանք այս հարցը լուծելու, որովհետեւ այլ տարբերակում եկեք մի հատ էլ Իշխան Սաղաթելյանին առաջադրենք ու տեսնենք, թե քանի անվավեր կստացվի։ Կարող եմ հենց հիմա նորից նույնն անել»։

«Հայաստան» դաշինքից Արմեն Ռուստամյանը շեշտեց՝ երկուստեք հասկանալի է, որ երրորդ փոխնախագահի պաշտոնը, անկախ թափուր մնալ-չմնալուց, միեւնույնն է, վերապահված է ընդդիմությանը․ «Եթե ուզում ենք ԱԺ մարմինները ձեւավորվեն, եւ այս քվեարկության վրա չկանգնենք, ապա քարը թափեք ձեր փեշից ու քվեարկեք։ Ձայների քանակ դուք ունեք, ոչ թե մենք։ Մեր ձայները չեն կարող ավելացվել, դուք ձեր ձայներն ավելացրեք եւ նրանց, ովքեր քվեաթերթիկներն անվավեր են դարձնում, կոչ արեք նման ձեւով չխափանեն քվեարկությունը։ Շատ տարօրինակ ձեւով եթե գումարենք անվավեր քվեաթերթիկները, կստացվի այնքան ձայն, որքան պետք է՝ 54»։

Ի պատասխան Ալեն Սիմոնյանն առաջարկեց չմանրանալ, թե ով ինչ է արել։ Ռուստամյանն ասաց, որ որեւէ մեկին չի մեղադրում, բայց բոլորը պետք է հասկանան, որ ժամավաճառության մեջ այսպես բոլորն են ընկնում․ «Մենք շահագրգիռ չենք, որ սա այսպես երկարի»։ Ալեն Սիմոնյանը պնդեց, որ իրենք էլ շահագրգիռ չեն։

Ապա Սիմոնյանը երրորդ անգամ թեկնածու առաջադրելու համար խոսքը տվեց «Հայաստան» դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանին, որը կրկին հաստատեց՝ իրենց թեկնածուն Իշխան Սաղաթելյանն է․ «Առաջարկում եմ ընտրենք, հետո շարունակենք»։

«Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանն էլ իր հերթին հաստատեց, որ իրենց դաշինքը պաշտպանում է Սաղաթելյանի թեկնածությունը։ Ապա ՔՊ-ից Վահագն Ալեքսանյանն ու Էդուարդ Աղաջանյանն առաջարկեցին, որ ընդդիմադիր խմբակցությունները քվեարկությանը չմասնակցեն, փոխարենը ՔՊ-ն 54 ձայնն ապահովի։ Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ իրենք մասնակցելու են քվեարկությանը, մնացածը թող ՔՊ-ն որոշի։

Իշխան Սաղաթելյանն էլ իր հերթին հայտարարեց՝ չէր ուզի, որ ԱԺ-ն վերածվի կրկեսի, բայց կատարվողից արդեն պարզ է սցենարը․ «Ավելի արժանապատիվ է հայտարարելն ու դեմ քվեարկելը, քան քվեաթերթիկներն անվավեր սարքելը։ Եթե որեւէ իշխանական պատգամավորի մտքով անցնում է, որ կարող է չքվեարկել, որպեսզի մենք գնանք սակարկությունների, ապա չի ստացվելու»։

ՔՊ-ից Ռուբեն Ռուբինյանը հարցրեց Սաղաթելյանին․ «Ձեր թիմակիցներից մեկը, կարծեմ թե դուք էիք, ասում էր, որ դուք չեք եկել մեծամասնության ձայները խնդրելու։ Արմեն Ռուստամյանի առաջարկից պարզ էր, որ ավելի շատ ձայներ եք ակնկալում։ Ի վերջո, ի՞նչ եք ուզում։ Մենք նվազագույն ձայներն ապահովել ենք, ավելի՞ն եք ուզում, թե ոչ»։ Սաղաթելյանը պատասխանեց․ «Հենց դա էի ասում՝ սցենարը պարզ է։ Մուկ ու կատու չենք խաղում։ Թեկնածու ենք առաջադրել, քվեարկեք․․․չեք քվեարկում, շարունակեք նույն կերպ։ Եթե ուզում եք, որ այս ամբիոնից խնդրեմ ձեզ, որ քվե տաք, ապա չեմ խնդրելու»։

Ռուբինյանը նկատեց՝ ձեր ու Արմեն Ռուստամյանի դիրքորոշումներն իրար հակասում են․ «Ընդդիմությանն առաջարկում եմ ի վերջո քվեարկել»։ Սաղաթելյանը պնդեց, որ երկու ընդդիմադիր խմբակցություններն էլ քվեարկել են․ «Սցենար ասելով նկատի ունեմ այն, որ դուք ուզում եք հանրությանը ցույց տալ, թե դուք քվեարկում եք, իսկ ընդդիմադիր ուժերը՝ ոչ»։

ՔՊ-ից Վահագն Ալեքսանյանը հետաքրքրվեց՝ որտեղի՞ց ձեզ վստահություն, որ ՔՊ-ն չի քվեարկում բավարար ձայներով, իսկ ընդդիմադիր երկու ուժերը քվեարկում են․ «Առաջարկեցինք՝ դուք մի մասնակցենք, մենք 54 հոգով սիրուն գնանք ընտրենք։ Քանի՞ ձայն է ձեզ պետք ՔՊ-ից, որ ընտրվեք»։ Սաղաթելյանը հարցին հարցով պատասխանեց․ «Լուրջ առաջարկ եք անո՞ւմ։ Ձեզ թվում է, թե ձեր առաջարկով մեր երկու խմբակցությունները կհրաժարվե՞ն քվեարկությունից․․․որ հետո գաք այս ամբիոնից ասեք, թե տեսա՜ք․․․ որեւէ մեկը չի կարող մեր խմբակցություններին առաջարկել չմասնակցել քվեարկությանը։ Գնդակը ձեր դաշտում է։ Քվեարկեք ինչպես ուզում եք»։

Ալեքսանյանը պնդեց՝ իրենց առաջարկը չարախնդություն չէ, այլ գործընթացը շարունակելու պատրաստակամություն։ Սաղաթելյանը նշեց․ «Դուք ձեր մեջ որոշեք։ Կամ ասեք, որ դեմ եք իմ թեկնածությանը, որ ես ձեր սրտի թեկնածուն չեմ, մի քվեարկեք․․․քսան անգամ էլ հարցնեք, թե քանի ձայն է ինձ պետք, չեմ խնդրելու, միեւնույնն է»։

Այնուհետեւ ՔՊ-ից Վաղարշակ Հակոբյանը դիմեց Իշխան Սաղաթելյանին․ «Ձեր ցանկությունը մի բան է, իրականությունը՝ այլ։ Երկու անգամ չընտրվեցիք։ Վստահաբար, ոչ այն պատճառով, որ մենք չենք քվեարկել։ Դուք մեր սրտի թեկնածուն չեք, միանշանակ, բայց որոշում կա, որ նվազագույն ձայներ ենք ապահովելու ձեր ընտրվելու համար։ Խնդիր կա, որովհետեւ երկու անգամ չընտրվեցիք։ Ընդունեք գործընկերներիս կոռեկտ ու կառուցողական առաջարկը։ Փոխնախագահի տեղը, միեւնույնն է, ձերն է»։

Սաղաթելյանը «Հայաստան» դաշինքի անունից հայտարարեց, որ առաջարկը չեն ընդունում։ «Եվս մեկ անգամ չընտրվելուց ապահովագրված չեք»,-արձագանքեց Վաղարշակ Հակոբյանը։

Արմեն Ռուստամյանը հայտարարեց՝ իշխանությունն աշխատում է մի սխեմայով, ըստ որի արդեն հստակ է՝ իշխանությունն է սարքել այդ հինգ անվավերը․ «Որովհետեւ ուզում եք, որ դուք կազմակերպեք քվեարկությունը։ Լավ էլ կազմակերպում եք, էլի․․․նենց էլ առաջարկ եք գտել, մի բան էլ հիանում եք, ասում եք, թե մենք մի կողմ քաշվենք, որ դուք ընտրեք մեր փոխարեն․․․յա՜, մեզ էսքան հարիֆ եք տեսե՞լ․․․իբր ի՞նչ եք առաջարկում։ Ձեր առաջարկածը վիրավորական է։ Մի բան ասեցի, ոտնատակ տվեցիք։ Դե գնացեք ինչ ուզում եք արեք։ Ի՞նչ եք ուզում այսպես անեք, մի օր էլ այս մանկապարտեզով զբաղվե՞նք»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031