«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը երկրորդ անգամ նույնպես չընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում, 5 անվավեր քվեաթերթիկ կար:
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը լրագրողներին հավաստիացրեց, որ իրենց խմբակցությունը ողջ կազմով՝ 7 հոգով կողմ է քվեարկել Իշխան Սաղաթելյանի թեկնածությանը: Հիշեցնենք, որ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարել էր, որ տպավորություն կա՝ ընդդիմության ներսում տարաձայնություն կա Իշխան Սաղաթելյանի թեկնածության մասով:
Վանեցյանն ասաց. «Երրորդ անգամ էլ ենք կողմ քվեարկելու, 4-րդ անգամ էլ, 15-րդ անգամ էլ»:
Իշխան Սաղաթելյանն ասաց, որ պարզապես ԱԺ-ն թատրոն են սարքել. «Ավելի արժանապատիվ կլիներ գնալ «դեմ» քվեարկել, քան անվավեր սարքել»:
Կարդացեք նաև
Հարցրեցինք՝ հնարավո՞ր է երրորդ անգամ քվեարկելիս քվեախցում գոնե քվեաթերթիկները նկարեք, որ ապացույց լինի՝ Սաղաթելյանը պատասխանեց. «Մենք մեր վրա չենք կասկածում, որ նկարենք»:
Արթուր Վանեցյանն էլ հավելեց. «Պատիվ ունեմ» խմբակցությունում ես վստահ եմ, որ չկան մարդիկ, որոնք դեմ են քվեարկում կամ անվավեր են սարքում: Հուսով եմ, նման մարդիկ չկան նաեւ «Հայաստան» խմբակցությունում, կարող եմ անգամ համոզված ասել: Երրորդ փոխնախագահ ընտրելու պարտականությունը իշխանությանն է, իշխանության բեռն է: Եթե իշխանություններն ուզում են, որ ԱԺ ձեւավորվի եւ անցնեն բնականոն աշխատանքի, թող ապահովեն ընդդիմադիր թեկնածուի ընտրությունը: «Պատիվ ունեմ» խմբակցությունը եւ «Հայաստան» խմբակցությունը ողջ կազմով երկու անգամ անընդմեջ ընտրել ենք Իշխան Սաղաթելյանին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ