Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ վատ է, ի՞նչը դուրներդ չի գալիս, ի՞նչ լիներ, որ ձեր դուրը գար». Վահրամ Դումանյանը լրագրողներին՝ Հովհաննես Հովհանիսյանի թեկնածության առիթով

Օգոստոս 05,2021 14:51

«Ռեկտորի ընտրությունը կանցկացնի հոգաբարձուների խորհուրդը, որն այս պահին գոյություն չունի: Այս պահից սկսած ամենօրյա ռեժիմով աշխատանքներ ենք անելու այդ ուղղությամբ, որ ժամ առաջ ձևավորվեն բոլոր հոգաբարձուների խորհուրդները, որոնք չկան որոշ բուհերում»,- ԵՊՀ ռեկտորի ժ/պ Հովհաննես Հովհաննիսյանին ներկայացնելուց հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Նա վստահեցրեց՝ այս գործընթացի ձգձգման հետ նախարարությունը որևէ առնչություն չունի. «Նախարարությունն առաջնագծի մարտիկի նման ամեն ինչ անում է, որ հաղթահարվեն բոլոր խոչընդոտները: Իսկ դրանք պայմանավորված են իրավական դաշտի մատուցած անակնկալներով: Հենց ձեռնարկում ենք նոր քայլ՝ ոչ քարացած, ուղղագիծ, գործիքակազմից օգտվում ենք, մեր իրավական դաշտի գործող պաշտոնյաներից ոմանք տեսնում են, որ կա սահմանադրական խնդիր»:

Լրագրողների փաստմանը՝ ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել «Բարձրագույն կրթության ե գիտության» մասին ՀՀ օրենքի 3-րդ և 4-րդ դրույթները, նախարարն արձագանքեց. «Վճիռ դեռևս չենք ստացել, բացի մեկ որոշումից, որ կասեցնել կառավարության համապատասխան որոշման գործունեությունը»:

Նշենք, որ հակասահմանադրական ճանաչված դրույթների համաձայն՝ բուհի կառավարման խորհրդի չորս անդամներին առաջադրում է բուհը, 5-ին նշանակում է լիազոր մարմինը: Սա մասնագետների կարծիքով՝ հարվածում է բուհերի ազատությանն ու ինքնավարությանը: Վահրամ Դումանյանն այս առիթով նկատեց. «Եթե բարձր դատարանն արձանագրում է, որ կա օրենքի և Սահմանադրության միջև խնդիր, ինչը պայմանավորված է 4-րդ և 3-րդ դրույթներով, որ անհասկանալի հավասարության սկզբունք է խախտվել, մենք պետք է հարգանքով վերաբերվենք բարձր դատարանի որոշմանը և ընդունենք ի գիտություն: Բայց ուզում եմ այդ դատական դաշտից գնալ ակադեմիական ազատությունների դաշտ: Այդ որոշումից հետևում է այն, որ ՀՀ-ում գործող բոլոր մասնավոր բուհերն ունեն ակադեմիական ազատության խնդիր, որ աշխարհի առաջադեմ արևմտյան հանրահայտ բուհերն ունեն ակադեմիական ազատության խնդիր: Մասնավորապես խորհրդային նախկին շրջանում Մոսկվայի պետական համալսարանն այսօր ունի ազատության խնդիր, ինչը միայն հուսահատ ժպիտ է առաջացնում այն մարդկանց դեմքին, որոնք գիտեն՝ ինչ է ակադեմիական ազատությունը»:

Նախարարը մտահոգված է, որ համալսարանական ավանդույթներն իրենց դիրքը զիջել են իրավական ինչ-ինչ պահանջների, մինչդեռ ըստ նրա՝ իրավական գործիքները պիտի ծառայեն համալսարանական ավանդույթների զարգացմանը: Նա պարզաբանեց. «Մեր բուհական համակարգը հայտնվել է նման ճգնաժամային իրավիճակում, որովհետև հիմքում դրել ենք ոչ թե բուհական բովանդակությունը և ակադեմիական զարգացումը, այլ այս կամ այն օրենքը, հիմա էլ սահմանադրականության տարօրինակ մեկնաբանություններ: Միգուցե բարձր դատարանի և ակադեմիական աշխարհի ընկալումներն ակադեմիական ազատությունների վերաբերյալ մի քիչ տարբեր են»:

Վահրամ Դումանյանը նաև շեշտեց՝ կարող են տարակուսանք հայտնել, ընդունել, չընդունել ՍԴ որոշումը, բայց չկատարել չեն կարող. պիտի ենթարկվեն բարձր դատարանին:

Հովհաննես Հովհաննիսյանի թեկնածության մասին խոսելով՝ լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ հենց այդ անձը որոշվեց, քանի որ նա իշխանության ներկայացուցիչն է, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր էր: Վահրամ Դումանյանը ծիծաղով արձագանքեց. «Ի՞նչ վատ է, ի՞նչը դուրներդ չի գալիս, ի՞նչ լիներ, որ ձեր դուրը գար»: Լրագրողները նշեցին, որ քաղաքականացվածության հարց է առաջանում, նախարարն էլ հակադարձեց. «Եկեք գուշակություններով չզբաղվենք: Հավատանք, որ ամեն ինչ լավ է լինելու: Պարոն Հովհաննիսյանը փորձ ունի, կամք ունի: Գաղտնիք չէ, որ այսօր ԵՊՀ-ում լավագույն աշխատանքային մթնոլորտը չէ, որը ակնկալում ենք: Հովհաննես Հովհաննիսյանը լիովին բավարարում է այսօր ներկայացված պահանջներին, և այդպիսի որոշում ենք կայացրել: Կլինի հետագայում մրցույթ, հոգաբարձուների խորհուրդ, և իրենք կընտրեն ռեկտոր»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031