Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու դեղաչափով պատվաստված մարդիկ գրեթե ամբողջությամբ պաշտպանված են նաեւ «դելտա» շտամից. Դավիթ Մելիք-Նուբարյան

Օգոստոս 05,2021 13:55

Վերջերս իրականացրած հետազոտությունը փաստեց, որ ինչպես հարեւան հանրապետությունում, նաեւ Հայաստանում ավելի շատ շրջանառվում է «դելտա» շտամը, որի վարակելիությունն ավելի մեծ է: Այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկման ժամանակ այս մասին ասաց Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը: Նոր շտամի՝ ծանր դեպքերի առումով սակայն, ըստ մասնագետի, դեռ չկան գիտական փաստեր:

Հայաստանը պատվաստվածների թվով տարածաշրջանում վերջիններից է, ինչը քննարկմանը ներկա հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանի կարծիքով, վատ է: Պարոն Մելիք-Նուբարյանը գտնում է, որ պատվաստումը հայրենասիրական քայլ պետք է դիտարկել եւ յուրաքանչյուրը պետք է գիտակցի այս փաստը: Նա նույնպես ասաց, որ «դելտա» շտամն ավելի արագ է տարածվում եւ ավելի շատ հանգեցնում հոսպիտալացման, հետեւաբար առողջապահական համակարգը կարող է կանգնել այն ծանր վիճակի առաջ, որն ունեցանք հոկտեմբերին: Նրա խոսքով, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երկու դեղաչափով պատվաստված մարդիկ գրեթե ամբողջությամբ պաշտպանված են նաեւ «դելտա» շտամից:

Հարցին՝ որքանո՞վ են տեղին սահմանափակումները չպատվաստված քաղաքացիների նկատմամբ, Դավիթ Մելիք-Նուբարյանը պատասխանեց, որ այլ երկրներում էլ սահմանափակումներ են դրվել, եւ մարդիկ, որոնք կարեւոր միջոցառումների են մասնակցում՝ պետք է ունենան պատվաստումը հավաստող փաստաթուղթ. «Մենք իրավունք չունենք թույլ տալ, որ եւս մի ծանրագույն ալիք մեր երկրով անցնի»:

«Ֆայզեր» պատվաստանյութի մուտքը կազդի՞ արդյոք պատվաստումների տեմպի վրա հարցին ի պատասխան՝ պարոն Մելիք-Նուբարյանն ասաց, որ այլ երկրներում պատվաստման թվերն աճել են, գուցե Հայաստանում էլ ազդեցություն ունենա: Ըստ նրա, այդ պատվաստանյութը շատ զգայուն է եւ թե՛ պահպանման, թե՛ տեղափոխման համար անհրաժեշտ պայմաններ են պետք: Նա կարեւոր համարեց, որ «Ֆայզերը» հասանելի լինի ՀՀ բոլոր բնակիչներին եւ միայն մայրաքաղաքի բնակչությունը չօգտվի, ինչի համար պետք է միջոցներ ձեռնարկվեն:

Սվետլանա Գրիգորյանի խոսքով, «Ֆայզերի» տեղափոխման եւ պահպանման համար գերսառը սառցային շղթա պետք է լինի՝ -70 աստիճան, «Հիմա միջոցառումներ են իրականացվում, որպեսզի պատշաճ պայմաններում պահվի եւ իրականացվեն պատվաստումները»:

Հարցին՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող քաղաքացիներին, որոնք առավել խոցելի են, ամիսներով չեն հրավիրում պատվաստման, քանի որ նրանց համար պայմանները հարմար չեն, տիկին Գրիգորյանն ասաց, որ արդեն այդ խնդիրը լուծելու համար մեխանիզմներ են մշակվել, որպեսզի պատվաստումներն իրականացվեն հենց իրենց կեցության վայրերում:

Հարցին՝ ի՞նչ նոր սահմանափակումների փաթեթ է նախապատրաստվում, որի մասին խոսել է առողջապահության նախարարը, Սվետլանա Գրիգորյանը պատասխանեց. «Խիստ սահմանափակումներ չեն, նախագծում այլընտրանք է՝ կամ թեստավորում կամ պատվաստման սերտիֆիկատի ներկայացում, որի նպատակը կառավարել վարակի տարածումը»:

Արդյոք ոտնահարվո՞ւմ են մարդու իրավունքները, երբ պատվաստումները պարտադրվում են՝ լինելով կամավոր, Սվետլանա Գրիգորյանն ի պատասխան ասաց, որ այս պարագայում պետք է հաշվի առնել, ոչ միայն անհատի իրավունքները, այլ նաեւ հանրային շահը:

«Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վիոլետ Զոփունյանի խոսքով, պետք է հասկանալ, այն որքանով է համաչափ այս իրավիճակին, եւ, եթե դա տանելու է նրան, որ ունենալու ենք առողջապահական համակարգի մեծ ծանրաբեռնվածություն, բարձր թվեր, այդ սահմանափակումներն անհրաժեշտ են. «Բայց մյուս կողմից չպետք է սահմանափակվեն մարդու իրավունքները: Մենք տեղեկատվություն ունենք, որ զինված ուժերում նույնպես ստիպում են պատվաստվել: Այդպիսի դեպքեր եթե կան, կոպիտ խախտում եմ որակում: Մի փոքր տարբերակվող է բուժաշխատողների հարցը. նրանք աշխատում են հենց այն խմբում, որտեղ առավել մեծ է վտանգը, բուժաշխատողներն են այն ուժը, որ կարողանում են պայքարել ու դիմակայել այս «պատերազմին»:

Հարցին՝ որքանով է իրատեսական, որ 4-րդ ալիք է հնարավոր, Սվետլանա Գրիգորյանը պատասխանեց. «ԱՀԿ-ն հայտարարել է, որ մեկնարկել է 4-րդ ալիքը եւ Հայաստանում էլ ցուցանիշները բարձրացել են: Սեպտեմբերին ընդառաջ պետք է ակտիվացնել պատվաստումային գործընթացը: Նաեւ դիմակների կրումը, սոցիալական հեռավորություն պահելը, ձեռքերի պարբերաբար ախտահանումը եւ այլն»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031