«Այսօր վերջապես կտանք այն հարցի պատասխանը, որը երկար ժամանակ լուծում չէր ստանում»,- Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) նիստերի դահլիճում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
Նա ներկայացրեց ԵՊՀ ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատարին: Այնուհետև ասաց. «ԵՊՀ ժամանակավոր գիտական խորհուրդն ընդունել է Գեղամ Գևորգյանի հրաժարականի դիմումը: Բավարարել է այն: Այսօր իր աշխատանքային վերջին օրն է: Ժամանակավոր խորհուրդը ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում հաստատել է Հովհաննես Հովհաննիսյանի թեկնածությունը, որն աշխատանքի կանցնի վաղվանից»:
Հիշեցնենք՝ ԵՊՀ գիտխորհրդի՝ ապրիլի 23-ին հրավիրված արտահերթ նիստի ժամանակ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել:
ԿԳՄՍ նախարարը վստահեցրեց՝ շարունակելու են աշխատել Գեղամ Գևորգյանի հետ:
Կարդացեք նաև
Գեղամ Գևորգյանը ԵՊՀ նիստերի դահլիճում հայտարարեց. «Ավելի քան երկու տարի այս պաշտոնում մենք միասին աշխատել ենք: Հեշտ ժամանակաշրջան չի եղել: Վստահ եմ, որ համալսարանը պատվով կշարունակի աշխատել: Արածներիս ոչ մի բանի համար չեմ զղջում, չարածների մասին խոսելն արդեն ավելորդ է: Ուզում եմ շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար»:
Վահրամ Դումանյանը հայտարարեց՝ ժամանակավոր խորհրդի նպատակը եղել է օր առաջ դուրս բերել ԵՊՀ-ն այն փոսից, որտեղ այն գտնվում է: Ըստ նրա՝ ժամ առաջ պետք է ձևավորել հոգաբարձուների խորհուրդ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ