Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ակնկալում ենք և պահանջում, որ կառավարությունն միջոցառումներից յուրաքանչյուրի համար ապահովի պատշաճ մասնակցություն և խորհրդակցություն շահագրգիռ կողմերի հետ. Թրանսփարենսի Ինթերնեշնլ

Օգոստոս 05,2021 13:42

2021 թ․ հուլիսի 23-ին ՀՀ վարչապետի աշխատակազմը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական www.e-draft.am հարթակում տեղադրել է ՀՀ կառավարության հանրային կառավարման բարեփոխումների մինչև 2030 թվականի ռազմավարության փաթեթի նախագիծը (այսուհետ՝ ռազմավարություն), որով փորձ է արվում ձևակերպել երկրի պետական կառավարման համակարգի վերափոխման ու արդիականացման համապարփակ օրակարգը՝ նախանշելով ապագայի պետության կառուցման ռազմավարական ուղեծիրը, առաջնահերթությունները և դրան հասնելու քաղաքականության փուլային օրակարգը:

Սույն ռազմավարության մշակման ընթացքում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախաձեռնությամբ ս․թ․ ապրիլի 6-ին կազմակերպվել էր փորձագիտական քննարկում, որի ընթացքում Կառավարության կողմից ներկայացվել էր բարեփոխումների ռազմավարության փաթեթը, փորձագետների կողմից բարձրաձայնվել էին մի շարք մտահոգություններ և ներկայացվել առաջարկություններ՝ ռազմավարությունը կատարելագործելու և առավել իրատեսական ու գործնական դարձնելու նպատակով։

Հրապարակված փաթեթի նախնական և ընդհանուր դիտարկմամբ կարող ենք արձանագրել, որ փորձագիտական քննարկման ընթացքում բարձրաձայնված մտահոգություններն ու առաջարկությունները հաշվի են առնվել, ինչը ողջունելի է։

Այնուամենայնիվ, հարկ ենք համարում նշել, որ նախագծի քննարկումների համար հատկացված 15-օրյա ժամկետում հնարավոր չէ ապահովել մոտ 270 էջ կազմող ռազմավարության փաթեթում (այդ թվում՝ ճանապարհային քարտեզը և 2021-2023 արդյունքները) ներկայացված գաղափարների և բարեփոխումների, նախատեսվող գործողությունների ու ակնկալվող արդյունքների պատշաճ ուսումնասիրություն, հանրության լայն մասնակցություն և բովանդակային պատշաճ քննարկում:

Նկատի ունենալով, որ հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության փաթեթի ընդունումից հետո պահանջվելու է դրանով նախատեսված առանձին միջոցառումների վերաբերյալ որոշումների կայացում, ակնկալում ենք և պահանջում, որ ՀՀ կառավարությունն այդ միջոցառումներից յուրաքանչյուրի համար ապահովի պատշաճ մասնակցություն և խորհրդակցություն շահագրգիռ կողմերի հետ:

Ցանկացած ոլորտում բարեփոխումների հաջողությունը մեծապես պայմանավորված է դրանց շուրջ շահագրգիռ շրջանակների ներգրավմամբ և հանրային լայն կոնսոլիդացիայով, որն ապահովելու համար անհրաժեշտ պայման են որոշումների ընդունման գործընթացների թափանցիկությունը, ներառականությունը և հաշվետվողականությունը:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031