«Կարեւոր հարցեր կան: Ի՞նչ կարող էր անել այս իշխանությունը՝ պատերազմը կանխելու համար, որ չի կանխել: Կանխատեսո՞ւմ էին պատերազմ, թե՞ ոչ, եթե կանխատեսում էին, ինչո՞ւ չէին կանխում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով. «Ես որքան գիտեմ, սեպտեմբերի 25-ին Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստատեսությամբ հարցազրույցի էր եւ այդ հարցազրույցի անոնսից հետո հարցազրույցը եթեր չգնաց: Արդյոք ինքը այդ օրը գիտե՞ր, որ երկու օր հետո լինելու պատերազմ: Շատ կոնկրետ հարց եմ տալիս: Ինչի՞ այդ հարցազրույցը չգնաց, որովհետեւ ինքը պետք է խոսեր հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին ու պատասխաներ Ալիեւին, ըստ անոնսի: Շատ կարեւոր հարցադրում՝ արդյոք ինքը արդեն ամսի 25-ի երեկոյան գիտեր, որ 2 օր հետո պատերազմ է լինելու ու նման բազմաթիվ հարցեր, որոնք պատասխանը այս իշխանությունը պետք է տա: Այս պատերազմի արդյունքների մեղավորն ու պատասխանատուն մենք համարում ենք այսօրվա իշխանությանը»:
Պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու հետ կապված դիտարկմանը, որ ասում են՝ եթե մի հարց ուզում եք թաղեք, ստեղծեք հանձնաժողով՝ Իշխան Սաղաթելյանն արձագանքեց. «Դրա համար հանձնաժողովը պետք է ունենա հնարավորություն անկախություն ունենալու եւ ամբողջական ուսումնասիրություն անելու: Եթե չունի, հանձնաժողովը կարող է թաղի եւ շեղի հարցի բուն էությունը»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ Ռոբերտ Քոչարյանի հետ քննարկո՞ւմ եք ԱԺ-ում ձեր աշխատանքները, թե՞ ոչ՝ նա պատասխանեց. «Այո, մենք պարբերաբար ունենում ենք քննարկումներ ոչ միայն խորհրդարանում, խորհրդարանից դուրս մեր աշխատանքների հետ կապված»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ