«Երեկ անհասցե ելույթ եղավ, որին անհասցե պատասխան հղեմ՝ «մերօրյա սագագողը» վերնագրով։ Մեկը հարգանք է պահանջում այս դահլիճում։ Նա, ով հարգանքի մասին չպետք է առհասարակ խոսի, որովհետեւ տարիներ շարունակ հանգուցյալներին վճարել է կենսաթոշակներ, մանկատներից գողացել է երեխաների հացը»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
Նա հիշեց երջանկահիշատակ ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանի հումորային ելույթը, որում նա ասում էր՝ եթե հանգուցյալը գալիս է տեղամաս ու քվեարկում, նրան չպետք է զրկել կենսաթոշակի իրավունքից։ «Զարմանում եմ, որ նման մարդն այդ եղկելի արարքներից հետո հանդգնում է այս ամբիոնից հարգանքի մասին խոսել։ Ապշած եմ ցինիկության այդ աստիճանի վրա»,-հավելեց Սերգեյ Բագրատյանը։
Նրա ելույթն աղմուկ բարձրացրեց «Հայաստան» դաշինքի շարքերում։ Բղավում էր դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը, գողանալու հետ կապված ինչ-որ բան ասում, ինչին ի պատասխան ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց․ «Եկեք գողանալուց չխոսանք, այո՞»։
Կարդացեք նաև
Ապա ելույթ ունեցավ «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Աղվան Վարդանյանը․ «Որոշ բաների չեմ անդրադառնա, առաջիկայում էլ չեմ անդրադառնա, որովհետեւ դա ցածր է իմ արժանապատվությունից։ Բայց երբ մեկը զուրկ է արժանապատվությունից, կարող է սուտ խոսել, զրպարտել։ Աղվան Վարդանյան նախարարը չի ղեկավարել կենսաթոշակային համակարգը։ Կառավարության կառուցվածքում նա եղել է առանձին միավոր։ Մանկատների՝ 15 տարի շարունակվող որոշ առանձնյակների թեման բացարձակ սուտ է եւ զրպարտություն, ինչի մասին նախարար Վարդանյանը ժամանակին հիմնավոր խոսել է։ Ի վերջո, քրեական գործերով Աղվան Վարդանյանը չի անցնում, այլ ուրիշ մեկերը՝ դատարկ, անարժան, անապագա մեկերը․․․»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ