«Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ սա ԱԺ-ի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ մի քանի օր անց անգամ ԱԺ մարմինները ձեւավորված չեն:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել էր, որ ընդդիմադիրներն իրենք չեն գալիս քննարկման, օրինակ, հանձնաժողովների նախագահների հարցով: Իշխան Սաղաթելյանն էլ ասաց, որ իշխանությունները խոսում են հանդուրժողականությունից, բայց շարունակում բռնաճնշումներ գործադրել ընդդիմադիրների նկատմամբ ու կալանավորված պահել իրենց երկու գործընկերներին, ուստի այդ միջավայրում «չեն պատրաստվում քննարկել ինչ-որ պաշտոնների հարց»:
Ինչպես հայտնի է, Իշխան Սաղաթելյանը փակ գաղտնի քվեարկությամբ, չընտրվեց ԱԺ փոխխոսնակ՝ մեկ ձայն չբավարարեց:
Իշխան Սաղաթելյանը, անդրադառնալով հանձնաժողովների նախագահների ընտրությանը, ասաց, որ դեռ չգիտեն, թե իրենց ինչ հանձնաժողովներ են բաժին հասնելու: «Պատիվ ունեմ» 7 հոգանոց խմբակցությանը, Դոնթի բանաձեւով չէր հասնում հանձնաժողովի նախագահի պաշտոն, բայց Իշխան Սաղաթելյանն ասաց, որ ունեն համաձայնություն «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորների հետ եւ հանձնաժողովներից մեկի նախագահը լինելու է «Պատիվ ունեմ»-ից: Այդ պաշտոնը, քաղաքական պայմանավորվածությամբ, զիջվել է նրանց. «Դա նաեւ հնարավորություն է, որ «Պատիվ ունեմ»-ը ԱԺ խորհրդում ունենա ոչ թե մեկ, այլ՝ երկու թեկնածու:
Կարդացեք նաև
Մի՞շտ եք այսպես համագործակցված աշխատելու «Պատիվ ունեմ»-ի հետ՝ հարցին ի պատասխան՝ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ այո, քանի որ իրենք ե՛ւ ԱԺ-ում, ե՛ւ ԱԺ-ից դուրս իրենց բնական դաշնակիցն է. «Մեր հայտարարած նպատակները շատ մոտ են»:
Իշխան Սաղաթելյանը նաեւ հայտնեց, որ Արցախի հարցերով հանձնաժողով ստեղծելու առաջարկին միանում են եւ կուզենան, որ այդ հանձնաժողովի նախագահը լինի ընդդիմությունից:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ