Ինչպես հայտնել էինք, «Հայաստան» դաշինքից ԱԺ նախագահի թեկնածու առաջադրված Իշխան Սաղաթելյանն այսօր չընտրվեց՝ մեկ ձայնի տարբերությամբ։ ՔՊ-ն ասել էր, որ կապահովի անհրաժեշտ քանակի ձայներ, սակայն քվեարկությունից հետո պարզվեց, որ «Հայաստան» դաշինքի պատգամավորներից մեկը չի մասնակցել քվեարկությանը։
Լիագումար նիստում ՔՊ-ից Վահագն Ալեքսանյանն Իշխան Սաղաթելյանին ասաց․ «Եթե ճիշտ գիտեմ, ձեր դաշինքից Դավիթ Սեդրակյանը ՀՀ-ում չէ։ Դուք ինչպե՞ս կգնահատեք ձեր գործընկերոջ վերաբերմունքը։ Որքան ես գիտեմ՝ նա հանգստի է մեկնել։ Որպես մեղադրանք չեմ ասում, այլ ձեր վերաբերմունքն եմ հարցնում»։
Ի պատասխան Իշխան Սաղաթելյանը հաստատեց, որ Սեդրակյանը երկրում չէ․ «Նա այդ մասին նախապես հայտարարել է, եւ այդ մասին դուք գիտեիք մինչեւ քվեարկությունը»։
Ապա ՔՊ-ից Գեւորգ Պապոյանը կարծիք հայտնեց, որ ՔՊ-ն հավատարիմ եղավ խոստմանը, մինչդեռ «Հայաստան» դաշինքի պատգամավորի բացակայության պատճառով գործընթացը դանդաղեց։
Կարդացեք նաև
«Հայաստան» դաշինքից Արթուր Խաչատրյանն էլ հակադարձեց՝ եթե իրենց երկու պատգամավորները կալանավորված չլինեին, քվեարկության արդյունքներն այլ կլինեին։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ