Լրահոս
Օրվա լրահոսը

1 քվեի տարբերություն․ Սաղաթելյանը չընտրվեց ԱԺ փոխնախագահ․ ՔՊ-ն ասել էր, թե կապահովի անհրաժեշտ ձայներ

Օգոստոս 05,2021 12:14

Ազգային ժողովում այսօր ավարտվեց «Հայաստան» դաշինքի կողմից խորհրդարանի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրված Իշխան Սաղաթելյանի թեկնածության փակ, գաղտնի քվեարկությունը։ Ինչպես հայտարարեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը, 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 104 պատգամավոր։ Սաղաթելյանի թեկնածության օգտին կողմ է քվեարկել 53, իսկ դեմ՝ 50 պատգամավոր։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ, այսպիսով` Իշխան Սաղաթելյանը չի ընտրվել, եւ ըստ օրենքի՝ նոր ընտրություններ պետք է անցկացվեն։

Նոր թեկնածու առաջադրելու համար ձայնը տրվեց «Հայաստան դաշինք» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին։ Նա ասաց, որ դաշինքը պնդում է իր թեկնածուին, նորից առաջադրելու է նրան․ «Ավելացնելու բան չունեմ»։

Ուշագրավ է, որ ՔՊ-ն հայտարարել էր՝ չի խոչընդոտելու ԱԺ ղեկավար մարմինների ընտրությանը եւ Սաղաթելյանի օգտին ապահովելու է անհրաժեշտ քանակի ձայներ։

ՔՊ-ից Վահագն Ալեքսանյանը դիմեց Սեյրան Օհանյանին՝ ասելով, որ «Հայաստան» դաշինքի պատգամավորներից մեկը չի մասնակցել քվեարկությանը․ «Տեղյա՞կ եք, թե ինչու։ Մեկ քվեի տարբերությամբ չի ընտրվել պարոն Սաղաթելյանը։ Ավելի կարեւո՞ր գործ կար, քան քվեարկությանը մասնակցելը»։ Օհանյանը հայտնեց, որ այսօր ներկա իրենց բոլոր 26 պատգամավորները մասնակցել են․ «Մեկ անվավեր է եղել։ Ճիշտ չէ նման բան ասելը։ Մեր պատգամավորներից երկուսը կալանավորված են, մեկը բացակայում է»։ Ալեքսանյանն ասաց, որ հենց բացակա պատգամավորի մասին է խոսքը։ Ակնարկը Դավիթ Մհերի Սեդրակյանի մասին էր:

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագրից» առաջադրված թեկնածուներ Ալեն Սիմոնյանը, Հակոբ Արշակյանը եւ Ռուբեն Ռուբինյանն ընտրվել են համապատասխանաբար ԱԺ նախագահի եւ փոխնախագահների պաշտոններում, իսկ երրորդ փոխնախագահի պաշտոնը, ըստ օրենքի, պատկանում է ընդդիմությանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031