«Ինձ համար շատ ցավալի է, երբ մարդիկ շահարկում են պատերազմը։ Այն ողբերգություն էր, որը թակել է ամեն մեկիս դուռը։ Ունա՞կ ենք այսօր դասեր քաղել դրանից»,-ԱԺ լիագումար նիստում այսօր դիմելով «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքներին՝ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Նա շարունակեց․ «Ինձ համար ցավալի է, երբ ասում են, թե հողեր են հանձնվել, երբ խոսում են կապիտուլյացիայի մասին։ Մեր ընկած զինվորների արյունը չի կարելի պղծել։ Բանակը տարել է ահասարսուռ մարտ, արել անհնարինը։ Եկեք հարգենք դա։ Ցավալի է, որ դահլիճում եւ դրանից դուրս հարցազրույցներում ծավալվում է զրույց, թե ով է ռուսամետ, ով է արեւմտամետ։ ՀՀ պաշտոնյան պարտավոր է լինել հայամետ։ Եթե դուք կարող եք պետականամետ գործունեություն ծավալել, բարի եղեք՝ դա հայտնեք նաեւ քաղաքական ամբիոնից։ Երբ ձեր խոսույթում փորձում եք պիտակավորել երկրի ղեկավարությանը, ԱԺ նախկին նախագահի մասին խոսում ստեր․․․չի կարելի, դուք հարվածում եք պետությանը։ Կտրվեք քաղաքական մանիպուլյացիայից։ Բանավեճ եք տանում, թե Հայաստանն է հրահրել պատերազմը, թե մենք ենք մեղավորը։ Հասկանո՞ւմ եք՝ ՀՀ-ին ի՞նչ պատասխանատվության առաջ եք կանգնեցնելու հետո միջազգային ատյաններում։ Վերջ տվեք այս ամենին»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ