«Ազատություն». Միացյալ Նահանգների Կոնգրեսի ստորին պալատի՝ Ներկայացուցիչների տան օրերս կայացրած որոշումը՝ հաջորդ տարի սահմանափակել ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը Ադրբեջանին, նախևառաջ քաղաքական իմաստ ունի և հստակ ուղերձ է Ադրբեջանին՝ դադարեցնել ագրեսիվ գործողությունները Հայաստանի դեմ, այլապես Վաշինգտոնը կդիմի պատժամիջոցների: «Ազատության» հետ զրույցում այս մասին ասաց ԱՄՆ-ում գործող հայկական լոբբիստական ազդեցիկ կառույցներից մեկի՝ Ամերիկայի Հայկական համագումարի համանախագահ Էնթոնի Բարսամյանը։
«ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանն է, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, և այդ երկրները ցանկանում են վստահ լինել, որ գործընթացին մասնակից կողմերը հավատարիմ են բանակցային գործընթացին։ Բոլոր կողմերը՝ Հայաստանը, Արցախը և Ադրբեջանը, պետք է վերադառնան բանակցությունների սեղան։ Տեսնում ենք՝ Հայաստանը պատրաստակամ է վերադառնալ բանակցությունների սեղան։ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ագրեսիա է դրսևորում Հայաստանի նկատմամբ և շարունակում է ի ցույց դնել իր ագրեսիվությունը։ Կարծում եմ, Միացյալ Նահանգները՝ Ներկայացուցիչների տան նման որոշմամբ, հստակ ազդանշան է հղել Ադրբեջանին, որպեսզի այն հետ կանգնի նման վարքագծից, այլապես կսկսի պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ», – նշեց Բարսամյանը:
Այնուամենայնիվ, ուժի մեջ է մնում օրենքի մեկ այլ դրույթ, որով Բաքուն անցած տարիներին տասնյակ անգամներ ավելի շատ գումար է ստացել` ահաբեկչության, թրաֆիքինգի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի համար: Անցած երկու տարում, մասնավորապես, այդ նպատակով Ադրբեջանին հատկացված գումարները կազմել են մոտ 100 միլիոն դոլար:
Սարգիս ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: