«Որքան էլ խոսենք Ադրբեջանի հետ խաղաղության մասին, պետք է հասկանալ հետեւյալը։ Այն պայմաններում, երբ հակառակորդը մեր սահմաններից ներս է, իրական խաղաղություն, միեւնույնն է, չի լինելու։ Պետք է մտածել, թե ինչպես գնալ խաղաղության, թե որոնք են դրա հիմքերը։ Այդ հիմքերի մտածելակերպի տարբերությունն է, որ մեզ բերելու է բանավիճելու»,-ԱԺ լիագումար նիստում այսօր դիմելով իշխող ՔՊ-ին՝ ասաց պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան դաշինք» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նրա շարունակեց․ «Իսկ բանակի մասին խոսելիս հասկացեք, որ այս սեպտեմբերին լրանում է 5-րդ տարին, ինչ ես բանակում չեմ։ Բանակը գործող իշխանություններին է, նրանց կառավարման արդյունքում է, որ մենք ունեցել ենք հաջողություններ կամ անհաջողություններ։ Իսկ ակնհայտ է, որ անհաջողություններ են եղել։ Բանակի մասին խոսելիս միշտ պետք է հաշվի առնենք գաղտնիության եւ բանակի ղեկավարությանը չհարվածելու ռեժիմը։ Խոսում ենք կոռուպցիայի, կաշառակերության, բանակը թալանելու մասին․․․բանակի զինվորը երբեք սոված չի եղել։ Գուցե եղել են օղակներ՝ շատ ներքեւի օղակներ, որտեղ սննդի հարցը ոչ պատշաճ են կազմակերպել, եղել են խնդիրներ։ Խնդրում եմ չժպտաք, որովհետեւ համեմատություններ հիմա չեմ անի, ժամանակը չի հերիքի։ Միայն իմ ղեկավարության ժամանակ 135 հոգի 23 օրը մեկ գնդապետից բարձր անձինք են ազատվել՝ տարբեր խնդիրներով, թերություններով պայմանավորված։ Այդ պայքարը մենք էլ ենք մղել»։
Ապա Օհանյանը դիմեց ՔՊ-ից Սերգեյ Բագրատյանին․ «Պարոն Բագրատյանը շատ լավ գիտի, թե ում ղեկավարության ժամանակ է նախիջեւանյան հատվածում շատ մեծ աշխատանք կատարվել, եւ ում ղեկավարության ժամանակ է Արենիի եւ Զանգակատան հատվածում երկու դիրք զիջվել հակառակորդին։ Դա ձեր ղեկավարության ժամանակ էր։ Ժամանակին այդ խնդիրները չեն կատարվել, վերահսկողություն չի իրականացվել»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ