Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ժողովրդի մի մասը լավ էլ խնդիր ունի: Փաշինյանը ժողովրդի անունից խոսելու իրավունք հիմա չունի. Արմեն Ռուստամյան. «Հրապարակ»

Օգոստոս 05,2021 11:08

Դաշնակցական Արմեն Ռուստամյանը նախօրեին լրագրողների հետ զրույցում դժգոհում էր իշխանության հաստատած «բռնապետությունից» եւ գրեթե բացառում իշխանության հետ ինչ-որ փուլից կառուցողական երկխոսությունը։ «Կառուցողականության մասին չի կարող խոսք գնալ, երբ որ մեր նպատակները տարբեր են: Մենք տարբեր նպատակներ ենք հետապնդում»,- ասում է նա: Ռուստամյանի խոսքով, իշխանությունները քողարկված ծրագիր են իրականացնում, որ նսեմացված, հարեւանների բոլոր պահանջներին հլու-հնազանդ ապրենք այստեղ: Մենք մի քանի հարց ուղղեցինք Արմեն Ռուստամյանին։

– Պարոն Ռուստամյան, 2018-ի հեղափոխությունից հետո դուք կրծքով պաշտպանում էիք Նիկոլ Փաշինյանին՝ անգամ դեմ գնալով ձեր որոշ կուսակից ընկերներին, որոնք զգուշացնում էին, որ այս իշխանությունը պետությունը լավ տեղ չի տանելու։ Նիկոլ Փաշինյանը նաեւ ձեր քվեարկությամբ ընտրվեց վարչապետ, այն ժամանակ դուք չէիք ուզում տեսնել, որ քողարկված ծրագիր է իրականացվում, որովհետեւ իշխանությո՞ւն էիք վերցնելու։

– Մենք իրեն ինքնանպատակ չենք պաշտպանել, մենք հինգ պայման էինք իր առջեւ դրել, որոնցից եւ ոչ մեկը չի իրականացել, ես այդ մասին խոսել եմ։ Դրա համար էլ դուրս եկանք, երկար չտեւեց մեր, այսպես կոչված, համագործակցությունը։ Այո, ժողովուրդն այդ պահին իսկապես դա էր ուզում, եւ մենք ժողովրդի հետ ենք եղել միշտ, հաշտվել ենք ժողովրդի կարծիքի հետ, բայց չենք ընդունել, որ դա մնայուն ու հավերժ է, եւ դրան համապատասխան՝ մեր քաղաքականությունն իրականացրել ենք, եւ միշտ է այդպես եղել։ Այն ժամանակ էլ, որ Սերժ Սարգսյանին ընտրում էինք, հո մեր ընտրածը չէր, ժողովրդի ընտրածն էր, հիմա թե ոնց են ընտրել, ինչ են ընտրել, դա առանձին հարց է, իբր սրանք ո՞նց ընտրվեցին այս ընտրություններին, մաքուր ընտրությո՞ւն է եղել, իհարկե՝ ոչ։ Այսինքն, դու փաստի առաջ ես կանգնում այն ժամանակ, երբ իսկապես ունենում ես ժողովրդի արդյունքների հետ համակերպվելու անհրաժեշտությունը։

– Ձեր նախկին կուսակցական ընկեր Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ վտանգներ է տեսնում, բայց նրան հեռացրիք ձեր շարքերից․․․

– Է, հա, ես էլ գիտեի, որ վտանգավոր է։

– Պետականամետ քաղաքական ուժը, գործիչը պետք է վեր դասեր անձնական շահը, եթե գիտեր, որ վտանգ կա, պետք է ժողովրդին լուսավորեր կամ գոնե մաս չկազմեր այդ գործընթացին, դուք աջակցեցիք՝ հերիք չէ, հետո էլ հեռացաք, ընդհատակ անցաք ու հայտնվեցիք վերջերս։

– Ինչքան հնարավոր է, լուսավորել ենք, բայց ժողովուրդն ընտրել էր այդ ճանապարհը, եւ մենք էլ, բնականաբար, չէինք կարող այդ ճանապարհից դուրս գալ, դա նշանակում է՝ երկիրը թողնել-գնալ, եւ հետո՝ դա մենակ քաղաքական գործչի խնդիր չէ, կուսակցության որոշումն է եղել եւ իրականացվել է այնքան ժամանակ, քանի մենք տեսնում էինք, որ դա հնարավոր է անել Նիկոլ Փաշինյանի միջոցով, երբ տեսանք, որ դա հնարավոր չէ, թողել-դուրս ենք եկել եւ ամենաառաջինը մենք ենք դուրս եկել, ուրիշ ի՞նչ պետք է անեինք։

– Ձեզ դուրս հանեցին իշխանությունից՝ հոկտեմբերի 2-ին ԱԺ այգում ձեր նախարարներին Փաշինյանն անօրինական հրամանագրերով հեռացրեց աշխատանքից, բայց հետաքրքիր է՝ այն, ինչ կատարվեց այս երեք տարիներին, դուք ձեր մեղքի բաժինը չե՞ք տեսնում, որ Փաշինյանին վարչապետ դարձրիք ու հետո անհետացաք։

– Որքան ժողովուրդն է տեսնում, այնքան էլ մենք ենք տեսնում, իհարկե։

– Ժողովուրդը Փաշինյանի հետ խնդիր չունի, վերջին ընտրությունների արդյունքներն այդ մասին են վկայում՝ 53 տոկոս, բա ինչո՞ւ հիմա ժողովրդի որոշումը չեք հարգում, չեք ընդունում։

– Ոչ, ժողովրդի մի մասը լավ էլ խնդիր ունի, քիչ է, բայց կամաց-կամաց կշատանան։ Նիկոլ Փաշինյանը ժողովրդի անունից խոսելու իրավունք հիմա չունի, դա միանշանակ է։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031