Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հնացած տեխնոլոգիաների և հողի մշակման մեթոդների պատճառով ջրամբարներից եկող ջրի զգալի մասը կորում է. երաշտ՝ ջրառատ երկրում. JamNews

Օգոստոս 05,2021 10:32

JamNews. Պատերազմում կրած պարտությունից, քաղաքական ճգնաժամից և ռեսուրսների ակնհայտ պակասից բացի Հայաստանը ևս մեկ խնդրի է բախվել․ կիսադատարկ ջրամբարներ, դաշտերի ոռոգման ջրի պակաս։ Ժամանակ առ ժամանակ գյուղի բնակիչները փակում են միջպետական ճանապարհները՝ կառավարության ուշադրությունն իրենց խնդրի վրա հրավիրելու համար։ Սակայն իշխանությունն, առանց այդ էլ, գիտի ջրի պակասի մասին։ Բայց խնդիրը լուծելն ու բերքը փրկելը ծայրահեղ բարդ կլինի։

Ջրային կոմիտեն հույս ունի ռեսուրսների մի մասն Արարատյան դաշտ ուղղել, որպեսզի գոնե ինչ-որ կերպ նվազեցնի բերքի հնարավոր կորուստները։ Սակայն հիմնարար լուծումը պահանջում է նվազագույնը մի քանի տարի և տասնյակ միլիոնավոր դոլար։ Հայաստանին նոր ջրամբարներ են պետք։

Կառավարությունն արդեն հայտարարել է 16 մանր ու միջին ջրամբարների կառուցման մասին։ Մյուս տարի պլանավորվում է շահագործման հանձնել Վեդի գյուղի մերձակայքում մի ջրամբար։ Այն պետք է ջրով ապահովի Արարատի մարզի 24 համայնք։ Խոշոր օբյեկտի շինարարությունն ընթանում է արդեն մի քանի տարի։ Սակայն անգամ այս նախագիծը կլուծի մեծ խնդրի փոքր մասը։

Գործող ջրամբարներում ջրի պակասը պայմանավորված է ոչ միայն եղանակային պայմաններով։ Ախուրյանի ջրամբարը Թուրքիայի հետ սահմանին է։ Ջրային կոմիտեի ղեկավարը նշում է, որ հարևան երկիրը սկսել է ավելի շատ ջուր օգտագործել, որը նախկինում լցվում էր ջրամբար։

«Խնդիրը նոր չի առաջացել։ Այն շարունակվում է 15 տարի։ Թուրքիայում տասնյակ նոր ջրամբարներ են կառուցվել։ Եվ դրանք սկսել են գետերից շատ ջուր տանել։ Արդյունքում՝ մենք առանց այդ արժեքավոր ռեսուրսի ենք մնացել։ Այժմ մենք մեր ջրամբարներն ենք կառուցելու։ Հիմնականում՝ մանր ու միջին»։

Ի՞նչը կփրկի իրավիճակը

Պարադոքսալ է, սակայն Հայաստանը տարածաշրջանի ամենահարուստ երկրներից մեկն է համարվում ջրային ռեսուրսների առումով։ Սևանա լիճը նույնպես օգտագործվում է ոռոգման համար։ Սակայն հնացած տեխնոլոգիաների և հողի մշակման մեթոդների պատճառով ջրամբարներից եկող ջրի զգալի մասը կորում է։

Ոռոգման կաթիլային համակարգը կարող էր ելք լինել իրավիճակից։ Հենց այս ուղղությամբ է զարգանալու ողջ ոլորտը։ Ծրագրի մասին արդեն հայտարարվել է։ Սակայն մեծ խնդիր կա։ Կաթիլային մեթոդը չափազանց թանկ է։

Վերջին տարիներին միայն խոշոր տնտեսություններն են կարողացել իրենց թույլ տալ կաթիլային ոռոգում։

Թվերը խոսուն են․ այդպիսի համակարգ այժմ ունի միայն մոտ 100 տնտեսություն, 120 հազարը շարունակում է հողը ոռոգել ավանդական եղանակով։

Սա չի նշանակում, որ կաթիլային համակարգը մշտապես անհասանելի է լինելու նրանց համար, ովքեր ընդամենը մի քանի հեկտար հող ունեն, վստահ են մասնագետները։ Այս գործում կարևոր դեր պետք է խաղա պետությունը։

Ինժեներ Գևորգ Վարդանյանը, որը երկար տարիներ զբաղվում է ոռոգման կաթիլային համակարգերի տեղադրմամբ, պետությանն առաջարկում է յուրաքանչյուր գյուղում ոչ մեծ ջրամբարներ կառուցել․ «Փոքր ջրամբարի տարողունակությունը մոտ 900 խորանարդ մետր է․ դա թույլ է տալիս մեկ-երկու գյուղի հողերի ոռոգում կազմակերպել։ Կարևոր է այդպիսի ջրամբարներ կառուցել բոլոր գյուղերում։ Եվ պոմպերի միջոցով այդ ջուրը հասցնել կոնկրետ հողամասեր»։

Նա կարծում է, որ ջրամբարների շինարարության և հստակ ֆերմերի հողին ջուր հասցնելու ծախսերը պետք է իր վրա վերցնի պետությունը։ Յուրաքանչյուր համայնքի համար դա մոտ 2-3 մլն դոլար կարժենա։ Բացի այդ, մեկ հեկտարի վրա հազար դոլար պետք է ծախսի հենց ֆերմերը՝ ոռոգման կաթիլային համակարգ տեղադրելու համար։

Եթե ֆերմերը վստահ լինի, որ այդպիսով խնդիրը կլուծվի, նա անպայման այդ փողը կծախսի, վստահ է Գևորգ Վարդանյանը։

Արթուր ԽԱՉԱՏՐՅԱՆ, Երևան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031