Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սփյուռքից տասնյակ միլիարդների հասնող նյութատեխնիկական օժանդակություն է ուղարկվել, որոնք սահման չեն հասել ու ճանապարհին յուրացվել են». Ալեքսանդր Կոչուբաև. «Փաստ»

Օգոստոս 05,2021 10:13

Դեռ հուլիսին փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների յուրացման վերաբերյալ:

«Փաստի» հետ զրույցում Ա. Կոչուբաևը գործընթացի վերաբերյալ մի շարք մանրամասներ է հայտնել: Փաստաբանը նշեց, որ հաղորդմանը նախորդել էր գործընթաց, որը Սփյուռքում բավականին ռադիկալ տրամադրություններով էր ընդունվել: «Ինչպես հայտնի է, «Հայաստան» համահայկական հիմնադրամը 54 մլրդ դրամ էր նվիրաբերել ՀՀ կառավարությանը: Ընդ որում, «Մենք ենք, մեր սահմանները» խորագրով դրամահավաքի գումարներն էին ուղղել կառավարությանը, որն առ այսօր չի ներկայացրել որևէ հաշվետվություն, թե այդ գումարներն ինչ ուղղություններով են ծախսել: Ինչ-որ լղոզված, ընդհանրական ձևակերպումներ են բերվում, ասվում է, թե վերանորոգել են ՊՆ շենքը, ԲՏԱ նախարարությանը, վարչապետի աշխատակազմին է գումար փոխանցվել և այլն: Մենք, սակայն, թափանցիկության հետ կապված խնդիրներ էինք տեսել: Հիմնադրամում նաև միջազգային աուդիտ է պատվիրված, ինչը ևս չի հաստատում ծախսումները: Սա էլ ավելի խորացրեց մեր կասկածները, ու մենք գործընթաց սկսեցինք»,-ասաց նա՝ նշելով, որ հանցավորության մասին հաղորդումը մի շարք փաստաիրավական հենքի վրա է խարսխված:

Ոչ թե քրգործ հարուցելն է մերժել, այլ առհասարակ հրաժարվել է նյութեր նախապատրաստել, որևէ ստուգողական գործողություններ իրականացնել՝ պատճառաբանելով, որ հիմնադրամը մասնավոր իրավաբանական անձ է ու ինքնուրույն է որոշումներ կայացնում: Կա՛մ իրավական տգիտության, կա՛մ քաղաքական հակումների հետևանքով դատախազությունն անտեսել է ներկայացված պարզ իրողությունները, որոնք ամրագրված են օրենսդրության մեջ: Ունենք քրգործ հարուցելը մերժելու վերաբերյալ որոշում, որը պետք է բողոքարկենք վերադաս դատախազին ու հետո դիմենք դատարան: Ցավոք, ընթացակարգը ծիծաղելի է: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի որոշումը բողոքարկել ենք Արթուր Դավթյանին, որպեսզի սպառենք այս ընթացակարգը ու դիմենք դատարան՝ փորձելով հասկանալ, թե դատարանում կարո՞ղ ենք հասնել քրգործի հարուցմանը, թե՞ ոչ»,-ասաց նա:

Փաստաբանը չբացառեց հետագայում ՄԻԵԴ դիմելու հնարավորությունը, եթե հայաստանյան դատարաններն արձանագրեն, որ քրգործ հարուցելու առիթ չկա: Միաժամանակ շեշտեց, որ այս պահին արդեն իսկ միջազգային գործընթացներ կան: «Դրանք առկա են ԱՄՆ-ում, քանի որ գումարների առյուծի բաժինն այնտեղից էր: Գործընթացը հանգեցրեց նրան, որ արձագանքներ եղան նաև Եվրոպայից: Մեծ հաշվով, գնալով դժգոհությունը մեծանում է, որին զուգահեռ՝ կառավարությունը հետևողականորեն հաշվետվություն չի ներկայացնում: Կասկածները գնալով ավելի մեծ ծավալների են հասնում, բացի այդ, նոր խնդիրներ են բացահայտվում: Օրինակ՝ փաստահավաք աշխատանքների արդյունքում բացահայտվել է, որ խոսքը միայն 54 մլրդ դրամի մասին չէ: Իրականում Սփյուռքից տասնյակ միլիարդների հասնող նյութատեխնիկական օժանդակություն է ուղարկվել՝ քնապարկեր, դեղորայք, վրաններ, որոնք ևս սահման չեն հասել ու ճանապարհին յուրացվել են»,-ասաց նա:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031