Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իշխանավորները հանկարծ, կարծես թե, հասկացել են փոխադարձ հարգանքի կարևորությունը ու նույնիսկ հարգանք են պահանջում իրենց նկատմամբ. «Փաստ»

Օգոստոս 05,2021 09:30

Երկրի կառավարման ղեկն իր ձեռքը վերցրած քաղաքական ուժը պատասխանատվությունից ու հանրության առաջ հաշվետու լինելուց խուսափելու նոր ձև է գտել։ Նրանք «նրբորեն» առաջ են մղում այն թեզը, թե հունիսի 20-ի ընտրությունների արդյունքում կարողացել են ստանալ ընտրողների մեծամասնության քվեն, հետևաբար չեն կարող ձախողումների ողջ քաղաքական պատասխանատվությունը վերցնել իրենց ուսերին։ Իսկ պատասխանատվությունը ենթադրում է մեղավորության որոշակի տարրերի վերհանում ու համապատասխան իրավական և քաղաքական հետևանքներ։

Սակայն, ավելի պատկերավոր ասած, իշխանությունները փորձում են համոզել, թե քաղաքացիներն իրենց քվեով արդարացրել են իշխանություններին, իսկ «պողպատե մանդատը» դարձել է իշխանական «ալիբին»։ Տրամաբանությունը պարզ է՝ եթե մենք մեղավոր լինեինք, ապա վստահաբար հանրությունը մեզ վստահության քվե չէր տա։ Սակայն, բազմաթիվ ընտրախախտումների հետ մեկտեղ, այլ դրդապատճառներից ելնելով է, որ հանրության մի մասը վստահության քվե է տվել ՔՊ-ին, ինչին քանիցս առիթ ունեցել ենք անդրադառնալու։ Եվ միանշանակ զուտ ընտրությունների պաշտոնական արդյունքները չեն կարող լինել իշխանությունների վերջնական արդարացման վճիռը, ոչ էլ քարտ բլանշ, որպեսզի իշխանությունները երկիրը նոր կապիտուլյացիայի առաջնորդեն կամ ընդդիմադիր գործիչների նկատմամբ քաղաքական հետապնդումների նոր ալիք սկսեն։ Իշխանություններն ընդամենն իրենց ծածկել են «պողպատե մանդատի» ծխածածկույթով՝ խուսափելով նայել իրականության աչքերին։ Հաշվի առնենք, որ հասարակական տրամադրությունները միշտ էլ փոփոխական են եղել, և իշխանությունների ստացած վստահության քվեն կարող է ակնթարթորեն փոխվել անվստահության նոտայի։

Մյուս կողմից էլ՝ բավական տարօրինակ է, որ հանրությանը տարբեր հատվածների բաժանող, թշնամանքի և ատելության բորբոքման լոկոմոտիվ դարձած իշխանավորները հանկարծ, կարծես թե, հասկացել են փոխադարձ հարգանքի կարևորությունը ու նույնիսկ հարգանք են պահանջում իրենց նկատմամբ։ Փոխադարձ հարգանքը լավ բան է, սակայն հարցն այն է, որ առաջին հերթին իրենք հարգանք չունեն ո՛չ ընդդիմության, ո՛չ հասարակության, ո՛չ օրենքների հանդեպ: Մյուս կողմից՝ արդյո՞ք նրանք արժանի են հարգանքի՝ հաշվի առնելով այն բոլոր փորձանքները, որ իրենք բերել ու շարունակում են բերել մեր երկրի գլխին: Առավել ևս, որ այսքանից հետո իշխանական պատգամավորներից ոմանք համարձակվում են խորհրդարանի բարձր ամբիոնից ընդդիմության հետ սպառնալիքների լեզվով խոսել ու հոխորտալ։ Թերևս սա է ՔՊ-ականների պատկերացրած կառուցողական մթնոլորտը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031