Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Չնմանվել իշխանություններին

Օգոստոս 05,2021 10:00

Այն, որ Ազգային ժողովում կրքեր են եռում, նորմալ է. իհարկե, ավելի լավ է չբղավել կամ իրար չվիրավորել, բայց դրա մեջ էլ ոչ մի արտառոց բան չկա՝ ոչ մեր, ոչ էլ աշխարհի որեւէ այլ խորհրդարանի պրակտիկայում: Իշխանավորների կեցվածքի մեջ նույնպես որեւէ արտասովոր բան չկա. կոմունիստների, ՀՀՇ-ականների (իշխանության 3-րդ տարուց սկսած), ՀՀԿ-ականների նման, նրանք փքված են, ինքնագոհ, քննադատության եւ իրենց մատչելիության համար ամեն կողմից արգելքներ  դնող:

Հատկանշական է, որ ԱԺ նորընտիր նախագահ Ալեն Սիմոնյանի, ըստ էության, առաջին որոշումն այն մասին է, որ լրագրողները չկարողանան հեշտությամբ մոտենալ պատգամավորներին: Հեղափոխական իդեալիստներից նրանք երեք տարում վերածվեցին ձանձրալի բյուրոկրատների՝ իրենց հարմարավետության եւ բարեկեցության մասին հոգացող, օլիգարխիայի հետ սերտ կապերի մեջ մտնող:

Կարծում եմ՝ պատերազմում նվաստացուցիչ պարտությունից հետո այս իշխանությունն իրավունք չուներ մնալու՝ վարչապետի գլխավորությամբ, նրանք պետք է վերանային քաղաքական ասպարեզից: Բայց իմ կարծիքն այստեղ որոշիչ նշանակություն չունի, կարեւոր է ընտրություններին մասնակցող քաղաքացիների մեծամասնության կարծիքը, իսկ այդ մեծամասնությունն ինձ հետ համաձայն չէ: Ընտրությունները ցույց տվեցին, որ այդ մեծամասնությունը պատրաստ է փողոց դուրս գալ՝ երթուղային տաքսիներին հավելյալ 50 դրամ չտալու համար, բայց չի ցանկանում ընդվզել ազգային աղետի դեպքում: Մեծամասնության կարծիքի հետ կարելի է համաձայն չլինել, բայց այն որոշիչ է:

Իմ համոզմամբ՝ դա պետք է լինի խորհրդարանական ընդդիմության գործունեության մեկնակետը: Երբ նրանք ասում են՝ «մենք չենք եկել այստեղ ձեզ հետ հարցեր քննարկելու», դա ինձ բավականին տարօրինակ է թվում: Եթե քաղաքական ուժը մասնակցում է խորհրդարանական ընտրություններին, ուրեմն ընդունելի է համարում քաղաքական պայքարի խորհրդարանական ձեւերը: Տեսականորեն կարող է լինել այնպիսի կուսակցություն (ենթադրենք, ծայրահեղ անարխիստական), որը նման ձեւերը մերժում է, բայց Հայաստանում այդպիսի կուսակցություններ, կարծես թե, չկան՝ նույնիսկ նախկինում զինված ջոկատներն էին ընտրություններին մասնակցում:

Եթե եկել-հասել ես խորհրդարան, ապա կա երկու ճանապարհ՝ կա՛մ իշխանության հետ հարցեր ես քննարկում (իհարկե, խստորեն քննադատելով), կա՛մ մանդատը վայր ես դնում: Կա նաեւ իշխանություններից տարբերվելու խնդիրը: Հեղափոխությունից առաջ եւ հետագա երեք տարիներին Փաշինյանի եւ նրա թիմի հիմնական գործն էր «յուղ» լցնել իրենց կողմնակիցների չարացած սրտերի վրա: Հիմա ընդդիմությունը խորհրդարանում «թուրք», «դավաճան», «լրտես» պիտակներով ճիշտ նույն ձեւով հովացնում է ի՛ր (ավելի փոքրաթիվ) կողմնակիցների սրտերը: Դա փակուղային ճանապարհ է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Ետպատերազմյան Հայաստանում, որքան էլ տարօրինակ է, «ընտրողները» ԱԺ մանդատները հիմնականում վստահեցին երկիրը պարտության մատնած իշխանությանը և որոշ չափով էլ նախկիններին, որոնց իշխանության երկար ու ձիգ տարիների ընթացքում մեր բանակը ադրբեջանականի համեմատ սպառազինվում էր մի քանի անգամ քիչ և այն էլ՝ հին սերնդի զինատեսակներով: Մեր պարտության հետ առնչություն չունեցող որևէ քաղաքական ուժի , որքան էլ տարօրինակ է, «ընտրողները» մանդատ չվստահեցին: Այսպիսի խորհրդարանական ներկապնակը ձեռնտու է նախ՝ ՔՊ-ին, ինչպես նաև՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին, որոնք բոլորն էլ ԱԺ-ում թատերական փոթորիկներ ցուցադրելու հեշտ սցենարներ կունենան և այդ փոթորիկների ծխածածկույթի տակ նրանք կփորձեն վավերացնել մեր ժողովրդի համար ցավոտ պայմանագրեր, ցավոտ սահմանանշումներ ու սահմանազատումներ, ցավոտ միջանցքների տրամադրում և եռակողմ համաձայնագրից բխող մեզ վնասակար այլ քայլեր: Քանի որ ՔՊ-ն, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները եռակողմ համաձայնագիրն ընդունող քաղաքական ուժեր են և իրենց քաղաքական որոշումներն ընդունում են Ռուսաստանի աչք-ունքին նայելով, ապա նրանք «դուխով» կլինեն ընդամենը իշխանություն-ընդդիմություն լեզվակռվի ժամանակ, բայց ոչ երբեք՝ մեր երկրի համար բախտորոշ որոշումներ ընդունելիս:

  2. garo says:

    Պարզա, որ ԱԺ ն ձևական, օրենք դակող կառույցա: Պետք չի ընդեղի քննարկումները էդքան ծանր տանել:
    Երկրի համար խնդիր պիտի լուծի գործադիրը: Գործադիրը ամսից ավել ընտրվելա, ու մինչև հիմա ԱԳՆ չի գտել: ԱՄՆ ում դեսպան նշանակվումա ինչ որ դիլետանտ:
    Մենակ էդքանը արդեն ցույցա տալիս, թե ինչ ողբալի վիճակումա իշխանությունը: Ոչ մի լուրջ մասնագետ չի ուզում համագործակցի անլուրջ մարդկանց հետ:

  3. Հ.Շ. says:

    Ես էլ համակերպած եմ ամէն հակառակ կարծիքի (իսկապէս, նոյնքան չեմ ալ ազդւում այլեւս). սակայն տարօրինակ կը համարեմ տարրական իրականութիւնները հակասող որոշ – մինչդեռ դաստիարակչական – հաստատումներ…:

    . « Փաշինյանի եւ նրա թիմի հիմնական գործն էր «յուղ» լցնել իրենց կողմնակիցների չարացած սրտերի վրա: »

    Եւ դա, «փակուղային ճանապա՞րհ» հանդիսացաւ…

    . Մէյ մըն ալ, յիշենք նրանց – պատգամաւորական – ելոյթներն ու վարքագիծը, երբ որ իրենք ընդդիմութիւն էին…

    Մինչ, էն վախտ, Արցախ ունէինք:
    Թուրք զօրքերը չէին ներխուժած Հայաստան:

    . «փակուղին», քաղաքական առումով չէ՞…

    Հա, բայց, քաղաքական գործիչներու համար, որեւէ երկրում, չկայ ուրիշ ճանապարհ: Իշխանութեան տիրանալն է՝ նրանց միմիակ ուղին, երկրին ծառայելու համար:

    . Մնացորդած Հայաստանի դիմադրող ուժերուն համար, սխալը, ծուղակը՝ ընտրութիւններուն մասնակցիլը եղաւ:

    Ու այդտեղ եւս, եւ անգամ մը եւս, շատ արդիւնաւէտ եղաւ «կողմնակիցների չարացած սրտերի վրա «յուղ» լցնել»ու հմուտ մարտավարութիւնը:

    Հայաստանի մէջ, փաստօրէն, ուրիշ ճար չկայ՝ իշխանութեան տիրանալու համար:

  4. Հ.Շ. says:

    իսկ այդ՝ «աշխարհի որեւէ այլ երկրում, նոյնպէս է» հերթական դիտարկումի կապակցութեամբ, որ այս մասնայատուկ պարագային բանաձեւուած է՝ «աշխարհի որեւէ այլ խորհրդարանի պրակտիկայում» հաստատումով, կարո՞ղ էք նշել թէ , «որեւէ այլ երկրում»-ը դեռ մէկդի դրած, քանի՞ հատ երկիր կայ աշխարհի մէջ, ուր, խորհրդարանի ընտրուած երկու անդամներ՝ բանտում նստած են. այդ ալ՝ որպէս նախապատրաստական կալանք. եւ եթէ թերեւս կան, ի՞նչ տիպի «երկիր»ների մասին է, խօսքը…

    աննորմալը՝ ջանացէք «normalize» ընել, որքան որ կ’ուզէք – հասկնալի է, երբ որ այդտեղ էք ապրում… – բայց այդ՝ «աշխարհի ո՛րեւէ…» ինքնամխիթարական հնարքը, թերեւս մի քիչ աւելի խնայողութեամբ պէտք է գործածել, որպէսզի գոնէ երբեմն, ի զօրու լինի

  5. Ջորդանո Գալիլյան says:

    Ընդդիմությունն եկել է ԱԺ ոչ թե ազգադավ «իշխանությունների» հետ հարցեր քննարկելու, այլ նրանց դավաճանական էությունը բացահայտելու ու հայկական հողերի հետագա հանձնումը կանխելու համար: «Իշխանություններին» չնմանվելու ամենաճիշտ ձեւը թերեւս սա է, այլապես ոչ մի տարբերություն չի լինի այսօրվա ընդդիմության եւ նիկոլչիբեյի լուսավոր-բարգավաճ հաճախորդների միջեւ: Իհարկե՝ ընդդիմությունը գիտեր, որ պատերազմ կեղծողը ընտրություն էլ կկեղծի, եւ հետեւաբար ավելի ճիշտ կլիներ ընդհանրապես չգնալ ընտրությունների ու ամբաստանյալի հարցը լուծել մեկ այլ ձեւով, բայց դե, մյուս կողմից, չի կարելի անտեսել եւ պողոսացված բիոզանգվածի գոյությունը…

    • Հ.Շ. says:

      այդ «մեկ այլ ձեւով»ը, նիւթէ դուրս է

      փաշինյանիզմը պէտք է որ կասեցուէր, առաջ որ կազմուի եւ հաստատուի,
      այսինքն, ամենաո՛ւշը՝ Մայիս 2018-ին,
      պետական ուժի համաչափ, օրինաւոր կիրառումով

      ամէն բան յստակ էր, 2008-էն ի վեր արդէն,
      իսկ 2018-ի գարնան, դարձաւ աւելի քան յստակ
      նախնական վտանգը, դարձաւ այդ պահին
      ՝ clear and present danger, պետական էական ըմբռնողութեամբ

      ուրեմն դա, ՀՀԿ վարչակարգի գործն էր,
      նրանց բացառեալ պարտականութիւնն էր

      բայց Սերժ Սարգսյանը եւ յուրայինները, զլացան,
      ահաւոր կերպով թերացան այդ ուղղութեամբ
      տկար, թոյլ, վախկոտ եւ անկարող հանդիսացան

      իսկ հիմա, այդ պատճառով, իրենց օրինական թերացումին պատճառով,
      ոեւէ ուրի՞շը, պիտի նրանց արտադրած կեղտը մաքրէ,
      «մեկ այլ ձեւով՞»…

      Պարոն Սարգսյանը չուզեց «վատ պատկեր» ունենալ,
      պարզապէս՝ իր պետական տարրական պատասխանատւութիւնները ստանձնելով,
      Օրէնքը կիրառելով, օրինաւոր ուժ գործադրելով,
      ու հետեւաբար, հիմա ուրիշներ պիտի ոճի՞ր գործեն…
      Հայաստանի Հանրապետութեան վարչապետին դէմ, ահաբեկչութի՞ւն պիտի կատարեն

      ոչ
      ոչ, ոչ, ոչ եւ ոչ

      Սարգսյանը թող ապրի իր թերացմեն աղէտալի հետեւանքները,
      ապա յաւերժապէս նրանց խարանը, իր այդ նեղ ճակատին վրայ,
      Պատմութեան մէջ

      եւ նոյնպէս, Փաշինյանն ալ ո՜ղջ ու առողջ թող մնայ,
      որպէսզի ինք ալ լիոովին դիմագրաւէ իր գործած մեղքերուն անասելի հետեւանքները,
      ինքն ալ իր կարգին, իր արտադրած ծայրագոյն Աղէտով թող զբաղուի հիմա, պօյը տեսնանք…
      յետոյ ինք ալ այդպէս, թող անցնի՝ Պատմութեան

      Քոչարյանը, ետ թող վերադառնայ հանգստյան, իր թոռնիկները վայելէ,
      կեանքը շատ կարճ բան է

      իսկ ՀՅԴաշնակցութիւնն ալ, թող 80%ով չեղարկէ իր գործունէութիւնը Հայաստանի մէջ
      նրա սխալը եղաւ արդէն այդ չափով կառոյց ստեղծելն ու այդքան միջոցներ տրամադրելը, այդտեղ, փաստօրէն պարապ տեղը

      Փաշինյանն ալ, ասկէ ետք գնա ու ու «հասկցուի»՝
      մնացեալ այդ բոլոր եւ բիւրաւոր քաղաքական խմբակներուն հետ…

      մէյ մը որ Քոչարյանը եւ ՀՅԴ-ն դուրս ելլեն դաշտէն,
      շատ հետաքրքրական կը դառնայ՝ դիտելը

      նոյնիսկ, հաճելի

      • Ջորդանո Գալիլյան says:

        Հարգելի Հայդուկ, իհարկե, ես համաձայն եմ ձեզ հետ. ՍՍ-ը իրոք վախկոտ էր ու անողնաշար, իրոք աններելի մեղք է գործել՝ բաց թողնելով նիկոլիզմի վիրուսը չպատվաստված պոպուլյացիայի մեջ: Բայց չէ որ մենք չենք կարող հետ գնալ 2018 կամ 2008 ու ինչ-որ բան ուղղել. ինչ եղել է՝ եղել է, եւ պետք է մտածել միայն ներկայիս վիճակից դուրս գալու մասին: Եթե այժմ ամեն ինչ թողնվի ՍՍ-ի գաղջ ուսերին ու ամբաստանյալի դուխով սմբակներին, դեռ մի բան էլ դաշնակներն ու Քոչարյանը դուրս գան դաշտից, ապա դա միայն կարագացնի մոտալուտ աղետը: Միգուցե դա կլինի արդարացի եւ նոյնիսկ հետաքրքիր թուրքական վիլայեթների հետազոտության համար, անխելք ու զառամյալ ժողովուրդների վախճանը արձանագրելու համար, բայց հաճելի ժամանց չի լինի հաստատ…

        • Հ.Շ. says:

          «մոտալուտ աղետը»…

          մօտալո՞ւտ…

          ջանս, ինծի – եւ իմ նմանների – համար, Աղէտը արդէն եղած է՜, վերջացած է,
          եւ ամբողջական է

          իսկապէս ու անկեղծօրէն

          կը հասկնամ այն տեսակէտը որ՝ մնացա՛ծն ալ չկորսնցնենք!

          բայց, ինծի համար – որ այդտեղ չեմ ապրիր – ,
          մնացածը՝ որեւէ արժէք, նշանակութիւն եւ իմաստ չունի,
          եւ վստահ եմ որ լաւ գիտես թէ շատեր կան, որ նոյնպէս կը զգան ու կը մտածեն

          մէկ քայլ անդին (pun intended), եւ՝ այդ անիմաստ ու խղճալի մնացորդն ալ թող կորսուի, երթայ…
          աւելի լաւ… լրի՛ւ կ’ազատինք…նորէն անիմաստ յոյսերով, պատրանքներով, մենք զմեզ չենք խաբեր

  6. Լավատես says:

    Ինչպես այսօր մի ձիաուժանոց ձիերին ու կառապաններին փոխարինել են տասնյակ եւ հարյուրավոր ձիաուժանոց տաքսիներն ու տաքսու վարորդները, այնպես էլ վաղը շատ ոլորտներում մի մարդաուժանոց մարդկանց կփոխարինեն արհեստական բանականությամբ տասնյակ եւ հարյուրավոր մարդաուժանոց ռոբոտները, որոնք դուրս կմղեն մարդուն ոչստեղծագործ ոչարարող բնագավառներից եւ կմնան միայն այն ազգերը, որոնք արարչագործության ու Արարչի հրաշքների ազգային մշակույթ կունենան, երբ երեխան ծնված օրվանից մեծերի հսկողության տակ անընդմեջ բնական փորձությունների միջով է անցնում ու հաղթահարում ու հաղթում դրանք: Ռոբոտների ամենամրցունակ մրցակիցը մարդու արարող տեսակն է, իսկ չարարող տեսակին ձրի կկերակրեն համով գմո կերակուրներով, ձրի փողեր ու հաճույքներ կնվիրեն եւ մի քանի սերնդից հետո այդ ձրիակեր տեսակը, որը մարդկության գերակշիռ մասը կկազմի, ոչ մի մրցակցության չի դիմանա եւ բնական ճանապարհով կկորցնի իր արարելու ու բեղմնավորվելու հատկությունը եւ կվերանա եւ կմնան միայն ստեղծագործ ազգերն ու նրանց ստեղծած նրանց մրցակից ռոբոտները: Ձրիակերությունը լյումպենի համար մեծ փորձություն է եւ միայն ծնված օրվանից ազնվականի դաստիարակություն ստացած երեխան եւ մեծահասակներն են ընդունակ իրենց պատվից ցածր համարել ձրիակերությունը:
    Ազգովին նվիրվենք արհեստական բանականությամբ զենքի եւ մնացած բոլոր բնագավառներում հնարավորինս մեզ մրցակից ռոբոտների ստեղծման արարչագործությանը’ այն իրականություն դարձնելով, սրանով միայն կարող ենք հարատեւել որպես ազգ տեսակ հազարամյակներում:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031